Լրահոս
Օրվա լրահոսը

Արոտավայրը 6 ամսվա ընթացքում վերածվել է աննկարագրելի ճամբարի. Սրբասարի հրաշքը էկոտուրիզմի բում կարող է դառնալ Տավուշում

Օգոստոս 16,2019 16:59

Պարզվում է՝ Տավուշի մարզում Ենոքավանի հաջողության պատմությունը կարող է կրկնվել: «Լուսո արահետ» ՀԿ-ն, մարզում սոցիալապես անապահով խմբերի, երեխաների հետ աշխատելով՝ որոշել է աշխարհագրությունը մեծացնել ու հետաքրքիր, ստեղծարար գաղափար է իրականացրել՝ փորձելով անտառի դպրոց ստեղծել , որտեղ համատեղվում են հանգիստն ու ուսումը:

Կողբի վարչական տարածքում գտնվող Սրբասարը նախկինում արոտավայր է եղել, ընդամենը 6-7 ամսվա ընթացքում այն վերածվել է հրաշք ճամբարի՝ անտառի մեջ: Այստեղ կապ չկա, երեխաները կտրվում են համակարգիչներից ու հեռախոսներից ու բնության գրկում ժամանցն անցկացնում ակտիվ ու հետաքրքիր խաղերով՝ ձիարշավ, հեծանիվով զբոսանք, տարաբնույթ մրցակցային խաղեր:

Այստեղ այցելուների նախասիրությունները հաշվի են առնվելու, լինելու է վրանային տարբերակ, տնակային տարբերակ, էքստրեմալ, այսինքն, բոլոր նախասիրությունների համար:

Սրբասարը ռազմավարական նշանակություն ունի, սահմանամերձ համայնքում աշխատատեղերով ապահովելու, մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավելու առումով: «Լուսո արահետ» ՀԿ գործադիր տնօրեն Արտակ Բաղինյանն ասաց. «Մենք մի քանի համախոհներով հավաքվեցինք ու որոշեցինք իրականացնել մեր գաղափարները: Բնությունը շատ շռայլ է եղել մեր տարածաշրջանի նկատմամբ, տվել է ամեն ինչ, մենք նպատակ ունենք ավելի շատ մարդկանց հրամցնել եւ ավելի շատ օգուտ քաղել ոչ թե անտառը հատելով, այլ՝ անտառը պահելով ու ճիշտ օգտագործելով: Երեխաների եւ մեր մասնակիցների ուժերով այնտեղ արդեն մաքրման աշխատանքները կատարել ենք, ծառատունկ ենք նախատեսում, ավանդական միջոցառումներ: Անտառամերձ հատվածներում, սարերում բնակվող մեր հայրենակիցների ապրանքի իրացման խնդիր կարող ենք լուծել որոշակի եւ գրավչությունը կմեծացնենք: Վերջիվերջո, մենք էլ կընդգրկվենք համաշխարհային միջազգային տուրիզմի ընտանիքին, բոլոր նախադրյալներն ունենք՝ ե՛ւ պատմամշակութային արժեքներն ունենք, ե՛ւ բնության դաստիարակած շատ լավ, բարի ժողովուրդ, որոնք մեծ հաճույքով հյուրերին կընդունեն»:

Ճամբարն ակտիվ կգործի ամառային եւ ձմեռային արձակուրդների ժամանակ, նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին: Երեխաներին հնարավոր է անվճար սպասարկեն, բայց օժանդակ կառույցներ են ստեղծվելու եւ դրա հաշվին ինքնածախսածածկ կդառնան: Միջինը 50-60 երեխա կարող է դառնալ շահառու: Տարին 12 ամիս կարող է աշխատել: Արտակ Բաղինյանն ասաց. «Խիստ ձմեռ էլ չի լինում այստեղ, կփորձենք ձմեռն էլ օգտագործել: Ջեռուցումը կլինի փայտի վառարաններով: Մենք կհրավիրենք մասնագետներ, երեխաների հետ դասընթացներ կանցկացնեն բնապահպանական խնդիրների եւ այլնի մասին, այդ ամենը կուղեկցվի էքսկուրսիաներով, որ գրավիչ լինի երեխաների համար, իրենք ցանկանան գալ: Հիմա երեխաների մեծ մասը կամ հեռախոսների մոտ է, կամ համակարգիչների, իսկ այս ճամբարն այլընտրանք կլինի, որ կտրվեն, գան բնության մեջ»:

Ուշագրավ է, որ Սրբասարի ժամանակավոր կացարանները, տնակները, ամեն ինչ փայտից է, բայց անտառի մեջ լինելով՝ որեւէ ծառ չի հատվել, անտառի սանիտարական մաքրում են արել ու թափուկներով սարքել. «Կացին, «Դրուժբա» չի օգտագործվել: Մեր նպատակն այն է, որ ոչ թե բնությունը վնասենք, այլ պահպանենք բնությունը, օգնենք համայնքին: Երեխաների համար գուցե անվճար լինի, զուգահեռ կընդունենք տուրիստների, որոնց վճարումերի հաշվին էլ ճամբարը անխափան կգործի: Ճամբարի ներսում նախատեսվում է հիմնել ազգային խոհանոց»:

Սրբասարի շահառուները հիմնականում հաշմանդամություն ունեցող երեխաներն են: Ճամբարը նախատեսված է ոչ միայն երեխաների, այլ նաեւ ընտանիքով հանգստի կազմակերպման համար, այն հասանելի է լինելու բոլոր խավերին: Մեկ օրվա արժեքը երեք անգամյա սննդով կազմելու է 8-10 հազար դրամ, ընդ որում՝ խոսքը բացառապես էկոսննդի մասին է՝ տեղում թխվող հաց, անտառի բարիքներից պատրաստված զանազան ուտելիքներ:

Հարցին՝ քանի՞ աշխատատեղ ունեք՝ Արտակ Բաղինյանը պատասխանեց, որ այս պահին հիմնականում շինարարներ են, 6 հոգի ունեն, բայց 10 աշխատատեղ էլ կա. «Խնդիր ունենք երկարաժամկետ վարկերի հետ կապված, որպեսզի կարողանանք մեր գաղափարները մի քիչ ավելի շուտ կյանքի կոչենք: Երբ գաղափարն իրագործվի, ամենաքիչը 30-40 նոր աշխատատեղ կբացվի՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով»:

Եթե ենթակառուցվածքների վրա ներդրումներ արվեն, Սրբասարը տուրիստների լայն հոսք կարող է ապահովել: Օդի մաքրության եւ առողջության տեսակետից այն իր նմանը չունի, տարածքում հացենիներ են, որոնք առողջության վրա լավ ազդեցություն են ունենում:

Սրբասար տանող ճանապարհը բարեկարգված է: Այստեղ էկոտուրիզմի զարգացման համար ամեն ինչ կա: Տարածքի բնակիչների համար այն կարող է զարգացման նոր խթան լինել, կարող են իրացնել իրենց ապրանքները: Վայրի մոշ, տանձ, խնձոր կա անտառում, դրանց հավաքումը, պահածոյացումը կարելի է կազմակերպել: Հյուրերը դրանք կարող են համտեսել երեկոյան հաճելի ուրցի, նանայի թեյի հետ:

Սրբասարում նախատեսվում է այնպիսի հարմարություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան նույնիսկ ծնունդներ, հարսանիքներ անցկացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031