Այսօր յուղաշերտով աղտոտված 5 արագիլ է հայտնաբերվել, բայց ոչ թե Արարատի մարզում, որտեղ նախորդ ամիսներին հայտնաբերվել էին աղտոտված արագիլները, այլ Երեւանում՝ Արմավիրի մարզին սահմանակից Աէրացիա թաղամասում: Այս մասին Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին հայտնեց բնապահպան, «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանը: Նա տեղեկացրեց՝ իրեն այդ մասին ահազանգել են ԱԻՆ-ից, ընդ որում, Ադամյանին զանգելու խորհուրդ են տվել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից՝ ասելով՝ «իրենք են զբաղվում»:
«Շատ զայրացած եմ: Չգիտես ինչու՝ տեսչական մարմինը, որի գործառույթը տեղում ահազանգը ստուգելն է, տալիս է իմ հեռախոսահամարը եւ հայտարարում, որ մենք ենք դրանով զբաղվում, մինչդեռ սա պետական մակարդակի խնդիր է դարձել: Այո, մենք զբաղվում ենք, մեր ուժերով մաքրում ենք արագիլներին, բայց մենք հարց լուծող չենք, սա լուրջ խնդիր է. կա աղտոտման կետ, որը պետք է հայտնաբերի տեսչական մարմինը եւ կանխի հետագա աղտոտումը: Տեսչական մարմինը բոլոր մարզերում, որտեղ նկատվել է այս իրավիճակը, պետք է ուղարկի մասնագետների, թե չէ մենք մաքրում ենք, բայց դեպքերը շատանում են»,-վրդովված ասաց Սիլվա Ադամյանը:
Դառնալով Աէրացիայում արագիլների աղտոտման դեպքին՝ Սիլվա Սդամյանը նկատեց՝ կպչուն յուղաշերտի պատճառով արագիլները չեն կարողանում թռնել, ուստի նրանք չէին կարող միգրացիա անել Արմավիրի մարզից. «Եթե աղտոտված եղած չլինեին, կարող էին թռնել-հասնել այդտեղ: Հետեւաբար, տեղում են աղտոտվել, այդտեղ էլ աղտոտման կետ կա: ԱԻՆ-ն ինձ ասաց, որ ինչ-որ մսամթերքի գործարանի շրջակայքում են տեսել այդ աղտոտված արագիլներին: Տեսչական մարմինը պարտավոր է ստուգել, թե այդ ինչ գործարան է, դրա թափոններն ուր են լցվում եւ ինչպես»:
Կարդացեք նաև
Ինչպես Սիլվա Ադամյանը փաստեց, արագիլների աղտոտվածության աշխարհագրությունը մեծացել է. «Նաեւ Շիրակի մարզից է ահազանգ ստացվել, պարզապես բնապահպանները հնարավորություն չունեն մեկնելու եւ ահազանգը ստուգելու: Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է խառնվի, նախարարի մակարդակով պետք է խումբ ստեղծվի՝ կազմված, այդ թվում, գիտնականներից եւ հ/կ-ներից: Պետք է կազմակերպեն տրանսպորտի հարցը, մաքրման աշխատանքները, նկարահանեն, ուսումնասիրություններ անեն: Որքա՞ն կարող ենք հարցը բարձրաձայնել, վերջապես լուծում է պետք, չէ՞: 2017թ.-ից արագիլների աղտոտման դեպքեր են լինում: Բոլոր խնդիրները կամավորների ուսերին են միայն թողնում, չի կարելի այսպես: Պատրաստակամ ենք օգնել, բայց պետական մակարդակով մոտեցում է պետք: Սա արդեն արտակարգ իրավիճակ է դառնում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ Արարատի մարզի աղտոտված արագիլներից. հեղինակ՝ թռչնաբան Մամիկոն Ղասաբյան