Բալետի երիտասարդ արտիստ Րաֆֆի Գալստյանը օրերս է վերադարձել Չինաստանից: Նա մասնակցելով Վենջոու (Wenzhou) քաղաքում առաջին անգամ անցկացվող բալետի արտիստների GIDC միջազգային մրցույթին, արժանացել է առաջին մրցանակի, ինչը նրա առաջին հաղթանակը չէ այս ձեւաչափով անցկացվող մրցույթներում: Դեռեւս Երեւանի պարարվեստի պետական քոլեջում ուսանելու տարիներին Րաֆֆին փայլել է Էստոնիայում, ապա Մոսկվայում «Global ART» մրցույթներում: Հետագայում Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարողը (թատրոնում է 2018թ.) կարճ ժամանակահատվածում գլխավոր դերապարերով հանդես է եկել խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում: Րաֆֆին գուցե աշխարհում ամենաերիտասարդ բալետի արտիստն է, որը 18 տարեկանում հանդես է եկել Սպարտակի դերապարով Խաչատրյանի համանուն բալետային ներկայացման մեջ: Զուգահեռ էլ մասնակցել է Վրաստանում անցկացվող Վախթանգ Չաբուկիանիի անվան միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի, իսկ այս գարնանն էլ Ֆրանսիայում Գրան Պրի է շահել: Արժանացել է նաեւ 2019թ. նախագահի մրցանակի:
«Առավոտի» հետ զրույցում Րաֆֆին տեղեկացրեց, որ Չինաստանում կայացած մրցույթին Հայաստանը ներկայացրել են նաեւ ազգային օպերային թատրոնի մենապարող Անդրանիկ Աբովյանը, որն արժանացել է առաջին մրցանակի եւ քոլեջի սան Գոռ Սարգսյանը՝ երկրորդ մրցանակի: Մրցույթի ավարտին ինքն ու Անդրանիկ Աբովյանը հրավեր են ստացել 2020թ. ձմռանը բեմ բարձրանալու Մակեդոնիայի թատրոնում:
«Առաջին անգամ անցկացվող մրցույթի կազմակերպիչը մեր հայրենակից Վանուշ Բաբայանն է, որը ժամանակին հանդես է եկել Հայաստանի պետական երգի-պարի անսամբլում, իսկ վաղուց հաստատվելով Չինաստանում՝ նա այսօր ճանաչված ու հարգանք վայելող արվեստագետ է, ավելին՝ հիմնել ու ղեկավարում է մի քանի բալետային դպրոցներ»,- հայտնեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ չինաստանյան մրցույթն անցկացվել է երեք տարիքային խմբերով:
Հայ պարողները ընդգրկված են եղել միջին եւ բարձր տարիքային խմբերում, որտեղ մրցելույթներ են ունեցել շուրջ 100 մասնակից՝ 5 երկրից, այդ թվում՝ Ռուսաստան, Մակեդոնիա, Իտալիա եւ այլն: Ժյուրին գլխավորել է Վանուշ Բաբայանը, իսկ անդամների թվում են եղել ճանաչված անուններ՝ Մակեդոնիայի ազգային թատրոնի տնօրեն Օլգա Պանգոն, Իտալիայից՝ Սաբրինա Բոսկոն եւ Անտոնիո Դեզիդերիոն, Հունաստանից՝ Պանիկոս Գեորգիուն եւ երկու հայաստանցի՝ Սմբատ Կլեկչյանն ու վերջին տարիներին Ճապոնիայում բուռն գործունեություն ծավալած Ազատ Ղարիբյան կրտսերը:
Կարդացեք նաև
Ընդ որում՝ մեր արվեստագետների մրցույթին մասնակցելու բոլոր ծախսերը հոգացել է մրցույթի կազմակերպիչը: Մեր զրուցակիցն առանց մանրամասնելու նշեց, որ Վանուշ Բաբայանը մշտապես կապ է պահպանում հայրենիքի հետ:
Հիշեցնելով մեզ հետ նախկին զրույցների ժամանակ տարբեր երկրներից (ԱՄՆ, ՌԴ, Էստոնիա եւ այլն) ստացած իր հրավերների մասին, նաեւ «Առավոտին» (2017թ.) աշխարհահռչակ Բորիս Էյֆմանի հայտնած տեղեկությունը, թե Սանկտ Պետերբուրգում բալետի ակադեմիայում աշխատանքային փորձաշրջան անցնելուց հետո երիտասարդ հայ արտիստ Րաֆֆի Գալստյանը հրաժարվել է աշխատանքի անցնել (պայմանը գայթակղիչ էր՝ սկզբի համար 400 հազար դրամ աշխատավարձ) մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Ցանկությունս է իմ հայրենիքում բեմ բարձրանալ, ինչն իրականանում է: Առաջիկայում ունեմ հրավեր Կանադայից, հանդես կգամ «Կարապի լճում»: Ասեմ, որ նախագահի մրցանակում ներառված է երեք տարվա ընթացքում, ժամկետն՝ իմ որոշմամբ, այցելություն Մեծ թատրոն՝ վարպետության դասերի»:
Իմիջիայլոց, չինական ազգային պրոֆեսիոնալ բալետի դպրոցի տարիքը հաշվվում է շուրջ 6 տասնյակ տարիներով: Այդ դպրոցը հիմնադրել է ռուս անվանի դասատու եւ խորեոգրաֆ Պյոտր Գուսեւը: Չինական ազգային բալետի պաշտոնական ծննդյան տարեթիվը նշված է 1959թ. դեկտեմբերի 31-ը, որը ղեկավարել է Դայ Աիլյանը: 1964-ին սկիզբ առած մշակութային հեղափոխությունը նրան փոխարինում է Մաո Ցզե Դունի տիկնոջով՝ մասնագիտությամբ դերասանուհի Ջիանգ Քինգով: Իսկ Մաո Ցզե Դունի մահից հետո՝ 1976թ., Դայ Աիլյանը վերականգնվում է իր աշխատանքին, ինչի շնորհիվ ազգային բալետի խաղացանկը հաճախակի հարստանում է ոչ միայն համաշխարհային բալետային գրականության գլուխգործոցներով, այլեւ չին հեղինակների ստեղծագործություններով:
Գլխավոր լուսանկարում՝ Սմբատ Կլեկչյանը, Անդրանիկ Աբովյանը, Ազատ Ղարիբյան կրտսերը,
Րաֆֆի Գալստյանը եւ Գոռ Սարգսյանը
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.08.2019