Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այս օրերին ուսումնասիրում է «ԷԼԱՐԴ»-ի զեկույցը, որից պարզ կդառնա, թե ինչ որոշում է ընդունելու։
– Ամուլսարի վերաբերյալ միջազգային փորձաքննության արդյունքները հայտնի են, չնայած դրան, բնապահպանները բարձրաձայնում են հանքի շահագործման վտանգավորության մասին, բողոքի ալիք է կրկին բարձրացել։ Ո՞րն է լինելու իշխանության քայլը։
– Իշխանության հաջորդ քայլը կլինի այդ փաթեթն ուսումնասիրելուց հետո, պետք է ուսումնասիրել այդ ընկերության ուսումնասիրությունը, նոր միայն կարծիք հայտնել։ Կառավարությունում հիմա ամբողջությամբ ուսումնասիրում են։
– Անվստահություն կա փորձաքննություն իրականացրած ընկերության հարցում, տեղյա՞կ եք՝ ուսումնասիրություններ են արվել միայն «Լիդիանի» փաստաթղթերո՞վ, թե՞ նաեւ հանքի տարածքում։
Կարդացեք նաև
– Մանրամասներին տեղյակ չեմ, բայց որեւէ պատճառ չկա այդ ընկերությանը չվստահելու։ Ընկերությունը 300 էջանոց կարծիք է հայտնել, հիմա կառավարությունն էլ ուսումնասիրում է դա։
– Դուք համաձայն չե՞ք, որ այս հարցը կարող է փորձաքար դառնալ ձեր իշխանության համար, ձեր դեմ հանել անգամ յուրայիններին, որոնք ժամանակին պնդում էին, որ չի կարելի շահագործել Ամուլսարը։
– Եկեք սպասենք կառավարության ուսումնասիրությանը, ես չգիտեմ՝ երբ հայտնի կլինի կառավարության կարծիքը, բայց այժմ լայն քննարկում է ընթանում, ի վերջո, ակտիվիստներն էլ են ասում, որ լավ չի ուսումնասիրվել, հիմա կառավարությունը պետք է հասկանա՝ ինչ զեկույց է ներկայացվել։
– Երկու օր է՝ Ջերմուկում բողոքի ցույցեր են անում, Դուք հանդիպե՞լ եք նրանց հետ եւ տեղյա՞կ եք արդյոք՝ Նիկոլ Փաշինյանը կանսա՞ նրանց կոչերին եւ կմեկնի՞ Ջերմուկ։
– Ես չեմ հանդիպել, քանի կառավարությունն ուսումնասիրում է, վաղ է հանդիպելը։ Ես տեղեկություն չունեմ նաեւ՝ Փաշինյանը կգա՞, թե՞ ոչ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում