«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի հայաստանյան համակարգող Սեւակ Հովհաննիսյանի տեսլականը Կոտայքի մարզի համար այլ է: Այսօր այս մասին հայտարարեց պարոն Հովհաննիսյանը՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի» տնտեսական համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Ծաղկաձորում:
Սեւակ Հովհաննիսյանի պատկերացմամբ, Կոտայքի մարզը պետք է լինի Հայաստանի արդյունաբերական կենտրոնը:
Նրա խոսքով, խորհրդային ժամանակաշրջանում եղել է որպես արդյունաբերական կենտրոն. «Մեր կարեւոր արժեքներից մեկն է ոչ թե Կոտայքում հողերի կամ տուրիզմի զարգացման հնարավորությունները այլ՝ արդյունաբերական ենթակառուցվածքները, որոնք դեռեւս պահպանվել են, այն մշակույթը, որը, թերեւս կարելի է վերակենդանացնել: Կոտայքի մարզը տեսնում եմ, որպես ռազմարդյունաբերության, արդյունաբերության կենտրոն Հայաստանի համար»:
Պարոն Հովհաննիսյանի կարծիքով, իրականում, Հայաստանն այնքան էլ աչքի չի ընկնում բազմազանությամբ՝ ներդրումային խթանների տեսանկյունից եւ նաեւ աշխարհագրական դիրքը ներդրումների տեսանկյունից խնդրահարույց է. «Բայց, կարծում եմ, այստեղ շատ կարեւոր են, ոչ միայն խթանները, այլեւ՝ համագործակցությունը: Ընդհանրապես տնտեսական զարգացումները, ներդրումները արդյունք են բավականին բարդ համագործակցության, որտեղ շատ կարեւոր դեր ունեն ներդրողները, համայնքները, բնակչությունը եւ պետությունը եւ այդ բոլոր կողմերի համատեղ ջանքերի արդյունքում է դառնում տվյալ տարածքը ներդրումային գրավիչ»:
Նա խնդիրներ թվարկեց, որոնք խոչընդոտում են համայնքների զարգացմանը. «Երբ Հայաստանում համայնքում խոսում ենք տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ ասում են՝ բիզնեսի զարգացումը մեզ համար ծախս է, այսինքն՝ համայնքը հետաքրքրված չէ իր համայնքում բիզնեսի զարգացմամբ: Երբ համեմատում ենք եվրոպական այլ համայնքների հետ, այնտեղ համայնքը հետաքրքրված է, որովհետեւ կան տեղական հարկեր, մասհանումներ հարկերի տեսքով համայնքային բյուջե եւ համայնքներն այնտեղ ակտիվորեն մրցակցում են ներդրումներ ներգրավելու համար: Սա մի կարեւոր խնդիր է, որը պետք է լուծվի: Այսինքն՝ ապակենտրոնացման շրջանակում պետք է համայնքներին տալ եկամուտներ, համայնքում տվյալ բիզնեսի գործունեությունից»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Հովհաննիսյանի, մյուս կարեւոր խնդիրը համայնքներում գենպլանների բացակայությունն է. «Այսօր մենք պետք է համայնքներում ունենաք գենպլան, որտեղ հստակ ֆիքսված կլինի՝ այս գոտիներում՝ արդյունաբերական արտադրություն լինի, այս գոտիներում՝ հանգստի գոտի, տուրիստական գոտի, համապատասխանաբար՝ կառուցապատումը լինում է այդ գենպլաններում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