Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր ընտրած գյուղապետից մեր խնդիրների լուծումն էինք պահանջում, հիմա՞ ումից պահանջենք»

Օգոստոս 16,2019 14:30

Խոշորացման հետ կապված համայնքներում բազում մտահոգություններ կան

Նախորդ իշխանությունների կողմից ինտենսիվ իրականացված համայնքների միավորման՝ կամ ինչպես սովորաբար ընդունված է ասել՝ համայնքների խոշորացման գործընթացը բազմաթիվ նոր խնդիրներ ստեղծեց: Ավելի շահավետ համայնքային կառավարման համակարգ ձեւավորելու փոխարեն՝ այն առաջացրեց մի շարք խնդիրներ, որոնք խոշորացված համայնքների բնակիչների առօրյան ավելի բարդացրին: Ներկայումս ՀՀ 502 համայնքից 52-ը միավորված (խոշորացված) համայնքներ են: Մինչ միավորումը ՀՀ-ում կար 915 համայնք, որոնց 48%-ն ուներ 1000-ից պակաս բնակչություն: Այս թվով փոքր համայնքների առկայության պայմաններում համայնքների եւ դրանց կառավարման զարգացումը համարվում էր անհեռանկարային: Սա հիմք ընդունելով` 2011-ին կառավարության կողմից ընդունվեց համայնքների խոշորացման հայեցակարգը: Սակայն իրազեկման աշխատանքներն սկսվել էին դեռեւս 2008-ից:

Նոր իշխանությունները, թեեւ նախկինում քննադատում էին համայնքների միավորման գործընթացը, սակայն այժմ բազմիցս հայտարարել են, որ շարունակելու են այդ գործընթացը: Այդ պատճառով էլ վերջին շրջանում համայնքներում նեղ շրջանակով՝ հիմնականում համայնքի ղեկավարների հետ, ընթանում են քննարկումներ, իրազեկման աշխատանքներ, որոնց ընթացքում կառավարության ներկայացուցիչները ներկայացնում են միավորման գործընթացի հետ կապված հարցեր:
Համայնքներից շատերը խոշորացման վերաբերյալ դրական դիրքորոշում չունեն: Նրանք մի շարք մտավախություններ ունեն՝ կապված հաստիքների, բյուջեի կրճատման, համայնքի անկախության հետ: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի ավագանին հուլիսի 23-ին ուղերձ է ընդունել միավորման գործընթացի հետ կապված, որում արտահայտված է համայնքի ավագանու դիրքորոշումը: Ուղերձում ամրագրված է. «Լիճք համայնքի ավագանին, քննարկելով համայնքների միավորման գործընթացը, հաշվի առնելով Լիճք համայնքի բնակչության շրջանում տիրող գերակա տրամադրությունը՝ այլ համայնքների հետ Լիճք համայնքի միավորման գործընթացի նկատմամբ, հաշվի առնելով, որ այլ համայնքների հետ միավորումը չի տալիս ֆինանսական լրացուցիչ հնարավորություններ կամ նոր լիազորություններ, ավելի արդյունավետ համարելով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված միջհամայնքային համագործակցության հնարավորությունները, արտահայտելով իր կանխորոշիչ դիրքորոշումը, հայտարարում է, որ նպատակահարմար չի համարում համայնքի միավորումը որեւէ այլ համայնքի հետ»:

Նախորդ իշխանությունները հաշվի չէին առնում համայնքի կարծիքը։ Նոր իշխանությունները խոստացել են հաշվի նստել համայնքի կարծիքի հետ։ Իրավական առումով Լիճք համայնքի ավագանին համայնքի կարծիք ներկայացնելու իրավասությամբ միակ լեգիտիմ մարմինն է, որն այս որոշմամբ արտահայտել է իր դիրքորոշումը։ Արդյոք նոր իշխանությունները հավատարիմ կմնա՞ն իրենց խոստմանը։

