Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ էլ լսել, չգիտեմ, որ մի հատ գեներալ կամ օլիգարխ Իջեւանում փայտի առեւտրով զբաղվի». Իջեւանի ավագանու անդամը՝ ծառահատողների մաֆիայի մասին

Օգոստոս 15,2019 21:07

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը օրերս ներկայացնելով Տավուշի ծառահատողների մաֆիայի ողջ շղթան, հավաստիացրել էր, որ արդեն արդյունավետ պայքար են տանում նրանց դեմ եւ եթե առաջ 150 մեքենա էր դուրս գալիս անտառից, հիմա՝ ընդամենը 5 եւ բոլորն օրինական:

Մինչ վարչապետն ու մարզպետը խոսում են Տավուշի անտառները թալանող օլիգարխիայի, նրանց ստեղծած ցանցի մասին, Իջեւանի ավագանու անդամը ճիշտ հակառակն է պնդում:

«Մեր մարզում մոտ 30 հազար ընտանիք կա, ովքեր անտառի սպառողն են հանդիսանում, նրանք օգտագործում են միջինը 10 խմ փայտ, ընտանիքներ կան՝ 20-30 խմ: Այդ մարդիկ էին, որ դուրս էին եկել ու ճանապարհ էին փակել: Տարբեր տեսակի քննարկումներ եղան, բայց բուն խնդրին չանդրադարձան, թե էդ մարդիկ ի՞նչ պետք է անեն հետագայում, որպեսզի նմանատիպ խնդիրներ չառաջանան: Շատ ընտանիքներ որպես էներգիայի ստացման հիմնական աղբյուր անտառն են օգտագործում»,- ասաց ավագանու անդամ Խաչատուր Համզյանը:

Հարցին՝ այսինքն, կարծում եք, թե նրանք, ովքեր դուրս էին եկել փողոց ու ցույց էին անում՝ այդ շահառունե՞րն են՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, ակամայից ստեղծվում է բիզնես, ես կարող եմ քայլերն ասել, թե ոնց է ստեղծվում այդ բիզնեսը: Ենթադրենք, մեկին թույլատրում է պետությունը, որ 8 խմ թափուկ հանի անտառից, այս մարդը թոշակառու է, չի կարող մենակ գնա անտառ, պիտի ինձ պատվիրի, որ գնամ: Իսկ եթե ես գնամ, բիզնես շահ եմ հետապնդում: Ես թուղթը վերցնում եմ, որ իր համար գնում եմ անտառից փայտ բերեմ, սովորական բերում ու վաճառում եմ: Ճանապարհին էլ կանգնացնում են՝ ո՞ւմ համար ես բերում՝ էս մարդու համար: Այդպես աշխատել է մինչեւ էսօր: Թափուկը, որը պետության կողմից անվճար տրամադրվում է բնակիչներին՝ իրենց անձնական խնդիրները հոգալու, այդ մարդուն անվճար չի հասնում, էսօր ո՞վ կգնա հենց այնպես աշխատանք անի, մի քանի հոգու էլ հավաքի, էդ մարդկանց հաց ու ջրի հարցը լուծի, բենզին ծախսի ու բերի նվեր տա: Չի լինում չէ՞ այդպես»:

Հարցին՝ ինչո՞ւ են բնակիչները մնացել անտառի փայտի հույսին՝ պատճառն ի՞նչն է, որ չեն ուզում գազ վառեն, վճարունակ չե՞ն թե՞ այլ պատճառ կա՝ Համզյանը պատասխանեց. «Ամենախոցելին հնարավոր է մի 5000 ընտանիք լինեն, որոնք գազի համար էլ պետությունից սուբսիդավորում են ստանում: Գյուղերում գազն օգտագործում են հիմնականում կաթսայով տաք ջուր ստանալու համար: Ջեռուցման համար փայտ են օգտագործում: Հիմա, եթե պետությունը այդ 5000 ընտանիքներին սուբսիդավորի ջեռուցման հարցը լուծեն, էն միջին խավին էլ որպես աշխատուժ օգտագործի…Մարդիկ կան, որ ամբողջ կյանքում փայտ են կտրել, ուրիշ գործ չեն էլ պատկերացնում ու պետությունը կարող է այդ մարդկանց որպես աշխատուժ օգտագործի, բայց վերահսկի, որ ոչ թե ծառը կտրեն, այլ թափուկը տեղափոխեն պահեստներ: Պետությունը պետք է գնի դա նրանցից: Անտառից փայտը տեղափոխեց՝ իր տեղափոխածի համեմատ վարձատրվի ու իր համար դա լինի աշխատանք:

