Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որպեսզի աղբը վերանա

Օգոստոս 16,2019 10:00

Թե ինչով է ավարտվելու քաղաքապետարան-«Սանիթեք» դիմակայությունը, դժվար է ասել: Իմ տպավորությամբ՝ խնդիրն այնքան է սրվել, որ առանց դատարանի հարցը չի լուծվի: Մենաշնորհ ունեցողը ինքնակամ չի ցանկանա հրաժարվել իր երաշխավորված եկամուտից, որը ստանալու համար առանձնապես ջանքեր չի գործադրում: Մենք էլ՝ քաղաքացիներս (եւ, հուսով եմ, նաեւ քաղաքապետարանը), չենք կարող հանդուրժել, որ Երեւանում պարբերաբար աղբի սարեր գոյանան:

Խնդիրն, իմ կարծիքով, առաջացել է համակարգերի փոփոխության պատճառով, որի մասին արդեն առիթ էի ունեցել գրելու: Հին համակարգը հիմնված էր փողի «սեւ» շրջանառության վրա, եւ հնարավոր ճեղքվածքները փակվում էին ստվերային պայմանավորվածություններով: Հիմա ամեն ինչ պետք է բաց եւ թափանցիկ լինի, եւ դա, համենայնդեպս, որոշակի ժամանակահատվածում խնդիրներ է առաջացնելու:

Որոշ նմանություն եմ տեսնում «ԱրմենՏելի» խնդրի հետ, այդ ընկերությունը նույնպես չէր ուզում հրաժարվել իր մենաշնորհային դիրքերից, եւ պահանջվեց բավականին երկարատեւ իրավական գործընթաց: Հուսամ, որ իշխանության մեջ հիմա կան Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Կոստանյանի մակարդակի իրավաբաններ (մի կողմ եմ թողնում այդ անձանց քաղաքական դրսեւորումները), որոնք «Սանիթեքի» դեպքում էլ պետությանն առանց կորուստների դուրս կբերեն «ապահարզանի» գործընթացից:

Բայց, ինչպես եւ այլ դեպքերում, այստեղ էլ կարեւոր է քաղաքացիների գործոնը: Ինչպես հայտնի վեպում ասում էր պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է միզել զուգարանակոնքից դուրս: Նման ձեւով կարելի է արձանագրել, որ ոչ մի «Սանիթեք» կամ քաղաքապետարանի աղբահավաք հիմնարկ չի ստիպում, որ քաղաքացիներն իրենց աղբը շպրտեն որտեղ պատահի կամ, ավելի վատ՝ ավտոմեքենայի պատուհանից նետեն երթեւեկելի մաս: «Սանիթեքի» կամ քաղաքապետարանի աղբամաններն էլ շատ ավելի բարվոք վիճակում կլինեն, եթե մարդիկ այնտեղ շինարարական աղբ չթափեն:

Ընդհանրապես քաղաքապետարանը, այս պահի «ճեղքվածքը» փակելուց հետո, պետք է աղբահանության հարցում համալիր ծրագիր սկսի, որի մասն են կազմելու ոչ միայն աղբամաններն ու աղբատար մեքենաները, այլեւ աղբավայրը, աղբի մշակումը, աղբի տեսակավորումը եւ… քաղաքացիների մշակույթը: Քիչ է պաստառ կախել՝ «աղբի տեղը աղբամանն է»: Մարդկանց պետք է դաստիարակել, կրթել մանկապարտեզից, մանկամսուրից սկսած: Որպեսզի ժամանակի ընթացքում վերանա աղբը՝ բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստներով:

…Վարչապետը երեկ հրահանգել է ճանապարհային ոստիկանությանը՝ խստորեն տուգանել ավտոմեքենաներից ծխախոտ շպրտողներին: Տեսնես մեկ տարվա մեջ քանի՞ հոգի է տուգանվելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ armlur.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Ես երբեք չեմ ծածկած որ ՛՛սփիւռքահայ որոշ ծանրութիւն ունեցող համակիր մըն եմ ՛՛ Ձեր արտայայտած տեսակէտներուն,ուր գերիշխողը ողջմտութիւնն է ,և Վարչապետի սկսած շարժումը առաջ տանող ՛՛փրկարար՛՛ շարժումին-ուր ետ-դարձ պէտք չէ տեղի ունենայ;
    Լաւ կը գիտակցիմ թէ հրապարակը աղմկողները ովքեր են և ինչ կը հետապնդեն յուսահատօրէն …/՛՛հին մեթոտներով՛՛ /;
    Սակայն Վարչապետը պէտք է գիտակցի թէ այդ ցուցարարներուն մէջ կան շատ գիտակից անձեր որ ոչ մէկ կապ ունին և ոչ մէկ համակրանք ՛՛նախորդներուն՛՛ հետ բայց կը գիտակցին որ կարելի չէ երկար ատեն կրակին հետ խաղալ,
    ՛՛սէլֆիներ՛՛ ընել օտարներուն և գիւղի մանուկներուն հետ
    զբօսաշրջիկներ պտտցնել/ ողորմելի անգլերէնով /, զարմանալի անտարբերութիւն ցոյց տալ հրապարակի աղմուկին…ամէն հրդեհ փոքր կէտէ մը սկիզբ կ՛առնէ , եթէ ատենին չհասնիս շատ աւելի դժուար կ՛ըլլայ առաջքն առնելը ;

