Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ Հարությունյան. «Կինն ու գինին առ Լույս գնալու ճանապարհ են». (Տեսանյութ)

Օգոստոս 15,2019 23:00

Հայաստանի գինեգործների միության նախագահ եւ «Մարան» ընկերության հիմնադիր տնօրեն Ավագ Հարությունյանի հետ Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո անկեղծ եւ անմիջական զրույց ունեցանք:

Հումորով տրված հարցին` համամի՞տ է ժողովրդախոսակցական լեզվով արված այն արտահայտության հետ, թե գինին «շառ» է, Ավագ Հարությունյանը ժպիտով պատասխանեց, որ գինին ունի տարաբնույթ դրսեւորումներ` կախված հոգեվիճակից, տրվող հարցերից եւ ակնկալվող պատասխաններից:

Տիկնոջ հետ` ԶԱԳՍ-ում:

Հայր եւ որդի Հարությունյանները:

Ջոն Բոլթոնի հետ:

Իսկ ի՞նչ ընդհանրություն կա կնոջ եւ գինու միջեւ, եթե չհաշվենք հերոսին հաղթելը: «Հարցը երեք պատասխան ունի, նայած` որ համատեքստում ենք դիտարկում: Գինին որպես նյութական արժեք համարելու համատեքստում, գինին որպես մշակութային, ազգային արժեք հասկացության մեջ եւ գինին որպես հոգեւոր արժեք: Այս երեքն էլ տարբեր իրարամերժ պատասխաններ են: Ինչ վերաբերում է երրորդին` կինը եւ գինին ընկած են բոլոր կրոնական ուսմունքների հիմքում` որպես առ Լույս գնալու ճանապարհ, ճշմարտությանը հասնելու ուղի, սա հոգեւոր շերտն է: Նյութական շերտում կինն ու գինին անտագոնիստական հարաբերությունների մեջ են, միշտ պայքարում են իրար դեմ, ավելի ճիշտ` երկուսը միասին պայքարում են տղամարդու դեմ (ծիծաղում է-Գ.Հ.)…Ազգային-մշակութային տիրույթում կախված է մեկնաբանություններից` պայմանավորված է նրանով, թե Գավառո՞ւմ ես հարցը տալիս, Ապարանո՞ւմ, թե՞ Վայոց ձորում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ ծնվել է մի գյուղում, որտեղ խաղողի այգիներ կան, իսկ որտեղ այգի կա, տղաներն այլ կերպ են դաստիարակվում եւ մեծանում. «Դա թողնում է իր կնիքը ամբողջ հետագա` որպես տղամարդ ձեւավորվելու վրա: Հստակ տարբերություն կա տղամարդկանց միջեւ, որոնք մանկությունն անցկացրել են երկրագործական եւ ոչ երկրագործական շրջաններում: Գինու համտեսելը սկսվում է հենց այն պահից, երբ ձեռքդ մեկնում ես խաղողին…Հետո, իհարկե, կյանքն իր շփումները կատարում է, նայած, թե դու ինչ ես սպասում այդ շփումներից»:

Ասպիրանտուրայի տարիներին:

Բանակում

Ընտանիքով:

Գինու համտես:

Պարոն Հարությունյանը մի դրվագ հիշեց` կապված մասնագիտության ընտրության հետ. «Ուզում էի ընդունվել համալսարանի քիմիական ֆակուլտետ, ուղղակի երազում էի քիմիականի: Հայրս ոչինչ չէր ասում: Երբ պետք է գործերս բերեինք հանձնելու, ասաց` գործերդ կհանձնենք, բայց երկու բան եմ քեզ ցույց տալու: Եկանք համալսարան, մտանք քիմիականի նկուղները, որտեղ ռեակտիվների հոտերն էին, հեղձուցիչ օդ, որը երկար հնարավոր չէր շնչել, ապա գնացինք այլ տեղ: Մենք ունեինք բարեկամ, որը գլխավոր գինեգործ էր, գնացինք իրենց տուն, որտեղ ինչ-որ առիթով հավաքվել էին: Պատկերացրեք հայկական սեղան, որի շուրջ 70 տղամարդ է նստած, 70-ն էլ գինեգործ…Եվ հանկարծ մի թեթեւ խոսք, որ այս տղան կարող է գինեգործ դառնալ…Պատկերացրեք, թե ինչ կենացներ կհնչեին…»:

