Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մի քիչ վստահ լինենք, որ «Ամուլսարը» չշահագործելու դեպքում ֆինանսական բեռ չի դրվի պետության վրա՝ կարելի է միայն ողջունել»

Օգոստոս 17,2019 14:00

«Եթե մի քիչ վստահ լինենք, որ «Ամուլսարը» չշահագործելու դեպքում ֆինանսական բեռ չի դրվի պետության վրա՝ կարելի է միայն ողջունել»

Նախօրեին երբ քննչական կոմիտեն հայտնեց, այսպես ասած՝ Ամուլսարի գործով իրենց հետազոտության արդյունքները, դժգոհության ալիք առաջացավ բնապահպանների, քաղաքացիների եւ բնապահպանական խնդիրներով զբաղվող Հ/Կ-ների շրջանում:

ՔԿ-ն հայտնել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական հետապնդման հիմքեր չկան: Եվ հիմնվելով հանքի շահագործման ծրագրի փորձաքննության եզրակացության վրա, հայտարարել. «Ծրագրի տարածքի եւ Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաեւ իզոտոպային տվյալների համաձայն, Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել: Նույն կարծիքի համաձայն, Կեչուտի ջրամբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի: Նման պարագայում, երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ, իսկ հետո Սեւանա լճի ջրերի հետ, չի առաջացնի Սեւանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ չափելի փոփոխություններ»:

Երեկ կառավարության շենքի մոտ բնապահպանները բողոքի ակցիայի ժամանակ անվստահություն հայտնեցին այդ եզրակացությանը: Նրանք պնդում էին՝ լիբանանյան ընկերության (Earth link & Advanced Resources Development (ELARD) ) փորձաքննության եզրակացությունն ամբողջական չի ներկայացվել հանրությանը: Ցույցի մասնակիցներից Աննա Շահնազարյանը հայտարարեց՝ դա փորձաքննություն չէ եւ այն, ինչ արել է լիբանանյան ընկերությունը, դա «Լիդիան Արմենիայի» փաստաթղթերի ուսումնասիրությունն է, սա ընդամենը ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) եւ ԲՍԱԳ-ի (Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում) ուսումնասիրությունն է. «Եվ նույնիսկ սրա արդյունքներով ապացուցվում է, որ կազմված է եղել թերի ՇՄԱԳ, որի հիման վրա տրվել է թույլտվություն: Այդ ՇՄԱԳ-ն ամբողջական չէ, ճիշտ չէ գնահատված ազդեցությունը, գնահատման ոչ բավարար մեթոդաբանությամբ, ազդեցության մեղման ոչ բավարար միջոցառումներով այս ծրագրի հաստատումն ապօրինի է: Օրենքի պահանջն է՝ շրջակա միջավայրի նախարարությունը նոր ՇՄԱԳ պետք է իրականացնի: 2016 թվականի տված դրական եզրակացությունը կեղծված տեղեկատվության վրա է տրված, ուստի այն պետք է չեղարկվի: Եթե այս ծրագրով հանքը շահագործվի Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը լուրջ խնդիրներ կունենան»:

Եթե հանքի շահագործումն արգելվի առանց լուրջ հիմնավորումների, ապա այդ դեպքում էլ ՀՀ ժողովուրդն ու կառավարությունը լուրջ խնդիրներ կունենան: Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:

Երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ կառավարությունը կուսումնասիրի Ամուլսարի հարցով միջազգային փորձաքննության արդյունքները` եզրակացության գալու համար:
«Առավոտի» հետ զրույցում Գեւորգյանն էլ հավելեց՝ որեւէ որոշում վերջնական չի ընդունվել, ուսումնասիրվում է, իրավաբանների, բնապահպանների, նեղ մասնագետների հետ քննարկումից հետո որոշում կընդունվի, խնդիրը դեռ քննարկման փուլում է:

Բնապահպանների՝ մատչելի ու պարզ ձեւակերպմամբ՝ ինչ էլ լինի՝ հանքի շահագործմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցություն կլինի, այդ թվում՝ Ջերմուկի, Կեչուտի ջրամբարի վրա, հետեւաբար նաեւ Սեւանա լճի: Գեւորգյանը հակադարձեց. «Մարդկային գործունեության ցանկացած տեսակ՝ նույնիսկ փողոցով քայլելը, հագուստ հագնելը, մեքենա վարելն, ամեն ինչն ազդեցություն ունի բնության վրա: Մեր խնդիրն է՝ ազդեցությունը հասցնել նվազագույնի, այն վտանգները, որոնք պարունակում են հանքի շահագործմամբ եւ այն մարտահրավերները, որի առաջ կկանգնի Հայաստանը, եթե առանց հիմնավորման թույլ չտրվի շահագործումը: Ինչ վերաբերում է վնասներին, ապա Հայաստանում մեկ տասնյակին մոտ այլ հանքեր են շահագործվում, որոնք ավելի վատ ու ծանր բնապահպանական խնդիրներ ունեն, քան Ամուլսարը»:

Գեւորգյանը վստահեցրեց՝ որպես ՀՀ քաղաքացի, անչափ ուրախ կլիներ, եթե հանքն ուղղակի չշահագործվի ու դրանով հարցը փակվեր. «Բայց այստեղ առաջ են գալիս շատ ծանր մարտահրավերներ, որի առաջ կարող է կանգնի Հայաստանը, բայց դա այն դեպքում, եթե ուսումնասիրենք, տեսնենք՝ ինչ է ասում փորձաքննությունը՝ կարելի՞ է շահագործել, թե՞ ոչ: Ընդհանրապես, հանքարդյունաբերությունը պետք է մի կարեւոր բան ունենա՝ բացի տնտեսականից՝ նվազագույն վտանգներ պարունակի եւ նվազագույն հետեւանքներ թողնի տնտեսության վրա: Բայց այստեղ խնդիրն այլ է: Վերջին մեկ տարում հանքարդյունաբերությունն էականորեն զիջել է իր դերը տնտեսությունում՝ արդյունաբերական արտադրանքի մեջ հանքարդյունաբերությունը իջել է 21%-ից 17%-ի: Տնտեսությունը որեւէ խնդիր չունի՝ ո՛չ եկամուտների առումով, ո՛չ տնտեսական ակտիվության առումով, երբ հանքարդյունաբերությունը 4 տոկոսային կետով իջել է: Ուստի ես համոզմունք ունեմ, որ Հայաստանը հանգիստ կարող է հրաժարվել հանքարդյունաբերությունից, որեւէ խնդիր չկա: Բայց այս պահին գնալ այդ քայլին ու ֆինանսական լրջագույն խնդիրներ դնել կառավարության վրա, կարծում եմ վատ է: Իհարկե, սա այն դեպքում, երբ վստահ լինենք, որ փորձաքննությունը հիմք չի տալիս մեզ դադարեցնել շահագործումը»:
Իսկ եթե առանց լուրջ հիմնավորումների հանքի շահագործումը արգելվի, ապա, ըստ պատգամավորի, Հայաստանը մեծ տուգանքներ կվճարի: Գեւորգյանը, հաշվի առնելով, թե նախկինում տնտեսական բնույթի որոշումները, որոնք միջազգային արբիտրաժն է կայացրել է, ինչ մեծ թվեր են, իր մոտավոր հաշվարկներն է կատարել. «Լավագույն սցենարով՝ Հայաստանի վրա 700 մլն դոլարի ծախս կդրվի»:

Մեր դիտարկմանը՝ բնապահպաններն էլ վստահ են՝ եթե ՇՄԱԳ-ը կեղծ տեղեկություններով է, ապա արբիտրաժում չենք պարտվի, հետեւաբար նման վճարումներ էլ չեն կատարվի, պատգամավորն այսպես արձագանքեց. «Դա շատ տեսական է ու ռիսկեր է պարունակում: Եթե որեւէ մեկն իր վրա պատասխանատվություն կվերցնի ու երաշխիք կտա՝ եթե մենք պարտվենք՝ ինքը այդ գումարը կվճարի, ես միայն ուրախ կլինեմ ու հաստատ համաձայն կլինեմ չշահագործելուն: Այսինքն, հիմա խնդիրն ուսումնասիրվում է, եթե մենք մի քիչ վստահ լինենք, որ մենք խնդիր չենք ունենա չշահագործելու դեպքում, եւ ֆինանսական բեռ չի դրվի պետության վրա, ապա կարելի է միայն ողջունել հանքի չշահագործելը»:

Իսկ արդյոք պատգամավորը ողջունում է «Լիդիան Արմենիայի»՝ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը՝ եթե այն նվազագույն ռիսկերով լինի, հարցին ի պատասխան պատգամավորն ասաց. «Ինքս հանքարդյունաբերության գերակայության կրող չեմ եւ կառավարության գերակայություններում էլ հանքարդյունաբերությունն ընդհանրապես տեղ չունի, սա քննարկման ենթակա չէ: Մեր կառավարության ուղղությունը կանաչ տնտեսությունն է, որով ուզում ենք գնալ, մեր գերակայություններն էլ ամբողջությամբ ուղղված են դրան: Բայց այդ նպատակներին հասնելու համար նմանատիպ ֆինանսական ցնցումներն ուղղակի անթույլատրելի են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031