  2. Քաղաքացի says:

    «Ամուլսար», «Սանիտեք», «Ստամբուլյան կոնվենցիա», դատաիրավական համակարգ և այս ցուցակը շարունակելի․․․Սրանք պարզապես ականներ են, տեղադրված կառավարության հիմքում, որից կարող են և օգտվում են նրանք, ովքեր որ սեփական անցյալը մաքրագրելու և պատասխանատվությունից խուսափելու խնդիր ունեն։ Բանակից և բանկային համակարգից զատ, երկրում որև է այլ հուսալի համակարգ գոյություն չունի։ Եթե մի փոքր էլ ուշանար, ինչպես կուզեք կոչեք՝ հեղափոխություն կամ իշխանափոխություն, այդ բանակն էլ արդեն չեր փրկի։ Մենք դա գիտակցում էինք, սակայն զարմանալիորեն հանգիստ էինք, որովհետև վարժված էինք այդ մտքին, վարժված էինք մեր զոհերի փաստին և կյանքը վերցնում էր իրենը, վերջապես։ Եվ միևնույն ժամանակ հասկանում էինք, որ որևէ բան փոխել այլևս հնարավոր չէ։ Տասնյակ տարիների կուտակված խնդիրները վեր հանվեցին միանգամից, ամբողջ ուժով և ամենուրեք, որովհետև արթնացավ հույսը։ Եթե մարդը, կիչ թե շատ գիտակից է, քիչ թե շատ կիրթ և տեղեկացված, և ամենակարևորը, քիչ թե շատ անձնական շահերով տարանջատված է նախորդ համակարգից, պետք է կարողանա գիտակցել պահի լրջությունը, թե ինչ վիճակում է գտնվում այսօր մեր երկիրը, իսկ կառավարությունը պարզապես մահապարտներ են։ Ժողովրդի մի ստվար և ամենագիտակից զանգվածը, հասկանալով, որ այս ամենը ժամանակ է պահանջում, տեսնելով կառավարության ազնիվ ճիգերը լուծելու այս բազմաթիվ խնդիրները, պարզապես գիտակցաբար զերծ են մնում այն նեգատիվից, որը շատրվաններով լցվում է բազմաթիվ «գիտակների», քաղաքագետների, մեկնաբանների, վարձու լրատվամիջոցների և անծայրածիր վարձու համացանցի կողմից։ Հաճախ այդ ելույթները անցնում են բարեկրթուտյան սահմանները և ուրիշ կերպ, քան պոռոտախոսություն չես կարող անվանել։ Մի ծանոթ անձնավորություն, որը Խորհրդային տարիներից սկսյալ, ստացել է բոլոր հնարավոր պարգևները, որպես ուսանող, որպես մասնագետ, որպես դասախոս, երբ իրեն դիմում ես որև է հարցով, որպես կանոն պատասխանում է – «Ես պետք է մտածեմ»։ Երեկ երեկոյան լրագրող Նվեր Մնացականյանի հյուրերից մեկը, որն «Նահանգներեն եգած էր», քաղաքագիտության Doctor, անգլերեն էլ վստահաբար լավ կտիրապետեր։ 10-ը րոպեյի ընթացքում մեր երկիրը քանդեց-հավաքեց, բոլոր փորձագիտական կազմակերպությունների գնահատականը տվեց, հեղափոխականներին որակեց սուտի հեղափոխականներ, քանի որ ԵՏՄ-ից դուրս չեն գալիս, Արցախը չեն միացնում, Ամուլսարը չեն կանգնեցնում և այդպես շարունակ։ Դա մի հրավառություն էր։
    «Որպեսզի աղբը վերանա» անհրաժեշտ է երկիրը կրթել, բառիս ամենալայն իմաստով։ Որ անձը լինի ազնիվ, համեստ, կոռեկտ, շրջահայաց և այդպես շարունակ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031