ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր տիկնոջ՝ Մարիամի հետ եկել էր դիտելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի տղամարդկանց բասկետբոլի եզրափակիչ խաղը:
Մինչեւ հանդիպումը կսկսվեր, Aravot.am-ը զրուցեց նրա հետ:
– Հետեւո՞ւմ էիք Համահայկական խաղերի ընթացքին:
-Ընթացքին հետեւել եմ այն չափով, որ չափով թույլ է տվել աշխատանքային գրաֆիկս: Պարոն Իշխան Զաքարյանի հետ պարբերաբար հանդիպել ենք ավելի շատ՝ կազմակերպչական հարցեր քննարկելու եւ լուծումներ տալու:
Կարդացեք նաև
-Եվ ի՞նչ խնդիրներ եք քննարկել:
– Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ որոշակի փոփոխություններ կնախատեսվեն, մասնավորապես, սիրողականից դեպի պրոֆեսիոնալ անցում կատարելու ուղղությամբ:
-Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերից ո՞րն է ձեզ ավելի սրտամոտ:
– Ես ֆուտբոլի եւ թենիսի սիրահար եմ, բայց բասկետբոլ նույնպես շատ եմ սիրում:
-Ժամանակին սպորտով երբեւէ զբաղվե՞լ եք:
-Ութ տարի մարզվել եմ թենիսով:
-Խոսեցիք սիրողականից պրոֆեսիոնալի անցնելու մասին: Մի փոքր կմանրամասնե՞ք: Նկատի ունեք ընդհանրապես Խաղերի ծրագրի շրջանակներո՞ւմ, թե՞ խոսքը այլ ձեւաչափի մասին է:
-Պետք է հասկանալ տարբեր մարզաձեւերում պրոֆեսիոնալների ներուժը Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում: Պետք է հասկանալ, թե այդ ներուժը բավարա՞ր է պրոֆեսիոնալ մակարդակի մրցումներ կազմակերպելու համար: Երբ վերջնական պատկերացում կազմվի, հնարավոր է մի քանի մարզաձեւերից կազմակերպել պրոֆեսիոնալ մրցաշար, մյուսները առայժմ թողնել սիրողական մակարդակում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