Համզյանը, ինչպես նաեւ ավագանու անդամ Թաթուլ Աթաբեկյանը փորձում էին այնպես ներկայացնել, թե մարդիկ իրոք այդ փայտի կարիքն ունեն, ուստի հարցին՝ պնդումներ կան, որ դա բիզնես է, գեներալների մասին է խոսք գնում, նրանց անունն է շրջանառվում, որ իրենք են կանգնած դրա հետեւում, դա հարեւանի փայտը կտրոնով բերել ու վաճառել չի, դա բիզնես է, ընդ որում, Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ են անգամ տանում՝ ինչպե՞ս եք դրան արձագանքում՝ Խաչատուր Համզյանը պատասխանեց. «Իջեւանում այդ մարդիկ, որոնց անունները հնչեցրիք, հնարավոր է տարածքներ ունեն առած, բայց որ իրենք ստեղ փայտի բիզնեսով են զբաղվում, ես չեմ տեսել նմանատիպ երեւույթ ու չեմ էլ լսել, չգիտեմ, որ մի հատ գեներալ կամ օլիգարխ Իջեւանում փայտի առեւտրով զբաղվի»: Նրա խոսքով՝ «Մենք ունենք մոտ 300 հազար խմ տարածքով վառելափայտ օգտագործող, հիմնականում բերում են փոքր մեքենաներով: Փոքր մեքենաներով չեն կարող անտառը մինչեւ վերջ մտնեն, ճանապարհի եզրերից են տանում ու արդեն կտրում են մանր ծառերը: Մոտակա տարածքներում թափուկ չկա, գոյություն չունի: Իսկ այդ մեծ բիզնեսները, որոնք գերան են հանում անտառից, շատ փոքր թիվ է ու ինքն ավելի քիչ վնաս է տալիս: Ճշտել եմ տվյալներ, մոտավորապես տարեկան 50 հազար խմ է»:

Aravot.am-ը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը կառավարության նիստում՝ Իջեւանի անտառահատումների վերաբերյալ. «Երբեմն այնպիսի տպավորություն կարող է ստացվել կողքից, որ ասենք Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել և վաճառելով: Ամենևին այդպես չէ: Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց, և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»: Մենք հարցրեցինք՝ դուք այստեղ բնակվում եք, ավագանու անդամ եք, ո՞նց եք ասում օլիգարխիա չկա, վարչապետն ասում է՝ ցանց են պահում, կոռուպցիոն լծակներով, հիմա հարցը դա է՝ կա՞ այդ ցանցը ըստ ձեզ, թե՞ չկա՝ Համզյանը պատասխանեց. «Կան այսօր անտառով հարստացողներ: Գործին տեղյակ լինելով ներսից՝ գիտեմ, որ էն փոքր մեքենաներով, երբ տեղափոխում են, ավելի շատ են վնասում անտառին, քան շինափայտ հանողները: Փոքր ծառով, որպեսզի 100 խմ կտրեք, հազարավոր ծառ եք կտրում, կարելի է ասել՝ էդ տարածքը հնձում են, բան չեն թողնում արդեն, այսինքն, փոքր մեքենաներով դիմացի ծառեր են կտրում, որոնք փոքր են: Իսկ շինափայտ հանողը գնում է ամենավերջից կարող է մի ծառ բերի ու 30 տուկը ստանա: Ուղղակի օրինական պիտի արվի էդ ամեն ինչը: Հիմա ես չգիտեմ՝ օրինակա՞ն են անում, թե՞ անօրինական, բայց կողմնակից եմ մեծ ծառերը հատեն, ոչ թե փոքրերը»:

Հարցին՝ այն, ինչ կատարվեց Իջեւանում, այդ բունտը սոցիալակա՞ն էր, թե՞ օլիգարխիայի պայքարն էր՝ Համզյանը պատասխանեց. «Սկզբից արդարացի պահանջներով մարդիկ էին հավաքված, ճանապարհ փակողները, ես նրանց հետ զրուցել եմ: Էդ մարդիկ ունեցել են հստակ պահանջներ, կոնկրետ լուծումներ: Նրանք ոչ թե պահանջում էին անտառը կտրեն, անտառի կտրելը օրինականացնեն, էդ չէին պահանջում, պահանջում էին օրինական դաշտում ինչ-որ աշխատանք ունենալ: Մեծ մասը սկզբից բեռնատարի վարորդներ էին հավաքված: Հետո, երբ արդեն թեժացավ պայքարը, կեսօրից հետո, երբ արդեն այնտեղ հավաքվածները ոչ սթափ վիճակում էին գտնվում, էդ մարդկանց 90 տոկոսին ոչ ոք երեւի չէր ճանաչում: Իսկ բեռնատարի վարորդները բողոքում էին, որովհետեւ փաստաթղթով, երբ գնում են, օրինական թղթով, եթե նույն օրը դուրս չեկավ ինքը, խնդիր ունի դուրս գալու: Խնդիրը սա է եղել, մի քանի անգամ էդ օրը գնացել են մարզպետարան, հետ եկել: Բայց արդեն օրվա կեսից այնտեղ հավաքված էին ուրիշ մարդիկ, որոնք անգամ չգիտեին էլ խի են կանգնած»:

