Այսօր ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման հանրահավաքին Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շտապ հանդիպելու խնդրանք-պահանջով:
Այդ բաց նամակն ամբիոնից ընթերցեց քաղաքացիներից մեկը: Նամակում նշված է, որ թավշյա հեղափոխությունից նրանք ակնկալում էին, որ իրենց ձայնը լսելի կդառնա եւ, ըստ նամակի, Հայաստանի զարգացմանը սպառնացող Ամուլսարի ծրագիրը անմիջապես կդադարեցվի. «Հասկանալով, որ ներկայիս կառավարությունը նախորդ իշխանություններից ժառանգել է անթիվ-անհամար խնդիրներ եւ հանքարդյունաբերության խնդրի բարդությունը՝ մենք համայնքի միջոցով կասեցրինք հանքի շինարարական աշխատանքները: Եթե սա չարվեր, ծրագիրն անդառնալի հետեւանքներ էր ստեղծելու: Սրանով մենք հնարավորություն ստեղծեցինք, որպեսզի պետությունը ժամանակ շահեր ու ծանոթանար այս բազմաշերտ խնդրի բոլոր կողմերին ու գտնելու խնդրի լուծումը: Փորձաքննության եզրակացության օրինական հետեւանքը պետք է լիներ «Լիդիան Արմենիային» տրված թույլտվությունների դադարեցումը: Մենք համոզված ենք, որ Դուք կանգնած եք ձեզ վստահող համայնքի կողքին եւ պաշտպանում եք հանրության շահերը, որոնք Ամուլսարի հարցում հակադրվում են կորպորացիաների շահերին: Վստահում ենք ձեզ եւ համոզված ենք, որ իրականության մասին իրազեկված լինելու դեպքում դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի կասեցման որոշում»:
Քաղաքացիները պահանջում են անձամբ հանդիպել Փաշինյանին, եւ անձամբ էլ ներկայացնել խնդիրներն ու պահանջները, այլ ոչ թէ միջնորդավորված, անձամբ հանդիպել նաեւ պատճառով, որպեսզի իրենց պահանջները հակահեղափոխական ուժերը չշահարկեն:
«Մտահոգիչ է նաեւ, որ ոստիկանությունը Լիդիանի դիմումին ընթացք է տվել եւ մեր դեմ քրեական գործ հարուցելու որոշում է կայացրել»,- նամակում նշել են բնակիչները:
Կարդացեք նաև
Բացի այս, Ջերմուկի բնակիչ Կարեն Մարգարյանը վստահեցրեց, որ Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը տրվել է թղթերով, այլ ոչ թե լուրջ ուսումնասիրությամբ եւ հանքի տարածքում որեւէ փորձաքննություն չի իրականացվել.«Փորձաքննության ոչ մի մասնակից, ոչ մի գիտնական չի եկել եւ տեղում չափագրում, ուսումնասիրություն չի արել: Այդ եզրակացությունն ու ուսումնասիրությունը զուտ թղթերով է տրվել: Դա շատ սխալ է»:
Ցույցի մասնակիցներից մեկն էլ նկատեց՝ եթե հանրությունը մերժել է նախկին իշխանություններին, ապա ինչո՞ւ իրենց ծրագրերը պետք է շարունակվեն, եւ եթե հեղափոխություն է եղել, ինչո՞ւ պետք է շարունակվի Ամուլսարի ծրագիրը: Եթե շարունակվեց Ամուլսարի ծրագիրը, ուրեմն հեղափոխություն չի եղել»:
«Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ Շիրակ Բունիաթյանն էլ հայտարարեց՝ կփակեն հանք տանող ճանապարհները՝ եթե կառավարության դիրքորոշումն իրենց դիրքորոշումից տարբերվի.«Ամուլսարում հանքարդյունաբերության էջը մեկընդմիշտ փակված է»:
Բունիաթյանն անդրադարձավ այն հարցադրումներին, որոնք հաճախ են հնչում՝ ինչո՞ւ են բնապահպանները միայն Ամուլսարի համար պայքարում, Հայաստանում շատ ավելի վտանգավոր հանքեր կան.«Ինտերնետներում հաճախ են գրում՝ բա դուք ինչի համար չեք գնում Քաջարանում, Թեղուտում, Ալավերդիում եւ այլ տեղերում: Ուզում եմ որպես բնակիչ պատասխանել՝ Ամուլսարը գտնվում է Ջերմուկ հանքաջրական առողջարանային գոտու տարածքում, այստեղ 70 տարի է դրված է սոցիալ-տնտեսական ճյուղ՝ զբոսաշրջությունը եւ առողջարանային ոլորտը: Ամուլսարը գտնվում է Հայաստանի ջրերի սրտով, կողքով անցնում են Արփա եւ Որոտան գետերը: Արփան լցվում է Կեչուտի ջրամբարը՝ Սեւանի համար…»: Բունիաթյանը ներկայացրեց Ջերմուկի եւ Ամուլսարի բնապահպանական ռիսկերն ու կարեւորությունը ու նաեւ հայտարարեց՝ եթե կառավարության որոշումն, այսպես ասած՝ իրենց սրտով չլինի եւ ի նպաստ Ջերմուկի չի լինի, ապա իրենք կկիրառեն պայքարի թույլատրելի բոլոր միջոցները:
Այս պահին հանրահավաքն ավարտվել է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