ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Արդարադատության նախարարի հրամանով 12 քրեակատարողական հիմնարկներից 8-ը նոր պետեր ունեն։ Այս մասին տեղեկացանք քրեակատարողական ծառայության կայքէջից։
«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ է նշանակվել մասնագիտությամբ իրավաբան, 51-ամյա Հրաչյա Այվազյանը։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, 2017 թվականին դատախազությունից անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի։
Արդարադատության գնդապետ, 54-ամյա Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետ։ Մասնագիտությամբ ապրանքագետ Մարտիրոսյանը համակարգի հնաբնակներից է, աշխատել է տարբեր ՔԿՀ-ներում։ Մինչեւ նշանակումը՝ զբաղեցրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալի պաշտոնը։
Տնտեսագետի, այնուհետեւ իրավաբանի որակավորում ստացած, արդարադատության գնդապետ, 47-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը նշանակվել է «Սեւան» ՔԿՀ-պետ։ Նա մասնագիտական կարիերան սկսել է դատախազությունից, այնուհետեւ տեղափոխվել ոստիկանական համակարգ։ 2009 թվականին անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանության համակարգից՝ տեղափոխվելով քրեակատարողական ծառայություն։ «Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետն է եղել, իսկ մինչեւ «Սեւան» ՔԿՀ-ի պետ նշանակվելը՝ եղել է քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի գլխավոր մասնագետ։
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ, 58-ամյա Մուրադ Դավթյանը նշանակվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ։ Դավթյանը սովորել է Մոսկվայում, ավարտել ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն դպրոցը։ 1991-2014 թվականներին՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության Երեւանի եւ մարզային ստորաբաժանումներում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
Ներքին գործերի նախարարության դպրոցն ավարտած, արդարադատության գնդապետ, 43-ամյա ՄՀեր Անտոնյանը նշանակվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ։ Ոստիկանության համակարգում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2019 թվականի մարտի 7-ից ոստիկանության կադրերի ռեզերվում էր։
Այս տարվա մարտի 30-ից ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող, արդարադատության գնդապետ, 40-ամյա Արման Մելքոնյանը նշանակվել է «Արթիկ» ՔԿՀ-ի պետ։ Նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Հիշեցնենք, որ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի քրեակատարողական ծառայության պետ նշանակվելուց հետո անմիջապես ազատվեցին «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ի պետերը։
Քրեակատարողական ծառայության հնաբնակներից, ժամանակին «Հրազդան», «Էրեբունի», «Կոշ» ՔԿՀ-ների պետ աշխատած, արդարադատության գնդապետ, 58-ամյա Գերասիմ Գեւորգյանը նշանակվել է «Արմավիր» ՔԿՀ-ի պետ։ Նշենք, որ նա 2007 թվականին անձնական զեկուցագրի համաձայն ազատվել էր քրեակատարողական ծառայությունից։
2013 թվականից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ոստիկանությունից ազատված արդարադատության փոխգնդապետ, 43-ամյա Սամվել Մկրտչյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ։ Նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններում։
Ավելացնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ, Վահան Մարգարյանը, «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը, «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը շարունակում են աշխատել։ «Գորիս» ՔԿՀ-ի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է արդարադատության փոխգնդապետ Տիգրան Չալյանին։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Լուսանկարները՝ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջից