Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 25-ին նշվելու է Գյումրու տոնը, որին մասնակցելու են ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները, այլ հյուրեր Չինաստանի Սիան քաղաքից, պատվիրակություն ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Գյումրու օրվա տոնական համերգին հրավիրված է երգելու նաև վաստակավոր արտիստ Նունե Եսայանը։ Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք քննադատություն էին հնչեցրել այս առիթով՝ խոստանալով բոյկոտել նրա ելույթը։ Նրանք պնդում են, որ երգչուհին մարտի մեկի դեպքերի ժամանակ ասել է․ «Մարտի 1-ի զոհերը իրենք են մեղավոր, որ զոհվել են, թող չգնային հանրահավաքի, չէին զոհվի»:
Լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե երգիչների ցանկը ինչպե՞ս է ընտրվել՝ բնականաբար հիշեցնելով, որ համացանցում քննարկվում է Նունե Եսայանի մասնակցության հարցը։ Երգչուհուն, ըստ որոշ տեղեկությունների, մեկ միլիոն դրամ է հատկացվելու։
Գյումրու քաղաքապետն ասաց․ «Քաղաքապետարանի մշակույթի բաժինը ինձ ներկայացրեց տարբեր երգիչների անուններ, ցանկություն էր հայտնել մասնակցություն ունենալու նաև Նունե Եսայանը։ Այն գումարը, որը պիտի իրեն հատկացնենք, շատ մեծ գումար չէ․ 950 հազար դրամի կարգի է, ոչ թե 1 միլիոն, ինքը ուզում է տրամադրել երաժշտական գործիքներ գնելու համար։ Երգչուհին հենց այդ օրը նվիրելու է թիվ 1 երաժշտական դպրոցին։ Իհարկե, շատ շնորհակալ ենք, բարեգործական համերգ է ստացվում։
Իվետա Մուկուչյանին էլ վճարելու են Զաքարյանները, շնորհակալ ենք, որ կա այնպիսի կազմակերպություն, որը քաղաքին սկսեց օգնել, սա ևս կարևոր քայլ է։ Մեր տեղական խմբերը ևս ելույթ են ունենալու, բոլորը պետք է մասնակցեն, որպեսզի դժգոհություն չլինի, թե Երևանից եկան, ելույթ ունեցան, իրենք՝ ոչ»։
Կարդացեք նաև
Նշենք, որ Նունե Եսայանը Factor.am-ի հետ զրույցում արձագանքել է բարձրացված աղմուկին՝ նշելով, որ մարտի մեկի հետ կապված իրեն զրպարտել են ու շարունակում են զրպարտել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