«Առավոտը» զրուցեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի հետ: Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է իր դիրքորոշումը համայնքների միավորման գործընթացի հետ կապված, քանի որ միավորված շատ համայնքներում նշում են, որ իրենք չեն շահել միավորման գործընթացից, նա նշեց. «Այդտեղ դրական բաներ էլ շատ կան, բացասական էլ: Օրինակ՝ բյուջեի գումարների ծախսն է, բնական է՝ աշխատատեղեր կկրճատվեն: Բայց մյուս կողմից էլ կան հաստիքներ, որոնք պետք չեն: Ես միանձնյա ոչինչ ասել չեմ կարող. ավագանի կա, համայնքի բնակիչներ կան: Կորոշեն եւ ըստ այդմ՝ կշարժվենք, կառավարությունն ինչպես կասի, այդպես էլ կանենք»:

Փաստեցինք՝ ՀՀ օրենսդրությամբ միավորման դեպքում պետք է լսելի լինի համայնքի բնակիչների կարծիքը, Գնել Գրիգորյանը պատասխանեց. «Գիտեմ, լավ գիտակցում եւ հասկանում եմ, բնականաբար, Սահմանադրությամբ, ինչպես օրենքը պահանջում է, բնակիչների շրջանում էլ հարցումներ կլինեն, լսումներ կլինեն, ով ում հետ, ինչ, ոնց, փնջային կլինի, թե այլ կերպ, կորոշվի: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»:

Համայնքի ղեկավարն ասաց, որ գյուղի բնակչության մեծ մասը՝ տղամարդիկ, բոլորն արտագնա աշխատանքի են, իսկ կանայք նման հարցերով չեն զբաղվում. «Երբ արտագնա աշխատանքից տղամարդիկ վերադառնան, աշնանը խոշորացման հարցերով լսումներ կլինեն, կորոշվի»:

Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքը խոշորացել է. այն ներկայումս խոշորացված Ծաղկահովիտ համայնքի 10 համայնքներից է: Համայնքը ներկայումս չունի համայնքի ղեկավար, այլ խոշորացումից հետո այն ունի վարչական ղեկավար, որին գյուղի բնակիչները ոչ թե ընտրել են, այլ այն նշանակովի պաշտոն է: Այս փաստն անհանգստացնում է գյուղի բնակիչներին:

«Առավոտի» հետ զրույցում բնակիչներից շատերն այսպիսի մտահոգություն հայտնեցին. «Ժամանակին, երբ ունեինք գյուղապետ, ավելի հեշտ էին խնդիրները լուծվում: Ուղիղ գնում էինք նրա մոտ եւ մեր խնդիրները ներկայացնում, որոնց փորձում էր նա լուծում տալ: Իսկ հիմա վարչական ղեկավարն այդ լիազորությունները չունի, պետք է դիմի խոշորացված համայնքի ղեկավարին, մինչեւ մեր գյուղի հերթը հասնի, նոր հարցը լուծվի: Մենք մեր ընտրած գյուղապետից կարող էինք պահանջել մեր խնդիրների լուծումը, հիմա չգիտենք՝ ումից լուծում պահանջենք»:

Գյուղի բնակիչների հրատապ խնդիրներից է ոռոգման եւ խմելու ջրի հարցը: Օրերով նրանք ջուր չեն ունենում: Արդեն հոգնել են դույլերով ջուր կրելուց, գիշերները լուսացնելուց, որ իրենց այգիները (բոստանները) ջրեն: Բնակիչներից մեկն այս առիթով մեզ հետ զրույցում վրդովված նշեց. «Դատի ենք տալու «Վեոլիա ջուր» ընկերությանը: Ջրագծերը փորել են, ու Աստված գիտի, թե մեր ջրի հարցը երբ կլուծվի: Խոշորացանք էլ, էլի մեր ջրի հարցը չլուծվեց»:

Տաթև  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031