Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք օրինականացնել միասեռականների ամուսնությո՞ւնը»․Գյումրիում սկսվել է ստորագրահավաք

Օգոստոս 15,2019 20:40

Մի քանի օր է ՝ Գյումրիում սկսվել է ստորագրահավաք ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի։ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչները սեղան են տեղադրել Գյումրու կենտրոնական Ռիժկովի ճեմափողոցում, որտեղ և ակտիվ քննարկումներ են ընթանում նրանց ու գյումրեցիների միջև։ Ստորագրահավաքի կազմակերպիչների ասելով, այս քաղաքում կոնվենցիայի վավերացմանը դեմ արտահայտվող քաղաքացիների թիվը բավական մեծ է, նրանք շատ ակտիվ են, ընդ որում գյումրեցիների մեծամասնությունը ծանոթ է կոնվենցիայի բովանդակությանը, այն ներկայացնելու կարիք չկա։ Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանը այն «վտանգների փաթեթ» որակեց:

«Հիմարություն է պնդել, որ մարդիկ չհասկանալով են ստորագրում, իբրև միայն ստամբուլյան բառն է իրենց վախեցնում, այդպես չէ, նրանք կարդացել ու գտել են այն կետերը, որոնք վտանգավոր են մեզ համար։ 3-րդ գլուխն ամբողջապես վախեցնում է․ ի՞նչ է նշանակում կին է համարվում 18 տարին չլրացածը, 3 կամ 5 տարեկան աղջիկը դիտարկվում են որպես կանայք, դա բնակա՞ն է Հայաստանում։ Սա սիրուն փաթեթավորում են որպես կանանց պաշտպանության կոնվենցիա, բայց եթե իրենք ուզում են կանանց պաշտպանել, ինչի՞ է մտնում 3-րդ սեռ հասկացությունը, ի՞նչ է նշանակում գենդերային պատկանելություն, թող բաց գրեին կանանց, եթե իրենք ուզում էին պաշտպանել կանանց։

Ի՞նչ է նշանակում արմատախիլ անել բոլոր ավանդույթները, սովորույթները, որոնք ուղղված են կանանց ստորադասման վրա, մենք նման սովորույթներ և ավանդույթներ չունենք, դրանից հետո նշում են կարծրատիպային դերաբաժանում, աբսուրդ են գրել, հայկական իրականությանը չվերաբերող բաներ։ Եթե մենք ուզում ենք պայքարել ընտանեկան բռնության դեմ, մենք ունենք ներպետական օրենքներ, որոնք շատ սիրուն գրված են, այն մարդիկ, ովքեր զբաղված են սրա քարոզով, հիմնականում ԼԳԲԴ համայնքի ներկայացուցիչներ են կամ դրսից ֆինանսավորվող կառույցներ։ Ես չեմ հանդիպել մարդու, որն ասի՝ դա բնական է, նորմալ է»։

Մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց ապաստարան տալու հետ կապված։ «Պատկերացրեք, եթե 5 միլիոն թուրքեր անցնում են սահմանը և ասում են՝ մենք ընտանիքում ենթարկվել ենք բռնության, հոգեբանական բռնության, դա շատ բարդ ապացուցելի է։ Ու մենք ունենք Իտալիայի փորձը․ 2 օր առաջ բացահայտվեց, որ 40-ից ավել երեխաների մանիպուլյացիայի միջոցով, հոգեբանների միջոցով ասել էին, որ իրենք ընտանիքում ենթարկվել են բռնության։ Քաղաքապետի որոշմամբ տվել էին այն ընտանիքներին, որոնք իրենք ընտրել էին, հետո բացահայտվեց, որ իրականությանը չհամապատասխանող է։ Այդ երեխաները 1-2 տարի ապրել են ուրիշի տանը, այդ երեխաների հոգեկան աշխարհը պատկերացնո՞ւմ է ինչ-որ մեկը, ո՞նց են վերաբերվել իրենց հետո, ինչի՞ են ենթարկվել այդ երեխաները»,-ասում է Արամ Խանզադյանը։

Արթուր Արամյանն էլ, որը նույնպես Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության խորհրդի անդամ է, ասաց․ «Մշակույթը, ազգային գոյության ձևերը կենսական նշանակություն ունեն, այս միջազգային փաստաթուղթը, որը վտանգում է մեր ազգային գոյության ձևերը, բերում է արհեստածին, օտար արժեքաբանական համակարգ։ Հմուտ կերպով սահմանված վերնագիր՝ ընտանեկան բռնության կանխարգելում, դրա դեմ պայքար, նույնը նաև կանանց նկատմամբ, բայց կոնվենցիան կարդալուց, 81 հոդվածը վերլուծելուց և տարբեր անկյուններից տարբեր վեկտորներ հանելով ու զուգահեռներ տանելով՝ ստանում ենք մի պատկեր․ սա մի մոդել է կառուցված և արհեստական ստեղծված, որի շուրջ հետագայում միասեռականներին ու ԼԳԲԴ համայնքին տան ընտանիքի կարգավիճակ, օրինականացնեն ամուսնությունները, տան երեխաների որդեգրում, մեր պետությունը պարտավորվելու է գենդերային հիմքով ապաստան տալ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031