Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ուզում կարծել, որ Փաշինյանն իր խոսքի տերը չէ». ջերմուկցիները սպասում են վարչապետին

Օգոստոս 16,2019 19:03

Այս պահին Ջերմուկ քաղաքում հանրահավաք է ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործմանը: Երեկ ջերմուկցիները հայտարարել էին այս հանրահավաքի մասին եւ վարչապետ Փաշինյանին հրավիրել էին Ջերմուկ միասին քննարկելու քննչականի պատվիրած ուսումնասիրության արդյունքները՝ ինչպես պայմանավորվել էին 2018 թվականի դեկտեմբերին:

Փաշինյանն այս պահին Ջերմուկում չէ, սակայն հանրահավաքը բազմամարդ է:

«Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանն ասաց՝ 400 օր է անցել, որ Ջերմուկ համայնքի բնակիչները շուրջօրյա հսկում է եւ փակ է պահում Ամուլսար տանող հողային ճանապարհը՝ ժամանակ տալով կառավարությանը՝ խելամիտ որոշում կայացնելու:  Անկախ բոլոր փորձագիտական  գնահատականներից, ինչպես հայտարարեց Բունիաթյանը,  ջերմուկցիներն Ամուլսարի հարցում իրենց վերջնական դիրքորոշումը կայացրել են եւ այն չի փոխվելու. «Ամուլսարը հանք չի դառնալու: Նա ասաց, որ իրենք դեմ են Ջերմուկն առողջարանից հանքարդյունաբերության է վերածվելուն եւ ապա դիմեց ջերմուկցիներին.«Մենք ուզո՞ւմ ենք այսօր զոհել մեր չքնաղ առողջարանային գոտին եւ դառնալ Քաջարանի պես մի վայր»: «Ո՛չ, ո՛չ»,- արձագանքեցին հանրահավաքի մասնակիցները:

Եվ քանի որ նախաձեռնությունը վարչապետին հրավիրել էր այսօր Ջերմուկ, Բունիաթյանն ասաց. «Մենք չգիտենք վարչապետը կգա, չի գա, բայց չպետք է ունենանք տրամադրվածություն, քանի որ փորձաքննության նյութերը ծավալուն են, եւ դեռ մի քանի օր է, որ դրանք տրամադրել են կառավարությանը եւ Փաշինյանը չի հասցրել ծանոթանալ նյութերին, եւ մենք չենք ուզում կարծել, որ նա իր խոսքի տերը չէ: Ամիսներ առաջ, երբ մենք Ամուլսարի 2-րդ պոստում հանդիպեցինք Փաշինյանին, նա ասաց, որ ամեն ինչ կախված է փորձաքննության արդյունքներից: Այդ ժամանակ Փաշինյանին հարց տվեցինք՝ ինչ փորձաքննություն,  եթե դրական լինի ու համայնքը դեմ լինի… Փաշինյանն ասաց՝ երբ փորձաքննության արդյունքներ պարզ լինի, կդնեմ թեւիս տակ ու կգամ: Ու քանի որ չգիտենք կառավարության դիրքորոշումը, մենք չենք ուզում վատ տրամադրված լինենք: Ի վերջո հեղափոխությանը մասնակից են եղել ձեզանից շատերը,և հեղափոխության գաղափարախոսությունը ժողովրդավարությունն է, եւ կարծում եմ՝ Ամուլսարը պիտի դառնա վառ օրինակ Հայաստանում ժողովրդագրության հաստատման՝ անկախ նրանից այս հանքը լավն է, թե վատն է, այսօր ողջ խելամիտ հայությունը պահանջում է, որ հանքը չշահագործվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Այդպիսի միջոցառում, այցելություն չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր վարչապետը հանդիպելո՞ւ է Ջերմուկ համայնքի բնակիչների հետ, ովքեր դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը:

«Բայց վարչապետը նախատեսում է հանդիպում երկուշաբթի օրը: Երևանում հանդիպելու է համայնքի ղեկավարների, դպրոցի տնօրենների, ավագանու անդամների հետ, առայժմ այս ֆորմատով է նախատեսված: Այս պահին կառավարությունն ուսումնասիրում է ծավալուն փաստաթուղթը, որից հետո կանդրադառնա: Այս պահի դրությամբ՝ այսքանը»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե հանքի շահագործմանն ընդդիմացող ակտիվիստների, բնակիչների հետ նախատեսված չէ՞ հանդիպում՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել, քննարկվում է»:

Մամուլի քարտուղարը նշեց, որ բազմիցս ասել են, որ սպասելու են եզրակացությանը. «Եզրակացության արդյունքները կառավարության նիստում ներկայացվել է, եզրակացությունը միանշանակ չէ, տարբեր գործողություններ է ենթադրում, դրանց շուրջ քննարկումները դեռ շարունակվում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031