Եգիպտոսը Համահայկական 7- րդ ամառային խաղերին ներկայացել է նախորդ անգամներից գրեթե կրկնակի կազմով՝ 208 մասնակից: ՀԽՀԿ գործկոմի անդամ, Եգիպտոսի պատասխանատու Պերճ Հալաջյանը դա պայմանավորում է խաղերի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությամբ, նաև՝ հանդիսավոր բացումն այս տարի Արցախում անցկացնելու հանգամանքով:
1999 թվականից Պերճ Հալաջյանն ընդգրկված է Համահայկական խաղերում: Նա նույնպես մարզիկ է եղել. 19 տարեկանում բարձրացատկի չեմպիոն է դարձել Եգիպտոսում, և նրա ռեկորդը՝ 1,89 մ, 1966-1967 թվականներին երկար ժամանակ պահպանվել է:
Պերճ Հալաջյանը ՀԽՀԿ լրատվականի հետ զրույցում ասել է, թե Համահայկական խաղերն իրեն կյանք են տալիս. «Համահայկական խաղերն ինձ կյանք են տալիս, ապրելու իմաստ, քանի որ սպորտը լավագույն միջոցն է՝ միավորելու հայերին: Երիտասարդներից շատերն առաջին անգամ են հայրենիքում, և շատ տպավորվում են, երբ Եգիպտոսի անապատներով ճամփորդելուց հետո տեսնում են Հայաստանի անտառները, լեռներն ու ձորերը. մի բան է այդ ամենի մասին կարդալ գրքերում, մեկ այլ՝ տեսնել անձամբ»:
Նա Արցախում կայացած բացումը և անցկացրած մի քանի մրցումն աննախադեպ է համարում, քանի որ աշխարհում սփռված հայերը միավորվեցին Արցախում, ճանաչեցին իրար և ցույց տվեցին մեր անպարտելի կամքը:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով սակայն, Համահայկական խաղերի կազմակերպչական հարցերում անհրաժեշտ է ներգրավել երիտասարդներին: Պերճ Հալաջյանը նաեւ հավելում է, որ հայությունը պետք է միավորվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