Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը նախապատրաստվում է հոկտեմբերի 1-ին

Օգոստոս 16,2019 12:00

Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երեւանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, իսկ Իրանի նախագահը հրավիրված է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ին աշխատանքային այցով ժամանեց Ղրղըզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, եւ Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

Այս տարի ապրիլի 30-ին Հայաստանի վարչապետի նախագահությամբ Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Փաշինյանը խոսել էր միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին. «Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը եւ դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»:

Այս միությունում բնական գազի գինը անգամներով տարբերվում է, այդ մասին բարձրաձայնում էին անդամ երկրները: Օրինակ, Ռուսաստանում, Ղազախստանում կապույտ վառելիքն ավելի էժան է, քան ԵԱՏՄ այն երկրներում, որտեղ չկան նավթի ու գազի պաշարներ, ինչպես, օրինակ՝ Բելառուսում կամ Հայաստանում: Դեռ անցյալ տարի դեկտեմբերի 6-ին կայացած ԵՏՄ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովում հարցը դարձավ քննարկման առարկա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմելով Պուտինին՝ նշեց, թե ռուսական գազի գինը Բելառուսի սահմանին արժե հազար խորանարդ մետրը 130 դոլար, մինչդեռ Բելառուսին սահմանակից Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում 70 դոլար: «Ինչպե՞ս մրցակցել», – հարց էր ուղղել Լուկաշենկոն:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ապրիլյան նիստին Փաշինյանը նշել էր, որ եվրասիական ուղղությունը շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանի համար. «Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Եվրասիական տնտեսական միությունում մասնակցությունը մեր կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է։ Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միեւնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2018թ. արդյունքներով Հայաստանի ողջ արտաքին առեւտրում ԵԱՏՄ չափաբաժինը կազմել է 27 տոկոս, ինչն ավելի բարձր է, քան, օրինակ, Եվրամիության չափաբաժինը՝ 24.8 տոկոս: Սակայն եթե ԵԱՏՄ երկրների հետ առեւտուրը անցած տարի 2017-ի համեմատ աճել է 11.3 տոկոսով, ապա Եվրամիության հետ ավելի շատ՝ 19 տոկոսով:

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը նկատել էր, թե 2015թ. հունվարի 1-ից գործող ԵԱՏՄ-ն քիչ հաջողությունների չի հասել՝ նորմատիվային բազան է ընդունվել, իրենց աշխատանքն են կատարելագործում միության կառավարող մարմինները: «Սակայն պետք չէ մոռանալ դեռեւս չլուծված խնդիրների մասին: Պետք է հասկանալ, թե որոնք են փոխադարձ առեւտրում խոչընդոտների շատացման պատճառները: Հատկապես՝ արգելքների պատճառները, որոնք խախտում են միության նորմերը: Ո՞րն է նման արգելքների պատճառը՝ մեր պայմանագրի ոչ կատարյալ լինե՞լը, թե՞ միության առանձին անդամների իրավական նիհիլիզմը», – հայտարարեց Ռումասը:

Ընդլայնված կազմով նիստին Փաշինյանն անդրադարձել էր ԵԱՏՄ-ին, նկատել էր, որ Հայաստանը շահագրգռված է առկա խոչընդոտների վերացմամբ, եւ առանձնահատուկ կանգ առավ, ինչպես ինքն ասաց, էներգակիրների խտրական գների հարցի վրա՝ ըստ էության ակնարկելով, որ միության անդամ երկրները տարբեր գներով են էներգակիրները՝ գազը, նավթը, նավթամթերքը ստանում, եւ դա իր ազդեցությունն է ունենում տարբեր երկրների արտադրանքի վրա. «Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միեւնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»: «Ուրախ եմ արձանագրել, որ նկատվում է Հայաստանի եւ միության անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճ: Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018 թվականին հասել է 28.5 տոկոսի։ Արտահանումը դեպի միության անդամ երկրներ աճել է 20 տոկոսով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը` 11 տոկոսով, – հավելել էր Փաշինյանը՝ վստահեցնելով.-Հայաստանն իր նախագահության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը` ինտեգրացիայի դրական դինամիկայի ամրապնդման եւ համագործակցության նոր մեխանիզմների եւ ճանապարհների որոնման հարցում»։

