«Ինչպես միշտ ինձ բերման էին ենթարկել ապօրինաբար, միայն այս անգամ Կենտրոնի թաղապետը չկար, նախորդ անգամ երբ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ոստիկանության բոլոր պետերի հետ էր նաև Շենգավիթի նորելուկ թաղապետը»,- դուրս գալով ոստիկանության Կենտրոն բաժանմունքից՝ այսպիսի հայտարարություն արեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին այն բանից հետո, երբ Երեւանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքների կոյուղագծից զրկվելու թեմայով մամուլի ասուլիսից հետո նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի ու նշված հասցեի բնակիչների հետ որոշեցին գնալ եւ հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանին: Նրանց դիմավորեց Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը ու Սոնա Աղեկյանը տարայով նրան պարզեց կոյուղաջուրը:
Դրանից հետո ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի առաջ էին հավաքվել և′ Աղյուսագործների 86 հասցեի բնակիչներ, և′ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը կոչ արեց երևանցիներին իրենց խնդիրներով դիմել տվյալ տարածքի ավագանիներին: Այնուհետև լսեց բնակիչների բողոքը: Նրանք ներկայացրին. «Մեր տան կոյուղին անցնում է այն հատվածով, որտեղ դատավորի ընտանիքը տուն է կառուցել: Կոյուղագիծն անցնում է Ռոստոմի հետնամասում գտնվող հողամասով: Դատավորներ Ելենա Սողոմոնյանի, Հարություն Մանուկյանի տներն են, իրենք ամբողջական աղյուսներով խցափակել են կոյուղին: Մեկ անգամ թույլ են տվել աղյուսները բացել, բայց հիմա ասում են՝ թույլ չենք տալիս, որ բացեք. սա մեր տարածքն է: Քաղաքապետարանի հետ համաձայնության են եկել, որ կոյուղին իրենց տարածքով անցնի»:
Մարկոս Հարությունյանը խոստացավ՝ գործընկերների, մասնագետի հետ կայցելեն այդ հասցե ու կփորձեն խնդրին լուծում տալ:
Կարդացեք նաև
Սոնա Աղեկյանն էլ ասաց, որ թեև մինչև քաղաքապետ դառնալը Հայկ Մարությանը խոստանում էր լինել ժողովրդավար քաղաքապետ և ականջալուր լինել խնդիրներին: Նա հորդորեց քաղաքապետին գնալ նշված հասցե՝ հակառակ դեպքում կոյուղաջրով լի դույլերով երկուշաբթի գնալու են քաղաքապետարան. «Եթե ունեք արժանապատվություն, կոչ եմ անում հենց հիմա գնացեք ու շնչեք այդ հասցեում գարշահոտությունը: Անչափահաս երեխաները վախենում են «չիշիկ» անել, իսկ Աղյուսագործների 86 տան 8-ամյա տղան մեր հայրենիքի սահմաններն է պաշտպանում»:
Սոնա Աղեկյանը տեղեկացրեց՝ գնում է դատաբժշկական փորձաքննության, քանի որ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետն իր ձեռքը ոլորել է, իսկ որ նա թափել է կեղտաջուրը, դրա համար հաղորդում են ներկայացրել, և Արարատ Խաչիկյանը իրավական տիրույթում պատասխան կտա:
Ամփոփելով խոսքը՝ Երևանի ավագանու նախկին անդամն ասաց. «Պարո′ն քաղաքապետ, ունեցեք համարձակություն, ու միգուցե Ձեր հովանավոր վարչապետի հետ գնաք այդ հասցե, երեք րոպե վայելեք գարշահոտությունը, հետո հավասար տիրույթում կզրուցենք: Երկուշաբթի ժամը 11-ին դույլերով կլինենք քաղաքապետարանի շենքի մոտ: Անձամբ պարտադրելու եմ, որ քաղաքապետը շնչի այդ գարշահոտը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