Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի հարցը պետք է լուծվի հանրաքվեով». Պապյանը հիշեցնում է վարչապետի խոստումը հանրաքվեի ինստիտուտի մասին

Օգոստոս 17,2019 20:29

2018 թ.-ի այս օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաք, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարեւորել էր նաեւ հանրաքվեի ինստիտուտը: Նա ասել էր. «Հանրապետության հրապարակը հռչակվում է ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին եւ կարեւոր որոշումներ կայացնելիս պետք է հավաքվենք հրապարակում եւ լիազորենք կառավարությանը: Շատ որոշումներ պետք է կայացվեն հանրաքվեով»:

«Կարծես թե՝ Ամուլսարի խնդիրն ամենասուր հարցն է այս մեկ տարում: Տեղային խնդիր էր Իջեւանի դեպքը, որի պարագայում անտառահատումը, միանշանակ, պետք է արգելվի: Իսկ Ամուլսարի պարագայում լուրջ մտահոգություններ կան, որ հանքի շահագործումը կազդի ստորգետնյա ջրերի վրա, ինչն էլ կազդի Սեւանի վրա, իսկ Հայաստանն առանց Սեւանի գոյություն չունի: Այս հարցն անպայման պետք է որոշվի հանրաքվեի միջոցով՝ կողմերին հնարավորություն տալով ազատորեն արտահայտվել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց քաղաքագետ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:

Նա նշեց, որ ժողովրդի շրջանում հարցումներ անելով էլ է  հնարավոր վարչապետի մատնանշած ինստիտուտը կիրառել. «Որպես ուղիղ ժողովրդավարության լայն կիրառման ձեւ Շվեյցարիան էր հիշատակվում, բայց Կանադայից էլ օրինակ բերեմ: Մեր փողոցը վերջանում էր Օտտավայի հայտնի ջրանցքով, որտեղ քաղաքային իշխանությունը որոշել էր կամուրջ կառուցել, ինչի հետեւանքով փողոցի երթեւեկությունը եւ աղմուկն ավելանալու էին: Դա ազդելու էր նաեւ տան գների վրա: Քաղաքային իշխանությունը բոլոր նրանց, ում վրա այդ փոփոխությունն ազդելու էր, հարցաթերթիկներ ուղարկեց: Ժողովուրդը դեմ հանդես եկավ, կամուրջը չկառուցվեց: Եկան միջանկյալ տարբերակի՝ հետիոտնային կամուրջ կառուցվեց, որը չէր ավելացնում աղմուկը»:

Մեր զրուցակիցը փաստեց՝ այո՛, վարչապետը խոստացել է, որ կարեւոր հարցերը որոշվելու են հանրաքվեով, իսկ դա այսօրվա տեխնոլոգիաների դարում կարելի է կիրառել էլեկտրոնային հարցումների տեսքով. «Ամուլսարի հարցը չափազանց մեծ խնդիր է, եւ կառավարությունն իրավունք չունի առանց ժողովրդին հարցնելու՝ որոշումներ կայացնել, քանի որ այդ գործընթացում խիստ կասկածելի եւ ոչ հստակ դրվագներ կան»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031