Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանաստեղծը չպէտք է յարմարուի ընթերցողին»

Օգոստոս 16,2019 12:30

Հարցազրույց Արա Արտազի հետ

– Լույս է տեսել ձեր նոր գիրքը՝ «Մութ գիշերի անուրջները», ո՞րն է ձեր գրքի ուղերձը, ի՞նչ ասելիք եք ուզում հասցնել ընթերցողին:

– Քանի որ ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցաւ գրքիս շնորհանդէսը, որոշել եմ կազմակերպել սոյն գրքիս գրականագիտական քննարկումը, որին կը մասնակցեն նաեւ բանասէրներ, գրականագէտներ եւ բանաստեղծներ, որի ընթացքում կը խօսուի ինչպէս «Մութ գիշերի անուրջներ» բանաստեղծական ժողովածուիս ուղերձների մասին, այնպէս էլ արդի գրականութեան խնդիրների եւ հրամայականների մասին։ Կարճ անդրադարձ կատարելով գրքին՝ կուզենայի ասել, որ այն ընթերցողին կը տայ զգացմունքային մեծ դաշտ եւ կուղղորդի նրան փնտրել լոյսը՝ խաւարի մէջ։ Գրականագիտական առումով այն ուղերձ է տաղաչափական պոեզիայի վերածննդի եւ գրականութիւն-լեզու կապը վերականգնելու։ Ժողովածուն նաեւ ազդանշում է դասական ուղղագրութեան վերածնունդ։

– Ձեր կարծիքով՝ այսօր ավելի շատ ինչի՞ կարիք ունի հայ գրողը:

– Ինչպէս երէկ, այնպէս էլ այսօր հայ գրողն ունի սեփական երկրի կառավարութեան եւ ժողովրդի աջակցութեան կարիքը։ Ցանկացած ազգի գրականութիւն, ինչքան էլ լինի համամարդկային, առաջին հերթին համազգային է, ազգային գրականութիւնը ազգային մշակոյթի կարեւորագոյն ուղղութիւններից մէկն է, իսկ իւրաքանչիւր ազգի մշակոյթի պաշտպանը սեփական պետութիւնն է, պետութիւն ասելով բնաւ նկատի չունենք սոսկ իշխանութիւններ, այլ ամբողջ ժողովուրդը, որի մի մասնիկն է օրուայ իշխանութիւնը։ Այսօր մշակոյթի վարչութիւն-գրող, մշակոյթի վարչութիւն-ժողովուրդ յարաբերութիւններում մեծ անջրպետ կայ, ասել կուզեմ, որ գրողը ստիպուած է միայնակ կապ հաստատել իր ընթերցողի հետ, իսկ դա դժուարացնում է նրա գրական գործունէութիւնը։ Ընդհանրացնելով խօսքս՝ ասեմ՝ հայ գրողին պէտք է գրող-մշակոյթի վարչութիւն-ժողովուրդ անջրպետը քանդել։

– Վերջերս հանդիպել եք Լեզվի կոմիտեի նախագահի հետ, լեզվական քաղաքականության, լեզվի հետ կապված ի՞նչ հարցեր եք քննարկելիս շեշտադրել:

– Լեզուի կոմիտէի նախագահ տիայր Գիւրջինեանի հետ սա իմ առաջին հանդիպումը չէր, թէ մեր առաջին հանդիպման, թէ այս հանդիպման ընթացքում խօսել ենք եւ գրաւոր, եւ բանաւոր խօսքում եղած խնդիրների մասին՝ յատկապէս հանրային հարթակներից հնչող (չանձնաւորեմ՝ չշեշտելով որեւէ անձի կամ որեւէ կառոյցի)։ Խօսել ենք նաեւ ինձ շատ յուզող դասական ուղղագրութեան վերականգնման եւ գրաբարի՝ դպրոցներ մտնելու թեմաների շուրջ, որի ընթացքում յարգարժան Գիւրջինեանը ինձ շատ օգտակար խորհուրդներ տուեց եւ ուղղորդումներ արեց՝ ողջունելով իմ պատրաստակամութիւնը այս երկու հարցերում։

– Ո՞վ է Արա Արտազը, ի՞նչ ակնկալիքներով է մտել գրականություն, ոգեւորության եւ հուսահատության ինչպիսի՞ պահեր եք ունեցել:

– Արա Արտազը մի գիւղացի հայ մարդ է՝ կարծում եմ, այսքանով ասուած է նրա ով լինելը։ Ես մտել եմ գրականութիւն՝ վերածնելու հայ դասական պոեզիան (որը եղել է մեր պատմութեան մէջ գրականութեան «ոսկէ դարը»), յեղափոխելու հայ նոր գրականութիւնը եւ կոտրելու այն կարծրատիպը, թէ դասական ոճի պոեզիան արդիական չէ։ Ակնկալում եմ, որ հասկացուած կը լինեմ ընթերցողիս կողմից, եւ ընթերցողս կը կարողանայ զգալ իմ պոեզիայում մեր հրաշագեղ հայերէնի՝ մայրենի լեզուի, կապը զգայական դաշտի հետ եւ գնահատել այնտեղ եղած գաղափարները, քանի որ լեզուն խորը մտածողութիւն եւ զգայական դաշտ ունի։ Ինձ ոգեւորել են իմ ընկերները, մտերիմները եւ շատ գրականագէտ եւ բանաստեղծ էլի իմ ընկերներն ու աւագ եղբայրները, իսկ յուսահատութեան պահեր լինում են իւրաքանչիւր դժուարին գործ ձեռնարկելիս, որոնք ընդամէնը պահեր են, իսկ յոյսը յարատեւ է։

