Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենասկանդալային քաղաքական գործիչը՝ Հայկ Սարգսյան, ամենակայուն զարգացող մեդիան՝ tert.am (Ֆոտոշարք)

Օգոստոս 15,2019 22:02

«Ամենապոպուլյար լրատվական կայք», «Ամենալուսաբանված քաղաքական գործիչ» , «Ամենակայուն զարգացող մեդիա», «The Best Armenian Watchdog», «The Most Famous Armenian Fake». «Մեդիա պաշտպան» նախաձեռնության կողմից կազմակերպված «Մեդիա Վահան 2018-2019» մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին այս և այլ անվանակարգերում:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը 2018-2019-ի ընթացքում ամենօրյա մշտադիտարկման է ենթարկել 35 առաջատար լրատվական կայք և գործունեությունից ելնելով՝ մնացած բոլոր կայքերը: Մրցանակաբաշխությամբ ամփոփվեցին արդյունքները: «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն իր ելույթում նշեց. «Մենք նայում ենք բոլորին և ամեն ինչ, դրա արդյունքում որոշակի հետևությունների ենք եկել, որոնց հիման վրա ներկայացնում ենք՝ ինչպիսին է մամուլը, ինչպիսին ենք այն տեսնում և համապատասխան մրցանակներ ենք հանձնում»:

«Մեդիա Վահան 2018-2019» մրցանակաբաշխությանը  «Ամենապոպուլյար լրատվական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց news.am-ը, «Ամենալուսաբանված քաղաքական գործիչ»-ը՝ Նիկոլ Փաշինյանն է,  «Ամենադրական լուսաբանված քաղաքական գործիչ»-ը՝ Նաիրա Զոհրաբյանը, «Ամենասկանդալային քաղաքական գործիչ»-ը Հայկ Սարգսյանն է, «Լավագույն լուսանկարիչ»-ը՝ Ասատուր Եսայանցը, լավագույն լրագրողը «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն է, «Ամենակայուն զարգացող մեդիա»-ն tert.am-ն է, «The Best Armenian Watchdog»  անվանակարգում մրցանակ ստացավ hetq.am-ը, «The Most Famous Armenian Fake» անվանակարգում` Ankakh Hayastan-ը:

Վահե Մակարյանը նկատեց՝ նոր իրականության մեջ, նոր Հայաստանում, հեղափոխությունից հետո լրագրողների և լրատվամիջոցների համար յուրահատուկ մթնոլորտ է ստեղծվել ու նշեց. «Այս պայմաններում աշխատելը լրագրողների համար իր յուրահատուկ բարդությունն ունի: Նախորդ իշխանության օրոք աշխատելը ևս բարդ էր, բայց այս իշխանության օրոք աշխատելն իր յուրահատկությունն ունի. չեմ ուզում զուգահեռներ անցկացնել»:

Աղասի Ենոքյանը տեղեկացրեց՝ սեպտեմբերից նորից սկսելու են մշտադիտարկումը. «Այս անգամ պետական մարմինների ու դրանց լրատվական ծառայությունների աշխատանքն էլ ենք մոնիթորինգ անելու, որի արդյունքները կամփոփվեն 2020 թվականի օգոստոսին»:

Խոսելով մտահոգությունների մասին՝ Աղասի Ենոքյանը զգուշացրեց՝ մամուլին բարդ օրեր են սպասվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031