Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն ռիսկն ինքնին կա, բայց հարց է՝ արդյոք այդ ռիսկը դրսևորման վերածվե՞լ է, այդ 5 միլիոն դրամից ատկատներ գնացե՞լ են». Վարուժան Հոկտանյանը՝ ԱԺ Վարդավառի տոնի կազմակերպման ծախսերի հիմնավորվածության մասին

Օգոստոս 15,2019 19:30

«Կոռուպցիոն ռիսկն ինքնին կա, բայց հարց է՝ արդյոք այդ ռիսկը դրսևորման վերածվե՞լ է, արդյոք ինչ-որ մեկը դրանից նյութական օգո՞ւտ է ստացել, այսինքն՝ այդ 5 միլիոն դրամից «ատկատներ» գնացե՞լ են կամ ինչ-որ բանե՞ր են գնվել, որոնց իրական արժեքը ոչ թե հինգ միլիոն, այլ ասենք հինգուկե՞ս է եղել, կամ երեք կամ չորս»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ ԱԺ-ն միջոցառման կազմակերպումը պատվիրվել է «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ներին, և Անի Ջուլհակյանն ու Մերի Սոլոյանը ՀՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի  ընկերուհիներն են, և ծախսվել է 5 միլիոն դրամ, որքանո՞վ է հիմնավորված այս ծախսը և այս փաստը կոռուպցիոն ռիսկ պարունակո՞ւմ է, այսպես պատասխանեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նա առանձնացրեց մի քանի խնդիրներ և մանրամասնեց. «Առաջին խնդիրը գնման առարկայի բնութագրեր կոչվող հարցն է. դա իրո՞ք հինգ միլիոն է, թե՞ երեք կամ չորս: Երկրորդը՝ կոռուպցիայի մյուս դրսևորումը, խնամի-ծանոթ-բարեկամն է»:

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ հասկանալու համար արդյոք այս ռիսկերը դրսևորվե՞լ են, պետք է այս հարցում ուսումնասիրություն կատարեն իրավապահները. «Ոնց ես հասկացա՝ հաղթողը եղել է Մերի Սոլոյան անհատ ձեռնարկատերը և գրանցվել է  ընդամենը հինգ օր առաջ՝ 2019-ի հուլիսի 23-ին: Կոռուպցիայի մի տեսակ կա. դա խնամի-ծանոթ-բարեկամի տարբերակն է: Եվ չի բացառվում, որ նույն՝ ասենք Լուսինե Բադալյանի ընկերուհին է ինքը և նման այլ խնդիրներ էլ կան: Իհարկե, դա պետք է ուսումնասիրվի: Պետք է ուսումնասիրվի գնման ամբողջ գործընթացը, որ հասկացվի՝ ով է մրցույթին մասնակցել, ինչ է եղել, ոնց է մրցույթն անցել, գնման առարկայի բնութագրերն ինչպիսին են եղել»:

Մեր այն դիտարկմանը՝ անգամ եթե գնման գործընթացը կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան արդեն այն, որ հաղթող կազմակերպության ղեկավարն ու ԱԺ պատգամավորը ընկերուհիներ են, դա ռիսկայի՞ն չէ, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Պետք է հասկանալ՝ մրցութային հանձնաժողովն ով է եղել, ինչ կապ է ունեցել այդ պատգամավորի հետ, այդ ամենը պետք է նայել, քանի որ կարելի է ասել որպես կանոն օրենքի տառին նայում ես, ամեն ինչ համապատասխանում է, հետո երբ խորանում ես բովանդակության մեջ, գնման գործընթացում թղթերով է ամեն ինչ կարգին, բայց, երբ խորանում ես, տեսնում ես՝ ամեն ինչ այդքան էլ մաքուր չի եղել: Մյուս կողմից օրենք կա՞, որ ասենք պատգամավորի ընկերուհին չի կարող մասնակցել գնման գործընթացին, չկա: Բայց բոլորն էլ ենթադրում են, որ ինչ-որ մի բան այն չի եղել: Դրա համար ասում են կոռուպցիոն ռիսկ, ոչ թե կոռուպցիոն դրսևորում»:

Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ դա պետք է ուսումնասիրի ոչ թե հասարակական կազմակերպությունը, այլ ՊՎԾ-ն. «ՊՎԾ-ն նման բաներ սիրում է ուսումնասիրել, հիշում եք, թե ինչ մեծ ջանասիրությամբ սկսեցին հեմոդիալիզի սարքերի գնման գործընթացն ուսումնասիրել: Եթե իսկապես ունեն այդ քաղաքական կամքը, եթե նրանց որևէ բան կամ անձ կամ պաշտոնյա չի խանգարում, նրանք պետք է որ դա բավականին լուրջ ուսումնասիրեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհին է: Լուսինե Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը, ասաց՝ այդպես է, սակայն ինքը մրցույթի արդյունքներից տեղյակ չի եղել:

«Ես ուզում եմ հասկանալ՝ իմ մեղքը ո՞րն է, որ մրցույթը հաղթել է մարդը, բայց պարզվել է՝ իմ ընկերուհին է: Ես տեղյակ չեմ ընդհանրապես մրցույթից: Ընկերուհի ասելով՝ այնպես չէ, որ ես տեղյակ եմ՝ ինքն ինչ մրցույթների է մասնակցում կամ ինչ է հաղթում: ԱԺ-ում էլ կազմակերպչական աշխատանքներից բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեմ:

Ինձանից կարծիք չեն էլ հարցրել՝ ինչպես կազմակերպեն, ում հրավիրեն: Ես քաղաքում չէի, ինձ գրեցին՝ էս ինչ օրը կկարողանա՞ս քաղաքում լինել, վարել, ես ասացի՝ այո, գնացի, տեսա՝ իմ ընկերուհիներն էին, հաճելի անակնկալ էր: Ինքը չլիներ, ուրիշը լիներ, էլի իմ ընկերներ էին լինելու, քանի որ հաշվի առեք, որ ես 20 տարի այդ ասպարեզում եմ աշխատել ու միջոցառումներ եմ վարել, բոլոր կազմակերպիչների հետ ընկերական հարաբերություններ կան: Ես ակնարկը հասկանում եմ, որ հավանաբար ես եմ կազմակերպել և այլն, բայց իմ կարծիքը բացարձակապես ոչ ոք չի հարցրել: Շատ ուրախ եմ, որ իմ ընկերուհիներն այնքան լավ են կազմակերպում, որ իրենք են հաղթում»,-մանրամասնեց Լուսինե Բադալյանը:

Հարցին՝ տեղյա՞կ է, որ ՀՀ ռեգիստրում տվյալ կազմակերպությունը գրանցվել է միջոցառումից ընդամենը 5 օր առաջ, Բադալյանը բացասական պատասխան տվեց. «Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, նմանատիպ գործարքներից էլ տեղյակ չեմ: Ես այդ ոլորտի հետ որևէ առնչություն էլ չեմ ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031