Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարչի ցուցահանդեսին դասական երաժշտությունն ու գեղանկարչությունը կներդաշնակվեն

Օգոստոս 16,2019 14:21

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի աշխատանքները օգոստոսի 16-ից 10 օր շարունակ հասու կլինեն արվեստասերներին: «Դալան» ցուցասրահում կբացվի նկարչի չորրորդ անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նրա ներկապնակի ամենավառ գույները, ընդգրկված են նաև 2019 թ.-ին վրձնած աշխատանքները: Ցուցահանդեսին նաեւ նկարչի մասին պատմող ֆիլմ կցուցադրվի:

Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Նարա Եփրեմյանը, Վլադիմիր Աբրահամյանի չորրորդ անհատական ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացված են նրա` երբեւէ չցուցադրված աշխատանքները, շատերն էլ` 2019 թ. կտավներ: «Դրանք վառ ապացույց են, որ նկարիչը շարունակում է ստեղծագործել, ունի նոր ծրագրեր, նախաձեռնություններ, բազմաթիվ էսքիզներ, որոնք պետք է կյանքի կոչի: Ցուցահանդեսն առանձնանում է այս ամենով»,-ասաց տիկին Եփրեմյանը:

Նաեւ հավելեց, որ ցուցահանդեսի մյուս առանձնահատկությունն այն է, որ նկարիչը սովորաբար ստեղծագործում է դասական երաժշտության ներքո, որը վայելում է իր նվագարկչով եւ ձայնապնակներով: «Ցուցահանդեսի ժամանակ փորձելու ենք փոխանցել նկարչի ստեղծագործելու ամբողջ աուրան: Դրա համար «Դալան» ենք բերել նրա ձայնարկիչը եւ օպերային արվեստի լավագույն նմուշները` ձայնապնակներով: Ցուցադրության ընթացքում անընդհատ հնչելու է դասական երաժշտություն, որովհետեւ Վլադիմիր Աբրահամյանը դասական երաժշտության, մասնավորապես օպերային արվեստի մեծ սիրահար է: «Այս անգամ ընտրված է 30 նկար, հիմնականում աբստրակտ արվեստ է ներկայացվելու»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

«Գեղանկարչությունը սկսվում է այն ժամանակից, երբ բնությունը քեզ աշխարհ է բերում»,-ասում է Վլադիմիր Աբրահամյանը: Նրա խոսքերով, գյուղը` իր ողջ գեղեցկությամբ, սարերով, հողային տներով, որտեղ ինքն է ծնվել, ի սկզբանե հուշել է, թե ինքն ինչ է դառնալու:

«Ամեն մի նկար իմ զավակն է, տարբերություն չեմ դնում, թե մեկը լավն է, մյուսը` վատը…Բոլորն էլ իմ ստեղծած գործերն են…»,-հավելում է նա:

Ինչ վերաբերում է դասական երաժշտության հանդեպ սիրուն, արվեստագետն ասում է. «Փոքր ժամանակվանից ես միշտ դասական երաժշտություն եմ լսել` Մոցարտ, Չայկովսկի…Երաժշտության մեջ սյուժե կա, որ նկարը նկարում եմ, թեկուզ աշնանային, աշնան մեղեդին ես զգում եմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Նարա Եփրեմյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031