Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատական համակարգն այժմ ոչնչից իրեն կախված չի զգում, բացի նախորդ ռեժիմից». իրավապաշտպան

Օգոստոս 17,2019 14:54

2018թ.-ի այս օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաք, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատական համակարգին, հայտարարեց՝ «չպետք է տրվենք դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը: Ես հրաժարվել եմ հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից»: «Չունեմ լուրջ հիմքեր կասկածելու, որ գործադիրն ունի միջամտություն կամ տոտալ վերահսկողության հնարավորություն դատական համակարգում: Բացառություն է ԱԱԾ ղեկավար-վարչապետ-ՀՔԾ պետ հեռախոսազանգերի ձայնագրությունը, որը, միաժամանակ, կասկածելի էր, որովհետեւ չէր հրապարակվել ամբողջությամբ, ուստի վստահելի աղբյուր չէ, թեեւ անհանգստացնող է: Չգիտենք՝ որքանո՞վ է այն մոնտաժված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Նրա խոսքով՝ այս մեկ տարում դատական համակարգի գործերին միջամտելու մասին որեւէ այլ խոսակցության եւ փաստերի ինքը չի հանդիպել. «Եթե ունենայի նման տեղեկատվություն, առաջին քննադատներից մեկը ես կլինեի: Մեր դատական համակարգը հիմա արդեն անկախ է ոչ միայն գործադիրի ճնշումներից եւ հրահանգավորումից, այլեւ ամեն ինչից: Ոչնչից իրեն կախված չի զգում, բացի նախորդ ռեժիմից, որի պատվերները, վստահ եմ, շարունակվում են կատարվել: Դա հնարավոր չի չտեսնել, հատկապես առանձին աղմկահարույց գործերի պարագայում: Մարդիկ, որոնք առնչվում են դատական համակարգի հետ, ամենօրյա ռեժիմով բախվում են անարդարության հետ: Դա սաբոտաժ է, որի մասին դեռ մեկ տարի առաջ էի զգուշացնում: Լինելու էր այդ սաբոտաժը, որովհետեւ դատական համակարգն այն վերջին բաստիոնն է, որը նախորդ իշխանությունը կյանքի գնով փորձելու է պահել: Այդպես էլ կա»:

Նինա Կարապետյանցը մատնանշեց՝ պատահական չէր այն հանգամանքը, որ ԱԱԾ-ից Մարտի 1-ի գործով որոշ փաստաթղթեր էին կորել. «Մենք չգիտենք, թե դեռ որքան փաստաթղթեր են կորել, որոնց մասին տեղյակ չենք: Համոզված եմ, որ նախկինում ոչ պաշտոնապես հավաքագրվել են տեղեկություններ քննիչների, դատախազների, դատավորների մասին: Դա ԱԱԾ-ի աշխատաոճն է: «Պետքական» մարդկանց վրա հավաքվում էին կոմպրոմատներ եւ օգտագործվում, երբ անհրաժեշտությունը կար: Ասվեց միայն Մարտի 1-ի գործով որոշ փաստաթղթերի չլինելու մասին, բայց մնացածի չլինելու մասին մենք չէինք էլ կարող իմանալ: Վստահ եմ, որ դրանք եղել են, որ նախորդ հանցավոր ռեժիմն իր ձեռքի տակ ունի այն կոմպրոմատները, որոնցով շանտաժ է անում եւ ստիպում կատարել իր համար ցանկալի գործողություններ: Դատական համակարգը եւ քննչական մարմինները կատարում են այն, ինչ իրենց հրահանգվում է, որովհետեւ շատ գործողություններ տրամաբանական բացատրություն չունեն: Օրինակ՝ ինձ համար հասկանալի չէ, թե դատավոր Դավիթ Գրիգորյանին ինչպես կարելի է «թղթեր կեղծելու» համար մեղադրանք առաջադրել, երբ այդ պարագայում շատ այլ միջոցներ կարող էին լինել: Կամ քննչական եւ դատախազության համակարգից ինչո՞ւ է մինչ օրս Մարտի 1-ի գործով միայն Վահագն Հարությունյանին է մեղադրանք առաջադրվել: Բա այդ գործով դատախազ, դատավոր կամ գլխավոր դատախազ չի եղե՞լ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gagik says:

    Էս կինը սովորական նիկոլականա որ թաքնվումա իրավապաշտպանի անվան տակ, իբր չեզոքա։
    Իսկ ապացույց կա որ ԱԱԾ ից ընդանրապես ինչ որ փաստաթղթեր կորել են, հետո հայտնաբերվեցին՞։
    Ովա ասել որ Նիկոլի ու իր ԱԱԾ ի ասածը պետքա հալած յուղի տեղ ընդունել։
    Հիմքեր կա կասկածելու, թեկուզ էնքանով, որ էտ փաստաթղթերի իբր կորելու հետ կապված գործ չի հարուցվել, ամիսներով ձեն ձուն չկար մեկել թղթերը “գտնվեցին” հենց էն պահին երբ մարտի 1-ի գործով եղավ լուրջ ձախողում։
    Իբր թե բացահայտված մարտի 1-ի առաջին սպանությունը պարզվեց որ հեչել չի բացահայտվել։
    BBC ու տեղական դրսից ֆինանսավորվող ԶԼՄ -ների կողմից մարտի 1 -ի ցուցմունքները տպել, էտ ձախողման ի պատասխան սկսված ՀՔԾ/ԱԱԾ հակագրոհնա։

  2. Կարինե says:

    Gagik

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/17/1060946/?utm_source=dlvr.it&utm_medium=twitter#respond

    Gagik-ին անվերապահորեն հավատացինք: 🤗Ավելի`քան Օգանովսկուն,որը, իր Օգանովսկու, կողնից մի քանի անգամ հաստատվել է: Ու պետք չի “կանալները” փոխել, թե բա ումից է BBC-ին այս ամենը իմացել: BBC-ի ասածը 90%-ով հենց Օգանովսկու ցուցմոնքներն են որ կան: Սա է հիմնականը, մնացածը `ով տվեց, որտեղից իմացան `աճպարարություններ են` հիմնականից ուշադրություն շեղելու համար: Մեր բերանը խոտ է 🌱☘️🎋🍂🤭

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031