Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են հին դատարանները խոչընդոտում նոր ժողովրդավարություններին. Foreign Policy

Օգոստոս 16,2019 17:33

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն օգտագործել է մարտավարության տպավորիչ լայն բազմազանություն՝ փորձելով կառավարել իր հարևանությամբ գտնվողներին: Ուկրաինայում և Վրաստանում այդ մոտեցումը ռազմական էր, մինչդեռ Մոլդովայում և Հայաստանում, ինչպես նաև Բալկաններում, Ռուսաստանը հիմնականում ոչ լիբերալ վերնախավերի միջոցով իր իշխանությունը տարածել է դատական և օրենսդրական համակարգում, զանգվածային լրատվամիջոցներում: Լինի դա ինքնաթիռների միջոցով, թե դատավորների՝ Կրեմլի ազդեցությունն այս աճող ժողովրդավարություններում եղել է զգալի՝ թուլացնելով նրանց ինստիտուտները և նրանց դարձնելով էլ ավելի խոցելի քաղաքական շահարկումների առաջ, ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականում գրում է Սթոնհիլ Քոլեջի (ԱՄՆ) քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանը:

Օրինակ, Հայաստանում, որտեղ անցյալ տարվա ժողովրդավարական անցումը իշխանության բերեց ժողովրդի աջակցությունը վայելող կառավարություն, Կրեմլը դեռ օգտվում է ինստիտուցիոնալ անկայունությունից և անորոշությունից: Հատուկ ուշադրություն կարծես թե դարձվում է Հայաստանի արդարադատությանը, որն դեռ իր մեջ պահում է նախորդ ռուսամետ կառավարության մնացորդները:

Վերջին շրջանում լարվածությունն աճեց անցյալ ամիս, երբ նախքան հեղափոխությունը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հրապարակեց գաղտնի զեկույց՝ նոր դատավորների (այդ թվում Սահմանադրական դատարանի) վեթինգի վերաբերյալ: Արտահոսած փաստաթղթում քննադատվում էր նաև նոր կառավարության բարեփոխումների առաջարկը նոր դատավորներ առաջադրելու և նշանակելու վերաբերյալ: Նախորդ կառավարության կողմնակիցները քննադատում էին այդ ջանքերը՝ որպես գործադիրի կողմից դատարանները վերահսկելու փորձ:

Դատական մարմինների կողմից ճնշման ևս մեկ մշտական աղբյուր է նախկին նախագահ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը, շարունակում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Քոչարյանի գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան՝ որոշելու նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը նույնպես նախորդ կառավարության ֆիգուրներից է, որոշել էր, որ Քոչարյանը կարող է ունենալ անձեռնմխելիություն և ազատ էր արձակել նրան կալանքից՝ մինչև դատավարության ավարտը:

Ժողովրդավարական անցումից հետո անկախ դատական համակարգ հիմնելը մարտահրավեր է նախկին խորհրդային տարածությունում: Դատարանները կամ դարձել են բարեփոխիչների կամակատար՝ համախմբելով նրանց ձեռք բերած իշխանությունը (հաճախ ժողովրդավարության հաշվին), ինչպես որ եղավ Վրաստանում և Ուկրաինայում, կամ դարձել են ավտորիտար ուժերի վերջին օջախը, ինչպես որ կարծես թե Հայաստանի դեպքն է: Երկու պարագայում էլ իրական դատական անկախությունն անհասանելի է:

Հասարակության ավտորիտար անցյալի դեմ իրավական միջոցներով պայքարելը հաճախ առաջին բաներից մեկն է, որին ձգտում է ցանկացած նոր ժողովրդավարական կառավարություն: Դրա մեթոդներից են քրեական հետապնդումը, ճշմարտության բացահայտման հանձնաժողովները, դատական բարեփոխումները, վնասի փոխհատուցումը, ոստիկանության և անվտանգության ուժերի լյուստրացիան: 1990-2008թթ. ընթացքում, ըստ վերջին հասանելի տվյալների, մարդու իրավունքների խախտումների համար դատապարտվել է պետությունների 34 ղեկավար. այդ թիվը շատ ավելի մեծ է ավելի ցածրաստիճան պաշտոնյաների դեպքում:

Այնուամենայնիվ, հետխորհրդային տարածքում այդ փորձը տարբեր է: Հետխորհրդային երկրների նախկին նախագահները խուսափել են իրենց իշխանության օրոք սխալների համար հետապնդումից՝ հաճախ փախչելով Ռուսաստան, որտեղ նրանց ապաստան է տրվել:

Այս ամենի ֆոնին Քոչարյանի դեպքը աննախադեպ է տարածաշրջանում:

Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանի թավշյա հեղափոխությունը մասամբ հաջողվեց նախորդ ավտորիտար ռեժիմի կողմից սահմանված, թեկուզ և թերի սահմանադրական կարգի սահմաններում մնալու իր ռազմավարության շնորհիվ: Այդ ռազմավարությունը, չնայած որ խաղաղ կերպով դուրս մղեց հիբրիդային ավտորիտար ռեժիմին, կարող է դառնալ խոչընդոտ: Արդարադատության՝ բարեփոխումների չենթարկված մնացուկներն ի վիճակի են գործնականում խաթարել խորհրդարանի կողմից առաջարկվող բոլոր բարեփոխումները և հակակոռուպցիոն նախաձեռնությունները:

Եվ հենց նույն չբարեփոխված դատական համակարգն է, որ պատասխանատու է Քոչարյանի գործի համար, շարունակում է Աննա Օհանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է, որ դատական համակարգում գերիշխանություն ունեցող դատավորները նախորդ ռեժիմի արգասիքներն են և կոչ է անում ստեղծել անցումային արդարադատություն՝ համակարգը բարեփոխելու համար: Փոխարենը նախկին նախագահ Քոչարյանը և նրա իրավաբանների թիմը մեղադրանքը համարում են քաղաքական վենդետա Փաշինյանի կողմից:

Բացի այդ, դատական համակարգը նույնպես հետնամուտք է Կրեմլի համար, չնայած հստակ չէ՝ որքան հեռու կգնա Ռուսաստանը տապալված վարչակարգին, այդ թվում Քոչարյանին պաշտպանելու համար: Ռուսաստանի արտգործնախարարը Քոչարյանի ձերբակալությունից հետո հրապարակավ մեղադրել է Հայաստանի նոր իշխանություններին: Ռուսական խոշոր լրատվամիջոցները նրան ներկայացնում են որպես պատերազմի հերոս և քաղբանտարկյալ: Իսկ Պուտինը հրապարակավ շնորհավորել է Քոչարյանին ծննդյան օրվա առիթով, երբ նա գտնվում էր կալանքի տակ: Բացի այդ, ինչպես և բազմաթիվ այլ երկրների նախկին առաջնորդներ, որոնք սերտ կապեր ունեին Ռուսաստանի հետ, Քոչարյանը հանդիսանում է ռուսական խոշորագույն «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

Այս պահին Հայաստանի սահմանադրական դատարանը Քոչարյանի գործն ուղարկել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի դիտարկմանը՝ եզրակացություն տալու դատախազության գործի սահմանադրականության վերաբերյալ, ինչը հիմնականում դիտարկվում է որպես նախկին նախագահի իրավաբանական թիմի հաղթանակ: Ավտոկրատ լեգալիզմի այդպիսի մնացորդները, երբ դատական իշխանությունն օրինականացնում է ներկա և նախկին ավտորիտար համակարգը, կշարունակեն խոչընդոտել Հայաստանի ժողովրդավարացմանը:

Լայն կոնսենսուս կա այն հարցում, որ Հայաստանի դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, բայց միասնական կարծիք չկա՝ երբ և որքան արագ: Ընտրությունը տատանվում է մեծ պայթյունի մոտեցման, ինչպիսին է անցումային արդարադատությունը, և աստիճանական բարեփոխումների միջև: Վերջին տարբերակը երկիրը խոցելի է դարձնում Կրեմլի կողմից պարբերական ճնշումների առաջ: Բայց առաջինը նույնպես ռիսկային է: Հաշվի առնելով Ռուսաստանում բռնկված քաղաքական ցույցերը՝ Կրեմլի համար կտրուկ աճել են ժողովրդավարության ձգտող հարևան երկրին իր ուղեծրի մեջ ներքաշելու ռիսկը, եզրափակում է Աննա Օհանյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031