Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցների, բնապահպանների գործով դատական նիստի մասին տեղեկանում ենք… «ԴատաԼեքսից»

Օգոստոս 16,2019 13:30

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը համարել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետն արդեն լրացել է եւ որոշում է կայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին: Այդ մասին տեղեկանում ենք «Առավոտ» ուղարկված վերաքննիչ բողոքի պատասխանից, որը գրավոր ուղարկել էր բնապահպան Արթուր Գրիգորյանի շահերը ներկայացնող փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի էր տվել «Առավոտին», «Սյունյաց աշխարհին», «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքում, պատվի, արժանապատվությանը պատճառած վնասի հատուցում:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Զարգարյանը մերժել էր հայցը: Հետեւել էր Վահե Հակոբյանի վերաքննիչ բողոքը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 18-ի վճռի դեմ:

Հիշեցնեմ, որ հայցվորը բնապահպան Արթուր Գրիգորյանից պահանջել էր զրպարտության համար երկու միլիոն դրամ փոխհատուցել՝ պատվին, արժանապատվությանը հասցված վնասի համար: Ա. Գրիգորյանի ներկայացուցիչը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդումով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին: Ըստ վերջինի էլ, մարզպետ նշանակվելուց հետո, հայցվորի գործողություններում առկա էին «դիտավորությամբ կատարված գործողություններ», որոնք ակնհայտորեն դուրս են նրա լիազորությունների շրջանակից եւ «էական գույքային եւ ոչ գույքային վնաս են պատճառել» անձանց, հասարակական կազմակերպություններին, առեւտրային ընկերություններին, հասարակության եւ պետության շահերին:

Որպես օրինակ բերվում էր երեք տարի առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված անիմացիոն տեսանյութը, որն ըստ պատասխանողի՝ փորձ էր վարկաբեկելու բնապահպաններ Ինգա Զարաֆյանին ու Արթուր Գրիգորյանին, ենթադրյալ պատվիրատուն էլ նախկին մարզպետն էր, նրա հետ «փոխկապակցված սուբյեկտները»:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այս գործով նախագահողը դատավոր Լյովա Գրիգորյանն է:

Բնապահպան, կարճ ժամանակով պաշտոնյա դարձած Ա. Գրիգորյանի շահերը ներկայացնող Ն.Փիլիպոսյանը դատարան է ներկայացրել մոտ տասնմեկ էջանոց պատասխանը: Ներկայացուցիչը հայտնում է, որ վերաքննիչ բողոքը դատարանի վարույթ ընդունելու մասին որոշումն իրենք՝ ոչ պատասխանողն իր հաշվառման եւ բնակության Կալավան վայրում, ոչ ներկայացուցիչը, մինչ օրս չեն ստացել, եւ իրենք «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից են իմացել, նաեւ՝ նշանակված դատական նիստի օրվա մասին: Նշեմ, որ նիստը նշանակվել է օգոստոսի 29-ին:

Ավելորդ է հիշեցնել, որ ծանուցագիրը Քաղդատավարության օրենսգրքի համաձայն, հանձնվում է անձամբ կամ համատեղ բնակվող, կամ համատեղ աշխատող չափահաս անձին:

Պատասխանող կողմը բացառել է այն հանգամանքը, թե որեւէ մեկը կարող էր ստանալ Արթուր Գրիգորյանի փոխարեն ծանուցագիրը, քանի որ, ըստ նրանց, բնապահպանի հետ համատեղ բնակվող կամ աշխատող անձինք չկան:
Իրեն վերապահելով բողոքին պատասխան բերելու իրավունք, բնապահպանի ներկայացուցիչն անդրադառնում է առաջին ատյանում ապացուցման բեռի բաշխման ու դատական ակտի հիմնավորվածությանը:

Նրանք վերաքննիչ դատարանի ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ բողոքաբեր կողմը եւ նրա ներկայացուցիչը չեն մասնակցել առաջին ատյանում նշանակված նախնական դատական նիստերին: Այն մեկ տարուց ավելի է տեւել: Միայն դատաքննության վերջին նիստի ժամանակ են արտահայտել իրենց դիրքորոշումը՝ կապված հայցադիմումի «մինչդատական վարույթի» հետ, եւ որ ըստ պատասխանողի պատասխանի, դատարանը չպետք է ընդհանրապես լսի բողոքաբերին, քանի որ վերջինս զրկված չի եղել առաջին ատյանում:

Ի դեպ, դատական գործընթացներից առաջ պատասխանողը դիմել էր ոստիկանություն, սակայն քրեական գործ չէր հարուցվել: Այդ հաղորդման մեջ նշվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, դրան կից բարեգործական հիմնադրամի ֆինանսական գործարքներին նախկին մարզպետի հնարավոր մասնակցության մասին:

Ըստ առաջին ատյանի դատարանի. «Դատարանը հանգել է հետեւյալ եզրահանգման, որ Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակությունն ինքնին զրպարտչական բնույթի արտահայտություններ չի պարունակում, այլ վերջինս իր ենթադրությունների իրավական գնահատական տալը թողել է իրավապահ մարմիններին, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ հաղորդումը իրավասու մարմնին թողնելը, ապա ԶԼՄ-ներով դրա մասին հայտնելով, պատասխանողը չի ունեցել ուղղակի դիտավորություն, արատավորելու հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, եւ իրեն հայտնի դարձած որոշակի հանգամանքների բերումով՝ դիմելով գլխավոր դատախազությանը, խնդրել է պարզել իր կասկածները եւ իր կողմից նկարագրված արարքներին տալ քրեաիրավական գնահատական»:

Ըստ պատասխանի, Ա. Գրիգորյանը ունեցել է փաստական հիմք՝ գնահատողական դատողությունների համար, սակայն ոչ փաստական տվյալներ, որոնց ապացուցման պարտականությունը դրվեր նրա վրա:
Նման դեպքերում հանցագործության մասին հաղորդում տալու իրավունքը սահմանափակելը որեւէ կերպ չի բխում միջազգային դատական պրակտիկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» եզրույթի պահանջներից:

Ա. Գրիգորյանն ու նրա ներկայացուցիչը պահանջում են մերժել բողոքն ամբողջությամբ եւ երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031