Իսկ իր կարծիքով գինի խմելն ի՞նչ է, ծե՞ս է, սովորո՞ւյթ է: Ի պատասխան՝ Ավագ Հարությունյանն ասում է, որ գինին մարդու ընկալման մեջ երկար ճանապարհ է անցել, այն բոլոր ուսմունքների ամենահիմնարար արժեքներից է եւ ի սկզբանե եղել է պատուհան` այլ աշխարհներ տեսնելու համար: «Կային շամաններ, կախարդներ, որոնք կարիք ունեին իրենց ցեղախմբի համար բերել այլ ուժեր, որովհետեւ կենցաղային խնդիրներ էին առաջանում, եւ կարիք ունեին տեսնելու այդ ուժերին: Նրանք հայտնաբերեցին հոգեմետ խոտերը եւ տեսան, որ այդ խոտերն ավելի լավ են պահպանվում գինու մեջ եւ գինու մեջ դրանց ազդեցությունն ավելի երկարատեւ է եւ ուժեղ: Այսինքն, գինի խմելը որպես աշխարհընկալման առաջին իմաստ` այլ ուժեր տեսնելն էր: Հետո սկսվեց արժեւորվել երկինքը, հետո երբ անցան հողագործության, սկսեցին արժեւորել հողը, երբ սկսեցին արժեւորել հողը, սկսեցին թաղել հանգուցյալներին…

ուսանողական տարիներ

տատիկների հետ:

Մանկության տարիների լուսանկար

Եկավ մի պահ, որ մարդկությունը փորձեց գտել կապը անդրաշխարհի, երկրային եւ երկնային աշխարհների միջեւ եւ տեսավ խաղողի վազը, որի արմատները 20-30 մետր իջնում են ներքեւ, 60-70 մետր վազը բարձրանում է ժայռերի վրա, եւ գինին դարձավ երեք աշխարհները միմյանց կապողը, գինի խմելն այս փուլում դարձավ երեք աշխարհներում ճամփորդելու կամուրջ:

Այս համատեքստում Հայկական լեռնաշխարհը դարձավ դոմինանտ մարդկության համար, որտեղ ծնվելը եւ մեռնելը համարվում էր երաշխիք` երեք աշխարհներում արժանավայել, առողջ եւ երջանիկ ապրելու համար: Սա էր պատճառը, որ գալիս էին Հայաստան` ամուսնանալու խաղողի մեջ, մեռնելու գինու մեջ…Սա էր Հայաստանի կոնցեպտը, որը հետո մտավ Հին կտակարանի մեջ որպես դրախտային երկիր, մարդկության, քաղաքակրթության հայրենիք ու սկիզբ…

Հաջորդ ընկալումն ավելի կարեւոր է, գիտեք՝ ոնց է գինին ստացվում. խաղողի հյութը եռում է, պղտորվում, ապա զուլալվում…Այսինքն՝ գինին դեպի մաքրություն գնալու ճանապարհ է, առ լույս գնալու ճանապարհ է»,- նշում է մեր զրուցակիցը:

Հաջողակ լինելուն էլ անդրադարձ եղավ: «Երբ նյութական արժեքների պրիզմայով ես նայում, միշտ քեզ համեմատում ես ուրիշների հետ, ուժեղների եւ հարուստների հետ եւ ընկնում ես դեպրեսիաների մեջ: Իսկ երբ դու գնում ես դեպի հոգեւոր արժեքները, քեզ չես համեմատում ուրիշների հետ, քեզ դիտարկում ես ընդհանուր գաղափարի մեջ, տեսնում ես, որ բոլորը հավասար են…Քրիստոնեությունն ասում է՝ բոլորը հավասար են մեռնելուց հետո, Արեւելքն ասում է` բոլորը հավասար են ծնվելուց հետո…Սրանք շատ տարբեր բաներ են…Եվ երբ դու կանգնած ես Բացարձակի առաջ, Բացարձակի հետ ոչինչ չես համեմատում»,- ասաց Գինեգործների միության նախագահը:

Ինչ վերաբերում է այն անհաջող հումորին, որ չկա տգեղ կին, կնոջ գեղեցկությունը տղամարդու աչքին պայմանավորված է խմիչքի քանակությամբ, Ավագ Հարությունյանը նշեց. «Ինչ սպասում են կնոջից, դա կախված է նրա արտաքինից, սա արեւմտյան մոդելն է: Արեւելյան մոդելն ասում է՝ կնոջ սերունդ տալու առաքելությունն է գեղեցիկ: Հետո փիլիսոփաները փնտրել-գտել են ներքին գեղեցկություն, արտաքին գեղեցկություն, ուրիշ այլ գեղեցկություններ:

Ինչ վերաբերում է գինուն, գինին ընդամենն արագացնում է մտքիդ ընթացքը` դեպի դրական եւ դեպի բացասական: Երբ դու գինի ես խմում, եւ մտքիդ ընթացքը դրական է, ամբողջ աշխարհը գեղեցիկ է եւ գունեղ, կինն էլ ներսով ու դրսով գեղեցիկ է, իսկ երբ մտքերդ դեպի մինուս են գնում, կնոջ գեղեցկությունը կարող ես գնահատել միայն արտաքինով, որովհետեւ իր ներսը ի վիճակի չես տեսնել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Գլխավոր լուսանկարը` Նարեկ Ավագյանի

Լուսանկարները` Ավագ Հարությունյանի արխիվից:

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031