Այնուհետեւ Փաշինյանը հավելել էր. «Եվրասիական տնտեսական միության կարեւորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը եւ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձեւավորումը։ Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը եւ դրանց տարանցմանը միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ապրիլյան նիստում հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը կարելի է կայացած միություն համարել, եւ աշխատանքները խնդիրների հաղթահարման, խնդիրների լուծման եւ ինտեգրացիայի խորացման ուղղությամբ շարունակվում են: Նիստի արդյունքներով ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական կոոպերացիաների գործունեությանը, էլեկտրոնային թվային ստորագրությունների օգտագործմանը, ԵԱՏՄ ներքին շուկայի արգելքների վերացմանը, ապրանքների ներկրման եւ արտահանման համընդհանուր մոտեցումների կիրառմանը, ԵԱՏՄ-ում առեւտրի թվային համակարգի զարգացմանը, տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը:

Այս հավաքից 3 ամիս անց՝ օգոստոսի 8-ին, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ղրղըզստան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Օգոստոսի 9-ին նա Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը նշել էր. «Կարծում եմ՝ այն հնարավորությունը, որ տրամադրում է Եվրասիական տնտեսական միությունը, կարելի է փաթեթավորել, լիարժեք օգտագործել։ Իհարկե, մենք, եթե կարելի է այդպես ասել, ԵԱՏՄ փոքր երկրներ ենք եւ շատ ընդհանուր շահեր ունենք։ Դա, իհարկե, չի նշանակում, որ մյուս գործընկերների հետ ինչ-որ խնդիրներ ունենք, ուղղակի մենք ավելի հեշտ ենք հասկանում միմյանց խնդիրները եւ կարող ենք զարգացնել այն կառուցողական համագործակցությունը, որ կա Հայաստանի եւ Ղրղըզստանի միջեւ»։ Նրանք գոհունակություն էին հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների մակարդակից եւ վերահաստատել պատրաստակամությունը՝ զարգացնելու Հայաստանի եւ Ղրղըզստանի միջեւ համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերով, ինչպես նաեւ անդրադարձել էին այս տարի հոկտեմբերին Երեւանում կայանալիք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի վերաբերյալ հարցերին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել էր Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես էր եկել բացման ելույթով, որում ուշադրություն էր հրավիրել քննարկված կարեւոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա: Նա տեղեկացրել էր, որ ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը, շեշտել էր, որ Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է եւ արտահանման լայն հնարավորություններ ունի ԵԱՏՄ շուկաներում: «Մենք առանձնակի կարեւորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին եւ դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առեւտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում: Այս հարցում մենք կարեւոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման եւ շրջանառության եւ վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը: Մեր միության բոլոր երկրները հաստատում են հետաքրքրվածությունը Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի համաձայնեցման հարցում: Այս փաստաթղթի կյանքի կոչումը դրական ազդեցություն կունենա Միության երկրների պետական եւ մասնավոր հաստատությունների միջեւ բիզնես գործընթացների իրականացման վրա»:

Փաշինյանը հարկ էր համարել խոսել հուլիսին կատարած իր պաշտոնական այցերի մասին՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն եւ Սինգապուրի Հանրապետություն: Նա նշել էր, որ որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ Հայաստանը առանձնակի ուշադրություն է դարձնում այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: «Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու եւ համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երեւանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ դիմել ԵԱՏՄ անդամ պետություններին եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ խնդրելով հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երեւանում այն հաջողությամբ ստորագրվի: Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաեւ Իրանի նախագահին՝ մասնակցել Երեւանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,- ասել էր Փաշինյանը։

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երեւանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, անց է կացվելու միջազգային համաժողով` «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով: Փաշինյանը տեղեկացրեց, որ համաժողովին մասնակցելու համար հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները եւ ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները:

Ակնկալվում է, որ այդ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային եւ լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները եւ արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Որոշվել է նաեւ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։

Նկատելի է, որ Փաշինյանը փորձում է հոկտեմբերին Երեւանում կայանալիք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին աշխուժություն հաղորդել։ Այդ մասին վկայեց նրա հայտնած տեղեկությունները, թե Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երեւանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին եւ որ նա հրավիրել է Իրանի նախագահին մասնակցելու նույն միջոցառմանը։ Երեւանում նշյալ հավաքն առավել ներկայացուցչական անցկացնելու առումով Փաշինյանի ձգտումը հասկանալի է։

Մնում է սպասել, թե ռուսական կողմն ինչպես կարձագանքի պաշտոնական Երեւանի ձգտումներին։

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի օգոստոսի 16-ի համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ , 15.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031