Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաբնակարան շենքի շինարարությունը փլուզման վտանգի տակ է դրել սեփական տունը

Օգոստոս 16,2019 14:00

Ներդրումները, կառուցապատումը լավ բան է, եթե այն չի իրականացվում այլ քաղաքացիների իրավունքների հաշվին: Քաղաքային նախկին իշխանությունների օրոք այդպիսի թույլտվություններ շատ էին տրվում` չնայած, որ ամեն նոր եկած քաղաքապետ, պաշտոնը ստանձնելիս հայտարարում էր, որ վերջ է դրվելու ապօրինի որոշումներին եւ երեւանցիների իրավունքներն ու շահերը գերակա են լինելու:

Մեր երկրում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած փոփոխություններից հետո Երեւանի նոր իշխանությունները նույն պնդումն արեցին` վստահեցնելով, որ որեւէ բնակչի իրավունք չի ոտնահարվելու:

Այսօր, սակայն, Կոմիտասի 19/3 հասցեում բազմաբնակարան շենքի շինարարությունը, բնակիչների պնդմամբ, ոչ միայն քաղաքաշինական նորմերի խախտմամբ է կատարվում, այլեւ սպառնում է անմիջապես հարեւանությամբ գտնվող տան գոյությանը:

«Առավոտի» հետ զրույցում Կոմիտասի 19/4 տան բնակիչ Լիլիթ Միրզոյանն ասաց, որ շինարարության հետեւանքով տան պատերին արդեն ճաքեր են հայտնվել: Շինարարությունն իրականացվում է նրա տնից ընդամենը 1մետր 70 սանտիմետր հեռավորության վրա: Տիկին Միրզոյանի խոսքով, քաղաքաշինական նորմերով սակայն, հեռավորությունը պետք է առնվազն լինի երեք մետր: 19/4 հասցեում կառուցված տունը 40-ականների է եւ, ըստ բնակիչների, անգամ հիմք չունի:

«Այն քարից եւ հողաշաղախից է, որովհետեւ այդ թվականներին ցեմենտ-բետոն նյութը դեռ չէր օգտագործվում: Տան տակը մինչեւ երկու մետր դատարկ է, հիմք չկա, ինչն ավելի վտանգավոր է դարձնում հարակից հատվածում ծանր տեխնիկայի օգտագործումը: Որոշ աշխատանքների պատճառով մեր տան պատերն արդեն վնասվել են: Երբ տեխնիկան աշխատում է, տպավորություն է, թե երկրաշարժ է, վախենում ենք տանը գտնվել՝ մտածելով ուր որ է` կփլուզվի»,-մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Միրզոյանը: Նա մի քանի գերատեսչության նամակ է գրել, հերթական նամակն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հասցեագրել: «Թեժ գծեր» է ահազանգել: Երեւանի քաղաքապետարանից հայտնել են` ձեր դիմումին ընթացք է տրվել: Տիկին Միրզոյանը պահանջում է շինարարությունը դադարեցնել` մինչեւ որ համապատասխան մասնագետները կայցելեն ու կուսումնասիրեն:

Ի դեպ, շինարարության վայրում որեւէ ցուցանակ փակցված չէ`ով է կառուցապատողը, ինչ նախագիծ է, բազմաբնակարան շենքը քանի՞ հարկ է ունենալու, ինչ տեսք եւ այլն: Մինչդեռ ցուցանակի պահանջը եւս պարտադիր է:


Բնակիչների տեղեկություններով կառուցապատումն իրականացնում է այն նույն ընկերությունը, որը իրենց տնից մոտ 18 մետր հեռավորության վրա է շենք կառուցել, որն արդեն շահագործվել է: Այս շենքի պաստառից տեղեկանում ենք, որ կառուցապատողը «Կապիտալ Բիլդ» ընկերությունն է: Բայց թե 19/3 հասցեում էլ նույն կառուցապատողն է աշխատանքներ սկսել, պարզ չէ:

Բնակիչները բողոքել են, իրենց մտահոգություններն են հայտնել, սակայն շինարարի երեսը չեն տեսել: Լիլիթ Միրզոյանի խոսքով, իրենց բողոքներին արձագանքել է մի ինժեներ, որն առաջարկել է ցեմենտ անել տան նկուղային հատվածը, բայց այլ շինարարներ դա անիմաստ են համարել` վստահեցնելով, որ շենքն այդ դեպքում էլ կփլուզվի:

Փլուզման վտանգի տակ հայտնված տան բնակիչները սպասում են քաղաքային իշխանությունների արձագանքին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031