Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը ներդրողներին խոստացավ ազատ մրցակցային միջավայր

Օգոստոս 17,2019 12:09

«Կոտայքի մարզում կան գործող եւ վերանորոգման ենթակա ջրամբարներ: Սեւաբերդի  ջրամբարը վերանորոգման կարիք ունի, այս պահին բանակցություններ են տարվում նաեւ մասնավորի հետ: Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագիրն էլ օրակարգում է: Նախագիծն այսօր կներկայացվի»,- Ծաղկաձորում կազմակերպված «Իմ քայլը հանուն Կոտայքի» տնտեսական համաժողովում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:  Մարզպետը ներկայացրեց ներդրումային միջավայրը եւ նաեւ ոլորտները, որտեղ կարելի է ներդրումներ անել: Ասաց, որ  որպես Կոտայքի մարզպետ ներդրողներին երաշխավորում է ազատ մրցակցային միջավայր, բիզնես-ծրագրերի  ճանապարհի առաջացած խնդիրներին էլ հնարավորինս լուծումներ կտրվեն ու կկարգավորվեն՝ բացառապես իրավական եւ օրինական գործիքակազմի կիրառմամբ:

Անդրադառնալով մարզի տնտեսական իրավիճակին, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ երկրի ՀՆԱ-ի մեջ մարզի տնտեսության մասնաբաժինը 7 տոկոս է կազմում: Նրա խոսքով, տնտեսության մեջ գերակշռող ուղղությունը մշակվող արդյունաբերությունն է այդ թվում՝ սննդամթերքի ըմպելիքի արտադրություն, ոչ մետաղական հանքավայրերի արդյունաբերություն, մետաղական արտադրություն, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի արտադրություն, մասնավորապես՝ ադամանդի: Մարզպետի տվյալներով, ադամանդագործության կշիռը մշակվող արդյունաբերության մեջ կազմում է 7,5 տոկոս: Մարզում գործում են 11 ադամանդագործական ձեռնարկություններ: Մարզպետը տեղեկացրեց, որ 2019  թվականին մարզում կհիմնվի եւս մեկ խոշոր ադամանդագործության ձեռնարկություն: Ադամանդի հումքը ներմուծվում է, իսկ պատրաստի արտադրանքը արտահանվում:

Պարոն Պետրոսյանը նաեւ ներկայացրեց մարզի համար գերակա չորս ուղղությունները՝ ադամանդագործություն, վերականգնվող էներգետիկա, ինտենսիվ այգեգործություն եւ տեխնոլոգիական գյուղատնտեսություն, տուրիզմ եւ հյուրընկալություն:

Կոտայքի մարզում գյուղատնտեսական հողերը կազմում են 155 հազար հեկտար, որից 38 հազար հեկտարը վարելահող է: Մարզպետը ցավալի համարեց, որ այդ վարելահողերի միայն 50 տոկոսն է  մշակվում: Ասաց, որ 2019  թվականի մինչեւ տարեվերջ ջերմոցային տնտեսությունը կավելանա եւս 18 հեկտարով:

Խոսելով մարզում տուրիզմի հնարավորություններից, մարզպետը տեղեկացրեց, որ երկու բնակավայրում համայնքային տուրիզմի ձեւաչափն են զարգացնում: Ըստ նրա, Կոտայքը հյուրանոցային տնտեսության քանակով զիջում է միայն Երեւանին: Մարզում ներկայումս գործում են 95 միջին եւ խոշոր հյուրանոցային տնտեսություններ, որոնց մեծ մասը տեղակայված է Ծաղկաձորում: Այս պահին այս քաղաքում եւս 15 նոր հյուրանոց է կառուցվում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031