Լրահոս
Օրվա լրահոսը

«Տուրիզմը տպավորությունների վաճառք է»

Օգոստոս 16,2019 13:00

Հարցազրույց Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արթուր Ոսկանյանի հետ

– Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում մշակութային տուրիզմի գերակայության մասին: Մինչդեռ որպես մարդկային գործունեության ոլորտ, մշակույթը այլ ասպարեզ է, տուրիզմը՝ այլ: Վերջինս նույնացվում է վաճառքի հետ:

– Զբոսաշրջությունը, ըստ էության, նույնպես մշակութային գործունեության ոլորտ է, քանի որ մարդածին է: Եվ երբ ասում ենք վաճառք, այո՛, նկատի ունենք տուրիստական «պրոդուկտը»: Մյուս կողմից՝ մշակութային տուրիզմ ասելով, հասկանում ենք արվեստի, գրականության, ճարտարապետության եւ այլնի որոշակի ամբողջություն եւ հենց ամբողջությանը, հայկական մշակույթին ծանոթանալու համար է, որ մեր երկիր են այցելում զբոսաշրջիկները: Կարճ ասած՝ մշակութային տուրիզմը զբոսաշրջության այն ձեւն է, երբ հյուրը տվյալ երկիր է այցելում այդ երկրի մշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ ուսումնասիրելու նպատակով:

Ամեն դեպքում, տուրիզմը մեծ հաշվով վաճառք է եւ մեր ոլորտում մասնագիտական արտահայտություն կա՝ երկիրը վաճառել, որը նշանակում է՝ երկիրը որպես տուրիստակա՛ն ուղղություն վաճառել: Ի դեպ, տուրիզմը տպավորությունների վաճառք է: Եվ հենց լավ տպավորություններն էլ հիմք են հանդիսանում նորանոր տուրիստական հոսքեր ներգրավելու համար: Անկախ այն բանից, թե մեր երկրի զբոսաշրջային ենթակառուցվածքները ինչ թերություններ ունեն, փաստեմ, որ զբոսաշրջիկների հոսքը, միեւնույն է, ավելանում է, քանի որ նրանց ճնշող մեծամասնությունը տպավորված է հեռանում:

Որպես ոլորտի մասնագետ, նշեմ, որ 1990-ականների վերջերից պարբերաբար տուրիստական կացարանների կազմակերպման ու սպասարկման դասընթացներ ենք կազմակերպում, որոնց մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ են եւ ովքեր ցանկություն են հայտնում իրենց տանը հյուրընկալել զբոսաշրջիկների ու բնականաբար՝ ստանալ լրացուցիչ եկամուտ:

– Հավանաբար զբոսաշրջիկների խմբեր կան, որ Հայաստան են այցելում զուտ մշակութային օջախներ այցելելու համար, ասենք՝ Մատենադարան, թանգարաններ եւ այլն: Խմբեր էլ կան, որոնք հետաքրքրված են մեր գյուղական վայրերով: Արդյոք մարզերում հյուրատները պատշա՞ճ վիճակում են:

– Կոնկրետ գյուղական հյուրատները ձգտում ենք, մի կողմից՝ համապատասխանեցնել զբոսաշրջիկների ակնկալիքներին, մյուս կողմից՝ գյուղական կացարանների համար ընդունված միջազգային նորմերին: Հայաստանյան գյուղական հյուրատները լավ վիճակում են կամ ձգտում են կատարելագործման: Իմիջիայլոց, մշակութային ժառանգությունը կարող են տարանջատել երկու խմբի՝ «պաշտոնական» (թանգարաններ, համերգներ եւ այլն) եւ ոչ պաշտոնական, այսինքն՝ իրական, ինչը մեր արժեքների այն խումբն է, որին զբոսաշրջիկն առնչվում է կենցաղային մակարդակով: Օրինակ, այսինքն՝ նա ի՞նչ երաժշտություն է լսում ռեստորանում կամ հենց քաղաքային միջավայրում: Չէ՞ որ այնտեղ մատուցվում են ոչ թե շարականներ, կոմիտասյան գոհարներ…

