Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է՝ թուրքերը շուն են վարակում, գցում». Սահմանամերձ Աչաջուր գյուղում կասկածում են՝ տնտեսական պատերազմ է հակառակորդը կիրառում

Օգոստոս 16,2019 17:57

Տավուշի մարզի Աչաջուր համայնքն ունի 4573 բնակիչ, մոտ 1200 տնտեսություն: Հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ եւ անասնապահությամբ: Բնակիչների մոտ 30-40 տոկոսն արտագնա աշխատանքի են մեկնում: Համայնքի հողերի 90 տոկոսը չի մշակվում ոռոգման ջրի պատճառով:

Անցյալ տարվանից խոզերի գլխաքանակի անկում կա, դա հաստատեցին նաեւ համայնքապետարանի աշխատակիցները: Աշխատակազմի քարտուղար Յուրի Միրզոյանի խոսքով՝ «Եկան, տարան, պատճառը չասեցին: Աֆրիկյան ժանտախտ: Այդպես էին կասկածում: Վախում էին բարձրաձայնեին, ում դիմում էինք, պատկան մարմինները, որոնք պիտի հայտնեին»: Թե ինչի՞ց են վախենում, ո՞րն է խնդիրը, որ չեն հաստատում աֆրիկյան ժանտախտի մասին՝ Միրզոյանն ասաց. «Եթե ժանտախտ լինի, պիտի պետությունը փոխհատուցի: Կարանտին է արդեն՝ սահմանները պիտի փակես, չէ՞, էն որ մաքսատանը բաները հագցնում են, անց ես կենում: Ես չեմ հաստատում, որ կա ժանտախտ, բայց ժողովրդի մոտ նման զրույցներ կան: Մի քանի հոգի մոտ 50-60 գլուխ կորցրեցին, մի քանի ֆերմեր փակվեցին արդեն»:

Միրզոյանն ասաց, որ սրսկումները նորմալ արվում են, բայց գլխաքանակի անկում էլի նկատվում է. «Սահմանին մոտիկ է, Վրաստանի հետ կարող է կապ ունի, կարող է թուրքերը մի շուն են վարակում, գցում, ի՞նչ իմանաս, տնտեսական պատերազմի մեթոդ են օգտագործում»: Վերջին անկումը եղել է գարնանը:

Աչաջրում նաեւ բրուցելյոզ է տարածված եղել: Հարցին՝ եթե պատվաստումները նորմալ անում եք, անասնաբույժը լավն է, ո՞րն է խնդիրը, որ հիվանդությունների դեմ չեք կարողանում պայքարել՝ նա պատասխանեց. «Կարող է՝ քաղաքական է: Իշխանափոխությունից հետո… կարող է վարչապետի դեմ են անում, ի՞նչ իմանանք»:

Աչաջուր համայնքում շրջելիս պատահաբար մտանք բնակիչներից մեկի՝ Գեղամ Եգանյանի տուն ճիշտ այն ժամանակ, երբ խոզ էին մորթում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ լսել են՝ Աչաջրում բրուցելյոզ կա. «Մենք կով չունենք, խոզ է մի քանի հատ, էն էլ տան համար պահում ենք»: Հարցին՝ ճի՞շտ է, որ աֆրիկյան ժանտախտ կա գյուղում՝ նա սկզբում պատասխանեց՝ «Գիդում չիմ», հետո հաստատեց. «Հա, եղել է»: Բայց նա վստահեցրեց, որ իր խոզերը նորմալ են մնացել:

Նրա խոսքով՝ ոսկու գրավ են դրել, խոզը մորթում են, որ տոկոսները փակեն, մի քիչ «ձգեն». «Մորթում ենք, միսը խանութին ենք տալու, վերավաճառելու են, մենք տալիս ենք 2200 դրամով»:

