Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտելով մարդկային էությունը՝ Տիգրան Ձիթողցյանի արվեստ

Օգոստոս 15,2019 19:46
hayeli

Տիգրան Ձիթողցյանը մարդկային էությունը բացահայտող վարպետ է, արվեստագետ: Նա դա անում է՝ կերտելով գերիրատեսական, հաճախ մոնումենտալ կտավները, որոնք, եթե անգամ հպվում են դեմքիդ, միևնույն է՝ թվում են, թե միլիոնավոր մղոններով հեռու են քեզանից:

Իրենց ուլտրա/գերլուսանկարչական ճշգրտությամբ, հետևաբար և՝ բացահայտ հստակությամբ, այդ աշխատանքները քեզ են նայում տարօրինակ հարազատությամբ, անբացատրելի համակրանքով ու սևեռումով, սակայն՝ ոչ երբեք դատելով։ Նրանք նաև ճանաչելու, պեղելու բանալիներ են տալիս քեզ՝ սակայն երբեք չբացահայտելով ճանապարհը կամ միջոցը։

Այո, դա այդպես է, որովհետև արվեստագետ և մտածող Ձիթողցյանը պարզապես քաջատեղյակ է մարդկային հոգու փառահեղ անընդգրկելիությանը, հետևաբար և՝ անմեկնելիությանը։

Նա գիտե բացարձակ մենակության անհրաժեշտությունը, ու, միաժամանակ, գիտե սառնասիրտ ու լուռ համառությամբ բացահայտել բաբախող սրտի թաքնված լեզուն:

«Հայելին» Տիգրան Ձիթողցյանի ամենանշանավոր շարքերից է: Այս միագույն/մոնոխրոմ/ աշխատանքներում հիմնականում պատկերված են դեմքերը ձեռքերի հետևում թաքցված կանանց դիմանկարներ, իսկ նրանց՝ բնորդուհիների դիմագծերն արտացոլվում և երևակվում են ձեռքերի վրա։

Ձիթողցյանի բացառիկ գործերի շարքում են  2000-ականներին նվիրված «Հազարամյակը» և «Միացում» վերտառությամբ աշխատանքները, ինչպես նաև «Պաշարիր Wall Street-ը» նկարները։

Իր՝ հիմնականում այլաբանական աշխատանքներում, Ձիթողցյանը զրոյացնում է տեխնիկապես հագեցած մեր հասարակական-քաղաքական իրականությունը, ու, միաժամանակ, տարեց իմաստունի խորհրդին հետևող երիտասարդի խելամտությամբ՝ ազատորեն վերցնում է համաշխարհային արվեստի մեծերից։

Տիգրան Ձիթողցյանն ապրում և աշխատում է Նյու Յորքում: Նա ծնվել է 1976 թ.-ին, Երևանում։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց, երբ տասը տարեկան էր: Այդ ցուցադրության ավելի քան 100 նկարներ Երևանից ուղևորվեցին ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և Իսպանիա: Հետագայում Ձիթողցյանի աշխատանքները շարունակվեցին ցուցադրել աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում: Ավարտելով Երևանի Գեղարվեստի ակադեմիան, Ձիթողցյանն իր  մագիստրական կոչումը ստացավ Շվեյցարիայի L’Ecole cantonale d’art du Valais- ում: Հետագայում նա իր մասնագիտական կրթությունն ամբողջացրեց Անգլիայում և Հարավային Աֆրիկայում:

Ձիթողցյանի շատ ստեղծագործություններ մասնավոր հավաքածուների մաս են կազմում։ Նրա աշխատանքները ներառված են նաև աշխարհի բազմաթիվ թանգարանների և պատկերասրահների մշտական հավաքածուներում։

Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ նրա աշխատանքները ներկայացնող «Ամերիկյան հայելի. անմահության մտադրություն» ֆիլմը 2018-ին արժանացավ մրցանակի։

Ձիթողցյանին հանդիպեցի Երևանում՝ նրա հետ խոսելով օգոստոսի 22-ին, Նուռ Ցուցասրահում բացվելիք իր անհատական ցուցահանդեսի մասին։

-Ունենալով որոշ կոմպոզիցիոն ընդհանրություններ, «Հայելի» շարքի աշխատանքներն, այնուամենայնիվ, զանազան մեկնաբանությունների և ընկալումների առիթ են տալիս: Ո՞րն էր այս շարքի ստեղծման շարժիչ ուժը:

-Որպես ուսումնասիրող և պրպտող մեկն, ով աշխատում է դիմանկարի ժանրում, ես չէի կարող չանդրադառնալ սելֆիի երևույթին: Սկզբում այն ներխուժեց սոցիալական ցանցեր, իսկ հետո եկավ զտման ժամանակաշրջանը: Ինձ ապշեցնում էր ինքնացուցադրման այդ  մոլուցքը, որը սակայն  շուտով վերահսկելի դարձավ: Եվ ես սկսեցի պատկերել կանանց զտված դիմանկարներ, այնպիսին, ինչպես նրանք ցանկանում էին երևալ ուրիշներին: Ես զտողի դեր ստանձնեցի: Շարունակական  ինքնադիրքավորումով հանդերձ՝ նկարի սուբյեկտը թաքնվում է վերահսկվող, կառավարելի պատկերի և սահմանափակող զտիչների հետևում:

-«Գրաքննված» վերտառությամբ կտավում կինը ձեռքերով թաքցնում է դեմքը՝ կարծես պաշտպանվելով հետաքրքրասեր աչքերից: Սրան ի հակադրություն, «Հայելի» շարքի կանայք, թեև ձեռքերով ծածկել են, բայց չեն թաքցրել իրենց դեմքը: Ի՞նչ եք տեսնում այս տարբերակներում:

– Դա իմ կյանքի մի շրջան էր, երբ կնոջը վերաբերվում էի որպես «ուրիշ, այլ» երևույթի, որը միաժամանակ թե՜ առեղծված է, թե՜ գրավիչ: Այդ շարքի վրա աշխատելիս նաև ինքս ինձ էի ուսումնասիրում, քննում էի նրա հետ ձուլվելու, կնոջն ամբողջությամբ ճանաչելու հեռանկարը։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ հնարավորություն ունեցա մանրակրկիտ աշխատել այնպիսի մանրամասների վրա, ինչի ժամանակն ու հնարավորությունը իրական կյանքում չէի ունեցել:

– «Հազարամյակ», «II Հազարամյակ», ինչպես նաև «iPray» աշխատանքներում, ուր պատկերել եք մարդկության կյանքում տեխնոլոգիաների անկասելի ազդեցությունը, կարծես երևույթն առավել ընդգծելու նպատակով, ներառել եք Տիրամորն ու Մանկանը: Ի՞նչ եք կարծում, արդյոք կոմպոզիցիոն, իմացական և հուզական առումներով գաղափարներն առավել ազդեցիկ են դառնում, երբ դիտարկվում են անցյալի մշակույթի դիտանկյունից:

– Արվեստը պատմության ընթացքում փոխել է իր գործառնական նշանակությունը։ Վերածննդի գեղանկարչությունը իդեալականացնում էր հոգևոր և սոցիալական արժեքները: Մենք այսօր տեխնոլոգիական վերածննդի դարաշրջանում ենք ապրում։ Երբ ինձ անհատական ցուցահանդեսով հրավիրեցին Ֆլորենցիա՝ որոշեցի ավանդական Ֆլորենտական դպրոցի գեղանկարչական լեզվով և տեխնիկայով ներկայացնել ժամանակակից ընտանեկան արժեքները։ Ես համադրեցի ու սրբանկարները մեկնաբանեցի մերօրյա տեխնոլոգիականներով: Ահա, թե ինչու է առկա մոր և երեխայի միջև բաժանումը և «գործառնական մեկուսացումը» ավանդական այն ձևաչափերում, որոնք սովորաբար կիրառվում էին սրբերին փառաբանելու համար:

– «Պաշարեք Wall Street-ը» վերտառությամբ աշխատանքը կարծես ձեր անդրադարձը լինի սոցիալական անարդարությանը. պոլո խաղացողն իր կենսակերպով հակադրվում է սոցիալ-տնտեսական ամենօրյա խոչընդոտներ հաղթահարող զանգվածներին։ Արդյոք արդար կլինի ասել, որ Նյու Յորքն իր խիտ ու թանձր էներգետիկայով մեծապես ներկա է ձեր աշխատանքներում:

Եվ, առհասարակ, ձեր աշխարհընկալումների վրա Նյու Յորքն ի՞նչ ազդեցություն ունի։

– Լինելով Wall Street-ի բնակիչ՝ «Պաշարիր Wall Street-ը» ցույցերի ժամանակ ես ամեն օր իմ շենքի առջև հեծյալ ոստիկանության էի հանդիպում։ Մի օր հրավիրվեցի Համփթոնի «Պոլո-ի բարեգործական ձեռնարկին» ու հայտնվեցի  սոցիալական բոլորովին հակադիր մի միջավայրում, ուր շուրջս քննարկվում էին հարուստների և հզորների խնդիրները: Ու ես մտածեցի, ինչ կլինի, եթե  պոլո խաղից վերցնեմ ձիերին և նրանց հանդիպեցնեմ իմ հարևանությամբ գտնվող Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքում 9-ից 5 աշխատանք ունեցողներին։ Ես այդ աշխատանքը նվիրել եմ բարեգործության նպատակով:

Հայկական հայելին», թերևս, ձեր ամենավառ, ապշեցնող ու առեղծվածային ստեղծագործություններից է:  Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես ուզում էի նկարել այսօրվա Հայաստանի դիմանկարը: Ծերանոցում մի տարեց կնոջ հանդիպեցի: Նա զարմանալի, ապշելու գեղեցիկ հայկական աչքեր ուներ: Բայց 2015-ի նկարում նրա աչքերը չեք կարող տեսնել` երկու ձեռքով փակ է դեմքը: Ես ուզում էի նկարել հայ տատիկի, ով շատ բան է տեսել և պատմելու այդքան շատ բան ունի։ Եվ, այնուամենայնիվ, օրվա սոցիալական և քաղաքական իրողություններից ելնելով, նա նախընտրում է թաքցնել դեմքը: Նա մեր՝ բոլոր հայերի տատն է, նրա հետ կարող է նույնականանալ մեզանից յուրաքանչյուրը։

Կարծում եմ, նա այսօր կուզենար ցույց տալ իր գեղեցիկ դեմքը։ Հայաստանյան իրականության մեջ այսօր փոփոխություններն ակնառու են, և այն արտացոլված է փողոցում քայլող հայ մարդկանց դեմքին։

Ես երբեք Հայաստանն այնքան պայծառ և բացսիրտ չեն տեսել, ինչպես այս օրերին։ Իսկ ես պարզապես դիտորդ եմ…

 

Զրուցեց Սոնա ՀԱՄԱԼԵԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031