– Իսկ մատուցվող ցածրորակ երաժշտության դեմն առնո՞ւմ եք կամ հնարավո՞ր է առնել:

– Մենք խորհուրդ ենք տալիս եւ ուղղորդում ենք տուրիստական ծառայություն մատուցողներին՝ չպարտադրել լսել այն, ինչը իրենք են նախընտրում: Մի ոչ պակաս կարեւոր հանգամանք էլ կա՝ ռեստորաններում, հյուրատներում տեղադրված գույքը: Այսօր ոչ միայն նման վայրերում, այլեւ մեր կենցաղում հանդիպում ենք նաեւ հայկական տարազին նմանակող, խեղաթյուրված նախշերով գործվածքի օգտագործումը՝ գոգնոցների, գլխարկների եւ այլնի տեսքով: Եվ հենց դա զբոսաշրջիկն ընդունում է որպես հայկական մշակույթ, ինչը, բնականաբար, ոչ մի աղերս չունի մեզ հետ: Կամ՝ զվարճանքի վայրերում 6/8 ռիթմով հնչող իբր հայկական պարեղանակները:
Պատկերավոր ասած, եթե զբոսաշրջիկը 2-3 անգամ է այցելում ու մշակույթի աղբյուրից «պղտոր ջուր» խմում, նա կդադարի Հայաստան գալ, մյուսներին էլ խորհուրդ չի տա:

– Զբոսաշրջիկներին գրավելու միջոց են նաեւ արդեն ավանդաբար մեզ մոտ անցկացվող փառատոները՝ տոլմայի, խորովածի, գաթայի, ձմերուկի, ազնվամորու…

– Նման փառատոները թեպետ գրավիչ դերակատարում եւ որոշակի կոմերցիոն գործառույթներ ունեն, սակայն դրանց առանցքը հանդիսացող արարողությունները պետք է չհակասեն մեր ավանդույթներին: Գինու փառատոնի ժամանակ, օրինակ, հաճախ աղջիկներ են ոտքերով տրորում խաղողը, մինչդեռ դարերից եկող ավանդույթի համաձայն, դա տղամարդկանց առաքելությունն էր: Նման բազմաթիվ օրինակներ կան…

– Ի՞նչ տեղեկություն կհայտնեք Հայաստանի եւ, հեռուն չգնանք, Վրաստանի տուրիստական փաթեթների գնային համեմատության «մասով»:

– Նույն տեւողության եւ զբոսաշրջիկների նույն քանակության խմբերի առումով Վրաստանի փաթեթները ավելի մատչելի են եւ հասանելի: Ճանապարհների առումով Հայաստանի հիմնական դարպասները մնում են օդային ուղիները, բացառությամբ Իրանն ու Վրաստանը մեզ կապող ավտոճանապարհներից: Վրաստանը ճկուն է ու հասանելի փոխադրամիջոցների բոլոր տեսակների առումով, եւ մենք կարող ենք շահել Վրաստան-Հայաստան համատեղ տուրիստական փաթեթների պարագայում:

Զրուցեց
ՍԱմվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Մեր օպերային թատրոնը, աշխարհում միակն է, որ ունի միաժամանակյա գործող 3 բեմ, որը պատշաճ ձևով ներկայացնելու դեպքում, որպես եզակի թատրոն, կարող է հետաքրքրել զբոսաշրջիկին: Իսկ եթե ունենանք հատուկ այդ 3 բեմի համար ստեղծված և բեմադրված ներկայացում, առավել հետաքրքիր կլինի: Այս հանգամանքը, մեզանում անտեսված է, որովհետև թատրոնը զբաղված է եվրոպական ներկայացումներով, որոնք ստեղծված են մեկ բեմի համար: (Ես ի նկատի չունեմ առանձին ներկայացումները՝ «Աիդա», «Դավիթ Բեկ», «Սասունցի Դավիթ» որտեղ, երբեմն, օգտագործվում են կողքի բեմերը) … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031