Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում գործող Yerevan Ziplines Airlines-ը շատ առումներով միակն է աշխարհում եւ տարածաշրջանում

Օգոստոս 16,2019 15:19

Շուրջ երկու տարի մայրաքաղաքում գործող Yerevan Ziplines Airlines-ի տնօրինությունը այսօր ԶԼՄ-ներին էքստրեմալ այս զբաղմունքի հաճույքներից օգտվելու հնարավորություն էր ստեղծել:

Yereva Ziplines Airlines-ի համահիմնադիր եւ տնօրեն Ժիրայր Մուշեղյանը Երեւանի օդային ուղիների սկզբնակետում ողջունելով լրագրողներին ներկայացրեց այն նորույթը, որը եզակի է ամբողջ աշխարհում: Խոսքը VR թռիչքների մասին է: Դա 3D VR հատուկ ակնոցով թռիչք է, որի ընթացքում այցելուն օդում ճախրելուն զուգահեռ վիրտուալ իրականությունում միանգամայն այլ բան է տեսնում ու տեղափոխվում մեկ այլ իրականություն: Դա ավելացնում է ադրենալինի անջատումը եւ արդեն զիփլայնով թռիչքների փորձ ունեցողներին, որոնց զարմացնելը մի փոքր դժվար է, նոր զգացողություններ է պարգեւում:

«Մեր զիփլայնը տարածաշրջանում ամենաերկարն է եւ միակը աշխարհում, որ անցնում է կամրջի տակով: Երկու թռիչքուղի ունենք՝ 870 եւ 650 մետր երկարությամբ: Թռիչքի արագությունը կարող է հասնել ժամում մինչեւ 140 կմ, սակայն դա կախված է քաշից, հանդիպակաց քամիներից եւ թռչողի դիրքից: Առաջին թռիչքուղու սկզբնակետում թռիչքի բարձրությունը 123 մետր է, որը Դավիթաշենի կամրջի տակ կազմում է 75-85 մետր:

Երկրորդ թռիչքուղին սկսվում է 60 մետր բարձրությունից եւ ավարտվում 20-25 մետրի վրա: Սա մեզ հույս է տալիս, որ Yerevan Ziplines Airlines-ը ապագայում կհամալրի նաեւ Գինեսի ռեկորդների շարքը: Մենք շեշտը դրել ենք այն բանի վրա, որպեսզի զիփլայնը եւ մեր մյուս ծառայությունները առավելագույնս հասանելի լինեն հասարակության լայն շրջաններին: Այդ պատճառով շինարարությունն իրականացրել ենք այնպես, որպեսզի լինեն թեքահարթակներ, որպեսզի նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք կարողանան օգտվել մեր ատրակցիոնից: Կիրառում ենք նաեւ ամենատարբեր տեսակի զեղչային համակարգեր: Բացի այդ, ներդնելով միջազգային փորձը՝ անում ենք այնպես, որ այցելուի վրա ոչ մի պարտականություն չդրվի, եւ այս առումով մենք միակն ենք Հայաստանում», – ասաց նա:

Ժիրայր Մուշեղյանը նաեւ նշեց, որ գործում ու զարգացել են ժայռամագլցում եւ ժայռերից պարանային վայրէջք էքստրեմալ ձեւերը, որոնց պահանջարկը գնալով մեծանում է: «Մեր գործունեության ընթացքում բարեկարգման աշխատանքներ ենք կատարել նաեւ այգու տարածքում՝ կապված ոռոգման համակարգի, լուսավորության հետ: Բոլորովին վերջերս նաեւ համատեղ ծրագրով այգում ստեղծեցինք Սթրիթ Վորքաութի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից հրապարակ: Մենք այստեղ նաեւ թիմային խաղեր ենք կազմակերպում, որոնք թիմ բիլդինգի տարրեր են պարունակում: Մի խոսքով, բոլոր սպասելիքները, որ ունեինք այս ծրագրի սկզբում, արդարանում են: Մենք զգում ենք պահանջարկ վայելողի եւ գնահատված լինելու հանգամանքը»:

Aravot.am-ի հարցին, թե այցելուների մեջ երեւանցինե՞րն են գերակշռում, թե այլ երկրների զբոսաշրջիկները, Ժիրայր Մուշեղյանը պատասխանեց. «Մեր այցելուների մոտ 70-80 տոկոսը զբոսաշրջիկներն են, որոնք գիտեն, լսել են մեր մասին, տեղյակ են, թե ինչ ծառայություններ ենք առաջարկում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031