Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի այցին սպասելով

Օգոստոս 17,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ 

ԵԱՏՄ-ական հերթական հավաքին հմայք հաղորդելու ջանքերին զուգահեռ

Անցյալ շաբաթ հայ-ռուսական հարաբերությունների առումով եւս Ղրղըզստանում քննարկումներ են ծավալվել:

Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 9-ին հանդիպեց ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ Հայաստանի եւ ՌԴ վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին, խոսել են առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, եւ պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ։

Մեդվեդեւը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում եւ նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների եւ շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձեւաչափերով։ Իսկ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։
Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում ասվում էր նաեւ, որ նշված հանդիպմանը Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի, «մտքեր են փոխանակել նաեւ վերջին շրջանում հայաստանյան եւ ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ»։

Սակայն, թե կոնկրետ ինչ արդյունքներ կան Փաշինյան-Մեդվեդեւ վերջին բանակցություններում վերոնշյալ թեմաներով՝ հայտնի չէ։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարությամբ։ Փաշինյանը մասնավորապես հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, քննարկել են 15 հարց, դրանցից շատերի կապակցությամբ հասել են համաձայնության՝ հիմք նախապատրաստելով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստի համար:

Նա նիստի օրակարգային հարցերից առանձնացրել է, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ աշխատանքները: Փաստաթուղթն ուղղված է ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առեւտրում խոչընդոտների վերացմանը եւ Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու պայմանների ստեղծմանը: Փաշինյանը հույս է հայտնել, որ կհաջողվի մոտ ապագայում վերջնական համաձայնության հասնել այս փաստաթղթի շուրջ։

Կարեւորվել է նաեւ Միության ներսում փոխադարձ առեւտրի ընդլայնման համար պայմանների ստեղծումը։ Այս որոշմամբ նախատեսվում է հրապարակել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների, սննդի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի, մանրաթելի եւ բրդի առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռությունը 2019-2020թթ. համար: Սրա համատեքստում Փաշինյանը շեշտել է. «Նաեւ կցանկանայի առանձնացնել այն հարցը, որով նախատեսվում է մինչեւ 2025թ. մշակել եւ հաստատել ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման աշխատանքային գրաֆիկը: Կարծում եմ, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն սկզբունքային նշանակություն ունի մեր ինտեգրացիոն միավորման հետագա կատարելագործման եւ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տնտեսական կապերի խորացման համար»:

Իր հերթին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը խոսել է անդրազգային ընկերությունների համար նոր իրավաբանական տարածքի ձեւավորման մասին, տեղեկացնելով, որ հանձնաժողովին հանձնարարական է տրվել՝ համապատասխան աշխատանք իրականացնել, այդ թվում, ելնելով միջազգային փորձից, գիտահետազոտական աշխատանք կատարել՝ պարզելու համար, թե ինչ շրջանակում է գործելու այդ օրենսդրական դաշտը, ինչ արտոնություններ կստանան այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն Եվրասիական տնտեսական միության տարածքում։ «Նպատակն առեւտրային կապեր հաստատելու եւ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում մեր ընկերությունների համար գործունեություն իրականացնելու ավելի գրավիչ պայմանների ստեղծումն է։ Միեւնույն ժամանակ այդ ընկերությունների՝ նաեւ արտահանման ծավալների ավելացման նպատակադրման համատեքստում, մեր կարծիքով, հաշվի առնելով միջազգային փորձը, այսպիսի կարգավորումը, այսպիսի արտոնություններն իսկապես կարող են խթանել խոշոր եվրասիական ընկերությունների ձեւավորումը»,- ասել է Տ. Սարգսյանը։

Այսպիսով, Ղրղըզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հայաստանյան տեսանկյունից կարեւոր էր, թե ներկայացված ծրագրերի առումով, որոնք կարեւորում է Հայաստանը եւ որոնց մասին բարձրաձայնում է, թե Փաշինյանի կողմից հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Սինգապուրի վարչապետի եւ Իրանի նախագահի հնարավոր մասնակցության մասին տեղեկությամբ։

Հոկտեմբերին Երեւան՝ Պուտինի հնարավոր այցով, ինչպես նաեւ Իրանի նախագահի ու Սինգապուրի վարչապետի ժամանման հնարավորություններով Հայաստանը կարող է լրացուցիչ հետաքրքրություն ձեւավորել իր շուրջ ոչ միայն ԵԱՏՄ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերություններում։

Խոշոր հաշվով, ԵԱՏՄ-ական հավաքները ընդամենը աննկատ իրադարձություններ են՝ առանց հմայքի, եւ Հայաստանի իշխանությունները, փաստորեն, փորձում են դրան հաղորդել լրացուցիչ գրավչություն՝ երեւանյան հավաքն ավելի ուշագրավ դարձնելով։ Իհարկե, նաեւ Փաշինյանը գործընկեր պետությունների ղեկավարների հետ իր փոխհարաբերություններում կարող է հաջողել, եթե երեւանյան հավաքը կարողանա դարձնել հետաքրքրական։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ապա Մեդվեդեւի հետ հանդիպմանը հնչած հրապարակային հայտարարություններն առավելապես պրոտոկոլային են: Եթե հայ-ռուսական հարաբերություններում նոր ազդակներ տրվեն, դրանց կարելի է սպասել հոկտեմբերին Պուտինի՝ երեւանյան հնարավոր այցի պարագայում:

Ի դեպ, օգոստոսի 12-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը: Պատրուշեւը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ, ասվում է Ռուսաստանի եւ Հայաստանի անվտանգության խորհրդի ղեկավարների հանդիպումից հետո ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում է, որ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցության հարցերը՝ ի շահ երկու երկրների ազգային անվտանգության, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում գործակցությունը: Նրանք կարծիքներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ առեւտրատնտեսական հարաբերութունների վերաբերյալ: «Նիկոլայ Պատրուշեւն ընդգծել է Ռուսաստանի եւ Հայաստանի գործակցության կարեւորությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նշվել է, որ այդ խնդիրը կարեւոր է երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաեւ հայ-ռուսական գործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում:

Օգոստոսի 13-ին Պատրուշեւի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, եւ առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները եւ բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: Նա կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահի եւ վարչապետի ողջույնները եւ նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, հանդիպումներ ունենալ ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Նա արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ կոնսուլտացիաները, որոնց ընթացքում, Պատրուշեւի խոսքով, քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը: Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է նաեւ, որ ՀՀ վարչապետը եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման եւ կայունության ապահովման հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:

Սկիզբը՝ այստեղ 

Էմմա  ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
16.08.2018, «Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031