Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը ձայնագրել է հետաքննիչին

Օգոստոս 17,2019 13:30

Արթուր Քոչարյանն իրեն համարում է տուժող եւ պայքարում է, որ իր հաղորդմանն ընթացք տրվի, հարուցվի քրեական գործ:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ դիմել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ավագ հետաքննիչ Ա.Գեւորգյանի որոշման դեմ, ինչը նա կայացրել էր այս տարվա ապրիլի 8-ին: Ավագ հետաքննիչը քրեական գործ հարուցելու հիմքեր չէր տեսել: Ավելին, պատասխանել են, թե վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ:

Դատարանը մերժել էր Ա. Քոչարյանի բողոքը՝ հաստատելով ավագ հետաքննիչի որոշումը:

Ի դեպ, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը Ա. Քոչարյանը ստացել է ութ օր հետո, եւ սա այն դեպքում, երբ քրեական դատավարության գործող օրենքի համաձայն, որոշումը սահմանված կարգով ստանալու պահից յոթնօրյա ժամկետում սահմանված է դատախազին բողոքարկելու կարգը, եւ այդ բողոքաբերի իրավունքի մաս է կազմում:

Մարտ ամսվա վերջերին Ա. Քոչարյանը դիմել էր ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հանցագործության մասին հաղորդմամբ, հայտնելով, որ Արուսյակ անունով մի կին նախկինում իրենից տարբեր չափի ոսկեղեն է վերցրել, մի քանի անգամ վերադարձրել, ապա վստահություն ձեռք բերելուց հետո վերցրել է վեց միլիոն դրամի չափով ոսկեղեն, գումար, հիմա էլ հրաժարվում է վերադարձնել այն:

Այդ գումարն ու ոսկեղենը վերցրել է իր դասախոսից, ծանոթներից, որպեսզի «ձեռք մեկնի» Արուսյակին:

Քրեական գործի նախապատրաստման փուլում զրուցակիցս բազմիցս հայտնել է, թե լրացուցիչ տեղեկություններ ունի հայտնելու, սակայն ըստ նրա դատարան ուղարկած բողոքի. «Անգամ դրանից հետո ոչ ոք չէր ցանկացել ինձ լսել, երկու հետաքննիչներից մեկը մյուսի վրա էր գցում, ասելով, քո գործն ինձ մոտ չէ: Նախաքննական մարմնի կողմից պատշաճ կարգով նյութեր չեն նախապատրաստվել եւ ինձնից հրաժարվել են բացատրություն վերցնել»:
Իրենից առանձնապես խոշոր չափի գումար եւ ոսկեղեն վերցրած տիկինը հրաժարվել է ստացական տալ:

Ըստ Ա. Քոչարյանի՝ ավագ հետաքննիչը բավարարվել է ենթադրյալ հանցագործի բանավոր բացատրությամբ, իսկ իր տվյալներն ընդհանրապես չեն ստուգել:

Քաղաքացին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, պահանջում է նոր նախաքննություն, քանի որ, ըստ նրա, ավագ հետաքննիչի եզրահանգումը հակասում է գործի փաստերին, որոշումը պատճառաբանված չէ:
Ավագ հետաքննիչի ՝քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման մեջ հետաքննիչը արձանագրել էր, որ այս տարվա մարտի 16-ին ՀՈ բաժանմունքում նախապատրաստված նյութերը թողնվել էին անպատասխան, հանցագործության հատկանիշներ չլինելու համար: Ա. Քոչարյանը հայտնել էր, որ «վիզը կտրելու» սպառնալիք էր եղել պարտքատիրոջ կողմից:

Մարտի 1-ին նախապատրաստած նյութերով, ըստ արձանագրվածի, Ա. Քոչարյանը հայտնել էր՝ «իրականում սպառնալիքներ չեն եղել», եղել է վիրավորանք, իսկ «Արթուրի կողմից կոկորդ կտրելու սպառնալիքն իրական չի համարում»:

Ապա հետաքննիչն արձանագրել էր. «Նյութերի նախապատրաստման ընթացքում, թեեւ փաստական տվյալներ են ձեռք բերվել ոմն Արթուրի, Գորիս Գ.-ի, Անահիտ Բ.-ի կողմից Արթուր Քոչարյանին սպառնալիք տալու վերաբերյալ, սակայն սպառնալիքները իրականացնելու կապակցությամբ որեւէ իրական բնույթ կրող գործողություն չի կատարվել»:

Ավագ հետաքննիչն արձանագրել էր, որ նյութերի լրացուցիչ նախապատրաստման ժամանակ Արուսյակը պարտավորվել է մինչեւ տարեվերջ վերադարձնել Արթուրի 4.200.000 դրամ գումարը. «Նշելով, որ ինքը որեւէ դիտավորություն չունի հափշտակել Արթուր Քոչարյանից վերցրած ոսկեղենը, բացի այդ, նշել է, թե Արթուր Քոչարյանի դիմումը չի համապատասխանում իրականությանը»:

Ա. Քոչարյանը դիմել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիր բաժին, որտեղից բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Վաթյանի հուլիսի 27-ի գրությամբ տեղեկացվում ենք. «Ձեր դիմումը ստացվել եւ քննարկվել է ոստիկանության Արաբկիր բաժնում: Միաժամանակ հայտնվում է, որ Ձեր դիմումում նշված փաստական հանգամանքները ոստիկանությունում ուսումնասիրվել են եւ կան կայացված չմերժված որոշումներ, ինչպես նաեւ Ձեր միջեւ գումարային վիճելի հարցը կրում է քաղաքացիաիրավական հարաբերությունների բնույթ, որը ենթակա է լուծման դատական կարգով»:

Արթուրը մայիսին ստիպված էր վարկ վերցնել, վաճառել իր բնակարանը, որպեսզի իր ծանոթներից վերցրած գումարը, ոսկեղենը վերադարձնի:

«Առավոտի» տրամադրության տակ է նաեւ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը:

Նշեմ, որ ոստիկանությունում հաղորդումներ էին տվել նույն այդ տիկնոջ մասին տասնյակ քաղաքացիներ, ովքեր իրենց համարում էին տուժող: Նրանց բացատրություններն ու հաղորդումները ուղարկվել էին ոստիկանության Շենգավիթի բաժին, գործին կցելու համար:

Ա. Քոչարյանը սպառնալիքներ ստանում է Արուսյակի հետ համագործակցող անձանց կողմից, ովքեր մի քանի անգամ եկել են նրա բնակատեղի, այդ մասին նույնպես կան բազմաթիվ ահազանգեր ոստիկանության բաժնում:
Ոստիկանության պետին հասցեագրված զեկուցագրի համաձայն, ահազանգերից անմիջապես հետո նա խոսել է հեռախոսով սպառնալիք հնչեցրած մականունավորի հետ, որը հայտնել է, թե այո, զանգել է Արթուրին, եւ հայհոյել է միայն, այլ սպառնալիքներ չեն հնչել:

Արթուրը ձայնագրել էր հետաքննիչին եւ ձայնագրությունը տրամադրել ոստիկանությանը, քննչական կոմիտեին, դատախազությանը, ձայնագրությունը նաեւ «Առավոտում» է: Ըստ ձայնագրության, Արթուրը հետաքննիչին հարցնում է, ինչու խարդախության հոդվածով գործ չեք հարուցում, հետաքննիչն էլ պատասխանում է. «Արթուր, մենք գիտենք, ինքը քեզ խաբել է, դու գնա դիմի ոստիկանապետին, ասա, այստեղ ես եմ միայն աշխատողը, տեսնում ես, խորհուրդներ եմ տալիս առանց գումարի, ես էլ կուզեմ ծանոթանալ այդ խարդախ աղջկա հետ», ու ամենը… հայհոյանքներով:

Արթուրի տան վրա «եկողներին» տարել էին ոստիկանության բաժին, հարբածը շենքի մոտից նստել էր մեքենան ու փախել եւ պարզ չէ՝ տեսախցիկները արձանագրե՞լ են, թե՞ ոչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031