Մենք հարցրեցինք՝ այսինքն, ուղղորդվա՞ծ էին՝ Համզյանը պատասխանեց. «Իրենք անհասկանալով կանգնած պայքարում էին, որ պտի ամեն ինչ անենք, սենց պիտի լինի: Էդ չէր սկզբի պահանջը, սկզբից նորմալ, ադեկվատ քննարկում է գնացել»:

Թաթուլ Աթաբեկյանն էլ ասաց, որ մարզպետն արդեն որոշ մարդկանց աշխատանքի է տեղավորել, 70 հոգու ինքը գիտի, որ տեղավորվել են:

Համզյանի խոսքով՝ Իջեւանում աշխատուժի խնդիր կա. «Էդ, որ ասում են գործ չկա, այնքան էլ այդպես չէ: Կարանք հենց էս օբյեկտում տիրոջը հարցնենք՝ խնդիր ունի՞ աշխատուժի, թե՞ չէ: Ցանկացած օբյեկտում էլ կարանք հարցնենք: Քանի դեռ անտառի գործը կար, աշխատուժի խնդիրը կար, ոչ ոք չէր գնա աշխատելու: Միտինգի ժամանակ էլ մի քանի երիտասարդ արտահայտվեցին՝ օրը 20 հազարով, 10 հազարով արժի՞ աշխատել: Էդ գաղափարն էր: Եթե մեկին ուզում էիր աշխատանք առաջարկել, ինքը միանգամից մտածում էր՝ ես մի օրում կգնամ, մի քանի ժամ անտառում կլինեմ, 6-7 հազարը կառնեմ, ինչի՞ս է պետք ամենօրյա աշխատանք: Այսինքն, ամիսը 150 հազարանոց աշխատանք իրենք չէին ուզում»:

Աթաբեկյան էլ հավելեց՝ անտառում ծառ կտրելը ծանր աշխատանք է՝ ե՛ւ վտանգավորության, ե՛ւ ֆիզիկական առումով:

Համզյանի խոսքով՝ «Համարեք կռվի դաշտ ենք գնում ամեն օր, չգիտես՝ հետ կգաս, թե չէ: Չկա իջեւանցի, որը շփված չլինի անտառի հետ: Ծառերն ընկնում են, զոհ է լինում: Ծառը կարող է թեքություն ունենա սենց, կտրում ես՝ կարող է այն կողմի վրա գնա: Չես կարող ջոկել՝ նրա լարվածությունը որ կողմի վրա է, ունեցել ենք դեպքեր, երբ կտրողի վրա է ընկել: Չկա գյուղ, որ սեզոնին նմանատիպ ցավալի դեպքեր չլինեն»:

Թե հիմա Տավուշում ինչ աշխատատեղեր կան՝ Համզյանն ասաց. «Ցանկացած տեղ աշխատատեղեր կան, կոնկրետ ասֆալտապատման հետ կապված տեղացի աշխատողներ չկան, մարդիկ ասում են՝ տեղացի մարդ չենք ճարում, որ աշխատի ու էդ մարդիկ դրսից են բերում: Դուրս է գալիս, որ էդ մարդու տեղի, մնալու հարցն են լուծում, դրսից բերում են այստեղ, ընտանիքից կտրում, իսկ տեղացին չի աշխատում: Էդ մարդկանց չի հետաքրքրում մշտական, բայց ցածր աշխատավարձով աշխատանք»:

Ցույցի ժամանակ մարդիկ ասում էին՝ իմ երեխային շուտ եմ քնեցնում, որ հաց չուզի ուտելու: Ավագանու անդամի դիտարկմամբ՝ «Չեմ ճանաչում այդ ընտանիքին ու չեմ էլ հավատում, որ էդ մարդու ասածը սրտից էր բխում ու ճիշտ էր: Եթե մարդու երեխան սոված լինի, ամեն ինչ էլ կանի: Եկանք նրան, որ մարդիկ աշխատանք ունեն, չէ՞, որ չեն գնում էժան աշխատանքի, այսինքն, իրենց երեխան սոված չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031