Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան․ Տնտեսությունն ամբողջությամբ «սեւ ու սպիտակ» բիզնեսմենների վրա է հիմնված․ «Հրապարակ»

Օգոստոս 16,2019 12:05

Վերջին շրջանում տնտեսության վիճակը շատերին է հուզում։ Մասնագիտական կարծիք, իհարկե, հազվադեպ է հնչում, բայց երբ ոչ իշխանական շրջանակներից տնտեսության հետ կապված գնահատականներ ու ցուցանիշներ են հրապարակվում, իշխանական ճամբարից անմիջապես նույն բանը լրիվ այլ լույսի ներքո է ներկայացվում։ Եվ բանը հասնում է փոխադարձ մեղադրանքների եւ հասարակությանը մանիպուլացնելու փորձերի։ Դժվար է գտնել օբյեկտիվ տնտեսագետ, որն անաչառ գնահատականներ կհնչեցնի, բայց մենք փորձում ենք ներկայացնել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության տեսակետը։ Երեկ զրուցել ենք  ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

– Երեկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատեց իր 2 գլխավոր խորհրդականներին, որոնցից մեկը ներդրումների պատասխանատուն էր։ Համարում եք սա քաղաքական մեսի՞ջ, որ Փաշինյանը դժգոհ է իր տնտեսական թիմից։

– Ես մշտապես իմ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եմ, որ այս կառավարությունը չունի այնպիսի թիմ, որը չունի միջին, խոշոր ներդրումային ծրագրեր։ Մարդիկ, եթե ուզում են Հայաստանում ներդրումներ կատարեն, պետք է այնպիսի մարդկանց նշանակեն, որոնք պատրաստ են խնդիրներն ու ծրագրերը բոլոր օղակներով տանել եւ խնդիրները վերացնել։ Այս մարդիկ պատրաստ չեն եւ ի վիճակի չեն սպասարկել խոշոր ներդրումային ծրագրեր։ Եվ ուրախ եմ, որ վարչապետը գնացել է նման փոփոխության ու բերել մարդկանց, որոնք պատրաստ են ծառայել։

– Դուք հաճախ եք քննադատում վարչապետին, բայց հիմա գովում եք, միգուցե վարչապետն այլ՝ սուբյեկտի՞վ պատճառներով է ազատել։

– Ես հարցին ներդրումային տեսանկյունից եմ նայում եւ կարող եմ արձանագրել, որ այս տարվա օտարերկրյա ուղղակի ներրդրումները նվազել են։ Ներդրողները բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում կառավարության առջեւ։ Եվ մի կարեւոր բան եւս, եւ դա այն է, որ քաղաքական դաշտի «սեւն ու սպիտակը» տեղափոխվել են նաեւ բիզնեսի դաշտ։ Բիզնեսմեններ, որոնք լավ են իշխանության հետ,  սպիտակ են, սեւ, որոնք վատ են կամ նախորդ իշխանությունների հետ կապեր ունեն։ Բիզնեսմենների նկատմամբ կա տարբերակված մոտեցում, որը սխալ է, քանի որ տնտեսությունն ամբողջությամբ «սեւ ու սպիտակ» բիզնեսմենների վրա է հիմնված։ Լավագույն օրինակը «Սպայկան» է, երբ նրա տնօրենին կալանավորեցին, այդ բիզնեսի 100 միլիոն դոլարանոց նախագիծը կասեցվեց անհայտ ժամկետով, երբ կարելի էր այդ պրոցեսն առանց մեծ աղմուկի կազմակերպել, եւ թե՛ գումարը լիներ, թե՛ բիզնեսն աշխատեր։

– Անցնենք տնտեսական ցուցանիշներին։ Աննախադե՞պ է 2019-ի 1-ին կիսամյակին գրանցված բյուջետային եկամուտների 25.1 տոկոս աճը։ Մասնագետներն ասում են՝ անցյալում 7 անգամ նման ցուցանիշ է արձանագրվել։

– Կարծում եմ՝ պետական վիճակագրությունը շատ կարեւոր է։ Եվ այդ մասով մեր կառավարությունը շատ անելիք ունի՝ ի դեմս տնտեսական թիմի։ Ցավոք, կառավարության տնտեսական թիմը չի երեւում, տնտեսական բլոկի պատասխանատուները հաճախ հանդես չեն գալիս պարզաբանումներով, ինչը տարակարծությունների ու տարբեր մեկնաբանությունների տեղ է թողնում։ Առհասարակ, նրանք խուսափում են բանավեճից։
Երկրորդ․ ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այս տարվա աճի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ պակասել են։ Աճի տեմպը 6․8 տոկոս է, նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 8 տոկոս էր։ Ունենք նաեւ արտահանման ցուցանիշի կտրուկ վատթարացում՝ նախորդ տարվա համեմատ։ Այն դեպքում, երբ 2018-ին 2017-ի համեմատ արտահանումն աճել էր մոտ 25 տոկոսով։ Ունենք դրական եւ բացասական ձեռքբերումներ։
Գործազրկություն․ երբ խոսում ենք գործազրկության մասին, պետք է նայել պաշտոնական վիճակագրությանը։ Դրա համաձայն՝ 16 հազարով ավելացել է։ Այդ թիվը ո՛չ ես եմ հայտարարել, ո՛չ Բագրատյանը, դա պաշտոնական վիճակագրություն է։ Եվ չնայած գործող իշխանությունները հեգնանքով են վերաբերվում հաշվարկներին՝ ասելով, թե պետք չէ կալկուլյատորով հաշվել, ես առաջարկում եմ թղթի վրա հաշվարկ անել, տեսնել՝ իրենց պաշտոնական վիճակագրությունն ի՞նչ է ասում։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031