Aravot.am-ն անդրադարձել էր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ Արթուր Մուսայելյանի խնդրին, որը պնդում է, թե ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը խոչընդոտում է իր` ատենախոսություն պաշտպանելու գործընթացին: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:
Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ի պատասխան մեր հարցման, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը խնդիրը հարթելու համար, հայտնեց հետեւյալը. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Արթուր Մուսայելյանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու նախարարության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Ա. Մուսայելյանը պետք է ավարտուն տեսքի հասցնի ատենախոսությունը, հրապարակման ներկայացնի իր գիտական հոդվածները և պատրաստի սեղմագիրը, որից հետո սահմանված կարգով կիրականացվի նրա ատենախոսության պաշտպանության աշխատանքները:
Ի դեպ, համաձայն բուհի ներկայացրած տեղեկատվության, մինչ այս Արթուր Մուսայելյանը վերոնշյալ աշխատանքները չի իրականացրել: Միաժամանակ հայտնում ենք, որ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լրատվական ծառայություն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