«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Ծաղկաձորում մասնակցում էր «Իմ քայլը հանուն Կոտայքի» տնտեսական համաժողովին:
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե տեղեկություններ կան, որ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը բաժանվել է երկու մասի, տարբեր տեսակետներ, կարծիքներ կան՝ դեմ եւ կողմ, ի՞նչ կարծիք ունի Սասուն Միքայելյանը, նա պատասխանեց, որ քննարկման ժամանակ կերեւա. «Իմ կարծիքը կհայտնեմ քննարկման ժամանակ»:
Հարցին էլ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած խնդիրները լուծվեցի՞ն, պարոն Միքայելյանը պատասխանեց, որ ինքը Հայաստանում ոչ ոքի հետ խնդիր չունի. «Ով էլ այդ խնդիրն ունի, իր խնդիրն է»:
Դիտարկմանը, թե չեք համագործակցում, ասաց․ «Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ի՞նչ համագործակցել, առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ»:
Հարցին, թե այսօր իշխանությանը շատ են քննադատում, որ շոշափելի արդյունքներ չկան, ի պատասխան պարոն Միքայելյանն ասաց. «Անցումային ժամանակաշրջան է, շոշափելի արդյունքներն ընթացքում կերեւան»:
Մարտի 1-ին Արցախից Հայաստան զորք բերելու եւ գեներալ Սամվել Կարապետյանի ցուցմունքների մասին հարցին էլ Սասուն Միքայելյանն ասաց, որ այդքան քաջատեղյակ չէ, բացի այդ, չի կարող կարծիք հայտնել, քանի որ քննություն է ընթանում:
Կարդացեք նաև
Հարցին՝ Օգանովսկուց սպասո՞ւմ էիք, որ կրակ արձակելու հրաման կտա, պարոն Միքայելյանը պատասխանեց՝ ես չեմ կարծում՝ պատերազմ անցած գեներալը նման հրահանգ տա. «Ժամանակը ցույց կտա, որպես պատերազմ անցած մարդ՝ նա թուլ չէր տա նման հրաման տար: Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա հայ ժողովրդի վրա կրակելու, որն իր կյանքը դրել է մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար: Քննություն է ընթանում, ես գուշակ չեմ ձեր համար»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