Եգանյանների ընտանիքը տնամերձ այգու բերքն օգտագործում է առօրյա կարիքների համար, պահածոներ են փակում, եթե մի քիչ էլ ավելանում է, վաճառում են: Հարցին՝ գո՞հ եք՝ Գեղամ Եգանյանը պատասխանեց. «Ոչինչ: Եթե հիմա ասեմ դժգոհ եմ, ի՞նչը պետք է փոխվի»: Իսկ երբ հարցրեցինք՝ ճիշտն ասեք՝ այս իշխանություններից գո՞հ եք՝ նա պատասխանեց. «Գոհ եմ, գոհ: Առաջվանից էլ եմ գոհ: Մեկ է, ասեմ գոհ եմ, կամ դժգոհ, ոչ մի բան չի փոխվելու: Անհավատ ենք դարձել: Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո ոնց որ հոգեբանական բան է եղել, մարդիկ ոնց որ հանգստացած լինեն, մեկմեկու հանդեպ հարգանք կա արդեն: Էդ ներշնչանքն էլ մենակ հերիք է, որ իրար հանդեպ սեր, հարգանք, մի քիչ փոփոխություն կա: Գազը, լույսը որ էժանացնեն, լավ կլինի: Զգում ես, որ մարդկանց մեջները վախ կա, որ էս մի բանն անենք՝ կբռնվենք: Դա լավ է: Օրենք տի ըլի, օրինականություն, ինչքա՞ն անարխիա տհե կենա: Մնացածն էլ աշխատատեղ պիտի լինի, որ մարդիկ աշխատեն: Հեսա, հենց պակասեցրին, չէ՞, սկսիլ տի գողությունը, սկսիլ տի անշնորհքությունը: Որի երեխեն սովեց… էս անտառ-մանտառները էս ինչե՞ր են անում: Թող նորմալացնեն՝ հասկացանք, օրենքով լինի, չենք ասում անարխիա, բայց որ կտրուկ դրեցին սենց բան արին՝ ժողովրդի վիճակը շատ վատ կլինի: Մինչեւ աշուն կամ գարուն, եթե սուտ չասեմ, ժողովրդի 60-70 տոկոսի վիճակը շատ տխուր տի ըլի: Էն մեծահարուստը դիզել է արդեն իրա համար, նա բանկերում էնքան փող ունի կուտակած, է՛հ, քանի տարի ապրիլ տի: Իսկ էն «դրուժբիստը», էն օրավարձով աշխատող մարդը հաստատ տուժիլ տի: Սեզոնի էս ժամանակ ոչ Ռուսաստան կա, ոչ մի բան, ի՞նչ տի անի: Ստիպված անց տի կենա գողության, որտեղ կբռնվի՝ կբռնվի: Բա ի՞նչ անի, երեխեն իրա տի սովից մեռնի՞»:

Հարցին՝ այսինքն, կարծում եք, ծառահատումների դեմն առնելը սխա՞լ էր՝ նա պատասխանեց. «Ճիշտ է, ո՞նց է սխալ բան, ցավդ տանեմ, ո՞նց կլինի: Ծառեր կան, որ Կարմիր գրքում գրանցված են, եթե անարխիա են անում, հո հիմա՞ր չեմ, որ ասեմ սխալ է: Բայց քանի հազար հեկտարներով թափած ծառեր կան, ճանապարհը սարքեն, մարդիկ էլ օգտվեն: Աշխատեն: Ոչ թե փակեն: Փակեցիր՝ ժողովրդի վիճակը վատ տի ըլի»:

Հարցին՝ աշխատատեղ չկա՞, թող գնան աշխատեն՝ նա պատասխանեց. «Որտե՞ղ կա, ցավդ տանեմ: Էն անգամ Իջեւանում մարդիկ էին խոսում, թե բա էսքան աշխատատեղ կա: Մի հատ ապացույց բերեն, ցույց տան մարդկանց, ժողովրդին, որ էսինչ մարդն արդեն աշխատանքի ընդունվեց: Որտե՞ղ կա աշխատատեղ: Սուտ է, մի բան էլ չկա: Մենակ «նայոմնիկի» (պայմանագրային զինծառայող) տեղն է, էդ էլ 40-նն անցին ընդունում չեն, մարդ կա՝ առողջությունը նորմալ չի, մարդ կա՝ իր ընտանիքի վիճակն էնպես է, որ քոռփա երեխա ունի, հիվանդ ծնող ունի, չի կարա 15 օր իր ընտանիքը թողնի, գնա պոստում մնա: Խի պարտադրելո՞վ է, որ անտառը փակեն, ստիպված գնան «նայոմնիկ»: Սաղի խելքն էլ հասնում է, ում պետք է՝ գնում է: Չգիտեմ, ես սրանից լավ հոտ չեմ առնում: Ժողովուրդը շատ վատ վիճակի մեջ հայտնվեց: Ընդամենը իրենց պայքարը նրա համար է, որ օլիգարխների չգիտեմ ինչեր, ա՛յ մարդ, օլիգարխը տուժիլ չի, նա էնքան փող ունի դիզած, վարչապետի ասած՝ սեւագործ բանվորը, որ աշխատում է, էլի տույժը նրա՛ն տի ըլի: Աշխատատեղ որ ստեղծեին, էլի գոնե … միանգամից սեզոնի կեսինը փակեցին, դե գնացեք ապրեցեք: Մարդիկ տխրած, ձեռները չանի տակ դրած՝ մտածում են, թե իրանց վաղվա օրը ո՞նց տի ըլի: Թե ոնց տի ըլի՝ Աստված գիտի»:

Մեր հարցին՝ բա ասում են, որ սոցիալապես անապահով ընտանիքների անվան տակ խոշոր բիզնեսմեններն են օգտվում անտառ հատելով, շատ քիչ տոկոս ընտանիքներ կան, որ դրա հույսին են՝ նա պատասխանեց. «Բիզնես են անում, թող նրանց արգելեն: Որ էն Կարմիր գրքում գրած ծառերով միլիոններ են շինում, միլիարդներ են շինում, մենք ի՞նչ անենք: Մամաս մի հատ լավ խոսք ուներ, ասում էր՝ մինչեւ կուշտը նիհարի, նիհարի հարիրն էլ կկտրի: Ոնց գցում-բռնում ես, էլի էս մեր խեղճ ժողովուրդն է արանքում տուժողը: Անտառը ամենաառաջինը ես կուզեմ չկտրեն, մեր բնությունն է: Մի քանի փեթակ եմ ունեցել, սաղ սատկել են, մի քանի հատ ձի ունեմ, բերում եմ պահում, երեխեքը սիրում, փայփայում, տանում եմ սար, մեկ էլ տենում եմ՝ հո՛պ, գելը կերավ, ինչի՞ շնորհքն է, անտառի կործանման: Եթե սաղ նորմալ անեն, ձին էլ լավ կլինի, բանվոր մարդն էլ լավ կապրի: Իմ ասածն էդ է, եթե ուզում են, ով չափից ավելի փռթել է, տարել է, թող նա մի քիչ խելոքանա՝ հերիք է, բայց մեր էս բանվոր դասակարգին մի՛ նեղացրեք, մեղք է էս ժողովուրդը: Կռվի ժամանակ հրացանը ձեռին, սեփական կյանքը մեջտեղ դրած, վառոդ-մառոդ ճարելով, «պատրոն զապրավկա» անելով՝ թուրքի առաջ են ելել, «պոստ» ու սահման պահել»:

Հիշեցնենք, որ Աչաջուր համայնքը 2015-ի կառավարության որոշմամբ հարկային արտոնությունից չի օգտվում՝ որպես սահմանամերձ համայնք, քանի որ այսպես ասած «կրակի տակ» հողեր չունի: Համայնքում 180 ընտանիք նպաստառուների ցուցակում է: Աչաջուրցի Մելսիկ Ալավերդյանը թոշակառու է, կնոջ հետ խանութ են աշխատեցնում, որ օրվա հացի փող անեն: Ասում են՝ պարտքերի ցուցակն աննկարագրելի մեծացել է, խանութից պարտքով են տանում անգամ սուրճը:

Աչաջուր համայնքի բնակիչների համար աշխատատեղ են ստեղծում նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ու իր ընտանիքը: Նա ՀԷԿ ունի, ինչպես նաեւ ջերմոցներ, որտեղ հոլանդական վարդեր են աճեցնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031