Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ավագանու անդամները պահանջում են լուծել Երեւանի աղբահանության, վերելակների, տրանսպորտի, ոռոգման խնդիրները

Օգոստոս 16,2019 15:49

Aravot.am-ն այսօր Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունեն «կարմիր գծերի» սեփականատեր «Փարքինգ Սիթի սերվիսին համայնքի բյուջեից 713 միլիոն դրամ նվիրատվություն անելու մասին: Հարցրինք նաեւ, եթե մայրաքաղաքի նախկին իշխանությունները այդպիսի գործարքի են գնացել, արդյոք այդ մասին հանրությունը, նախկին ավագանին չպետք է տեղեկացված լինեին:

Ի պատասխան ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն ասաց, որ այդ հարցին կկարողանան պատասխանել իրենց հարցերի պատասխանները քաղաքապետից ստանալուց հետո. «Ինչպես նաեւ «Սանիթեքի» դեպքում՝ փետրվար ամսին հարուցվել է, բայց հրապարակվում է հիմա, այնպես էլ մեզ անհասկանալի է, արդեն տասը ամսից ավելի է քաղաքային իշխանությունները եկել են եւ նմանատիպ ուսումնասիրությունները պետք է ավելի վաղ արած լինեին ու պետք է բացահայտումներն ավելի վաղ լինեին: Մեզ համար մի քիչ, անհասկանալի է՝ ինչու այս պահին, այլ ոչ թե փետրվար կամ մարտ ամսին: Իրավական գործընթաց է գնում, բոլոր պատասխանները պետք է գրավոր ներկայացնենք պարզաբանման համար, որպեսզի գրավոր ստանանք պատասխանները եւ դրա մասին մենք կարող ենք խոսել 21 օրից»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները դժգոհ են Երեւանի իշխանությունների աշխատանքից: Այսօր նրանք այդ առիթով եւ նաեւ իրենց կատարած աշխատանքները ներկայացնելու նպատակով ասուլիս էին հրավիրել:

Միքայել Մանրիկյանի խոսքով, այսօր բացի աղբահանությունից, որն ամենատեսանելին է՝ մի շարք այլ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծումներ են պահանջում՝ վերելակների, տրանսպորտի, քաղաքաշինության. «Քաղաքային իշխանություններն իրենց հարմարավետ աթոռներից դուրս չեն գալիս, հատկապես՝ ոչ կենտրոնական վարչական շրջաններ: Այո, երեւանցիները խաբված են քաղաքային իշխանությունների ընտրությունից»:

Ըստ նրա, վերելակների գումարները, որոնք նախատեսված էին բյուջեով, սկզբում քաղաքային իշխանությունները բյուջեն կրճատեցին, եւ միայն ընդդիմության հորդորներից հետո մի փոքր ավելացրին:

Ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի խոսքով. «Աղբի կույտերը փորձանք են դարձել երեւանցիների համար: Մենք «Սանիթեքի» հետ ենք բանակցել, խոսել, նաեւ քաղաքային իշխանության հետ ենք քննարկել խնդիրը: Երկու կողմի տեսակետն էլ գիտենք, բայց ճիշտ կլիներ, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ, ոչ թե Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը խոսեին,այլ նաեւ «Սանիթեքից» ներկայացուցիչ լիներ»:

Նա նաեւ խոսեց թունաքիմիկատների գերեզմանոցի ու ոռոգման խնդիրներից: Առաջինի դեպքում, ըստ տիկին Առաքելյանի, օդն է աղտոտվում, ոռոգման բացակայության պայմաններում էլ մայրաքաղաքի կանաչ տարածքներ են կրճատվում, հրդեհներ տեղի ունենում:

Նույն խմբակցության ավագանու անդամներ Արմեն Ներսիսյանը եւ Մարկոս Հարությունյանն անդրադարձան վթարային շենքերի բնակչների խնդիրներին: Պարոն Հարությունյանը դժգոհեց, որ քաղաքային իշխանությունների անտարբերության պատճառով Արզումանյան վթարային շենքերի բնակիչներին բնակարանով ապահովելու կառուցապատողը հրաժարվել է ներդրումից:

Նա նշեց, որ նախկին իշխանությունների օրոք տասից ավելի շենք է կառուցվել եւ ներկայիս իշխանություններին կոչ արեց սովորել նախկիններից. «Այնպես չէ, որ նախկինում միայն վատ բաներ են եղել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Միքայել Մանրիկյանի խոսքով, Ստեփանակերտ քաղաքում ամեն օր 24 մեքենա է աղբը հավաքում: Երեւանում այդ մեքենաների թիվն ավելի քիչ է: Մարկոս Հարությունյանն ավելացրեց, որ իրենք բազմաթիվ խորհուրդներով հանդես են եկել եւ լուծում առաջարկել՝ երբ առաջացել է աղբի մեքենաների դեֆիցիտի խնդիրը, բայց քաղաքային իշխանություններն ականջալուր չեն եղել, բայց հետո եկել են իրենց նույն լուծումներին:

Ավագանու անդամները պահանջում են լուծել՝ աղբահանության, վերելակների, տրանսպորտի, ոռոգման եւ այլ խնդիրները, ինչպես որ խոստացել են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031