– Ֆեյսբուքյան գրառումներից մեկում Տերյանին շնորհակալություն եք հայտնել, ինչո՞ւ հենց Տերյանին:

– Ֆեյսբուկեան գրառումներից մէկում Տէրեանին յայտնածս շնորհակալութեան պատասխանը կայ գրքիս մէջ՝ նրան ձօնուած երկու բանաստեղծութիւններով։ Այս թեման շատ ծաւալուն է, յակիրճ ձեւակերպեմ՝ Տէրեանն ինձ համար եղել է մուսայ, նա է՝ թէ իր պոեզիայով, թէ իր գրական յօդուածներով, սովորեցրել՝ ինչ ասել է՝ պոեզիայ, գրականութիւն։ Նա հայ պոեզիայում մեծ յեղափոխական է՝ թէ գրական ոճի, թէ լեզուական անաղարտութեան առումով, վերջիվերջոյ կարելի է ասել, որ Տէրեանն է մեր գրական արեւելահայերէնի հիմնադիրը, սակայն ոչ այսօրուայ աղաւաղուած տարբերակի։ Ընդհանրացնելով ասեմ՝ Տէրեանն ինձ սովորեցրել է բառերի սիմֆոնիայ ստեղծել, կապել զգայական-մտածական դաշտը մայրենի լեզուին։

– Ձեր կարծիքով՝ առցանց հարթակները կարո՞ղ են փոխարինել տպագիր գրքին եւ պատճառել այն թերթելու հաճույքը:

– Ըստ իս՝ ոչ. թուղթն էլ ունի իր՝ շունչ ու զգացմունք արտայայտելու զօրութիւնը։ Իմ գրադարանում եղած իւրաքանչիւր ընթերցուած գիրք, եթէ իր տեղում չի լինում, ես տխրում եմ՝ թէեւ մի քանի անգամ ընթերցել եմ։

– Որտե՞ղ փնտրենք ձեր նորատիպ գիրքը:

– Իմ նորատիպ գիրքը դեռեւս կայ միայն «Բուկինիստ» գրախանութների ցանցում՝ այն էլ քիչ քանակով, հնարաւոր է, որ այլ գրախանութներում եւս յայտնուի, սակայն հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Գիրքը ձեռք բերելու համար կարող էք դիմել ինձ՝ իմ ֆեյսբուկեան էջի միջոցով։

– Արդյոք բանաստեղծը պե՞տք է կոմպրոմիսի գնա ընթերցողի հետ` հարմարվելով նրա ճաշակին, ժամանակաշրջանին:

– Բանաստեղծը երբեք չպէտք է յարմարուի ընթերցողին եւ ժամանակաշրջանին, այլապէս կը համարուի գրչակ, այլ պէտք է յարմարեցնի ընթերցողին իրեն եւ ժամանակի մէջ կատարի յեղափոխութիւն, որպէսզի ապրի դարերով եւ ապրեցնի ժամանակը, բանաստեղծի ստեղծած երկերը եւ բանաստեղծը ապրում են դարերով, իսկ ընթերցողը եւ ժամանակը փոխւում են ամէն դարում մի քանի անգամ։ Պոեզիայ ընթերցելիս փորձէք կատարելագործել ձեզ եւ ժամանակը, ոչ թէ արժեզրկել պոետին եւ ժամանակաշրջանը։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

15.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱԲԵՂՅԱՆ says:

    Ամենայն լրջությամբ առաջարկում եմ վերադառնալ սեպագրերին և վերջ դնել այս տխմար ու ազգավնաս վեճին: Եվ հետո, այսպես կոչված դասական ուղղագրության ջատագովները եթե այդքան հետևողական ու անզիջում են թող պահանջեն նաև վերացնել Օ և Ֆ տառերը, Մաշտոցի ժամանակ այդպիսի տառեր չկային: Եվ վերջապես, արհեստականորեն թեժացրած այս` թող թույլ տրվի ասել բանավեճն ընդամենը մեկ նպատակ ունի` պառակտում մտցնել Սփյուռքի և Հայաստանի հայության միջև: Ինչ վերաբերում է այս նորահայտ քերթողին, ապա տասնամյակների իմ փորձն ապացուցել է, որ այն երիտասարդները, ովքեր այսպես ճարտար են խոսում, ապա գրածներն առանձնապես մի բան չեն, իսկ ով լավ է գրում աշխատում է քիչ խոսել կամ ընդհանրապես չխոսել: Կուզեի սխալված լինել, կկարդանք կտեսնենք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031