Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամուտ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ 12 քրեական գործ է հարուցվել. Ազատամուտցիների խոսքով՝ թալանել է, ինչպես Մանվել Գրիգորյանը

Օգոստոս 15,2019 18:09

Ազատամուտ համայնքում նախորդ աշնանը լարված ու թեժ էր: Նախկին համայնքապետը հրաժարական չէր, տալիս, մարդիկ բողոքի ցույցերի էին դուրս եկել:

ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի գործողություններում առկա են հանցագործության տարրեր։

Ի վերջո, Ժորա Մարտիրոսյանի դեմ քրեական գործ հարուցվեց՝ ինքնիրավչության հոդվածով եւ նա հրաժարական տվեց: Ցույցերի արդյունքում նոր համայնքապետ ընտրվեց Վահագն Ալավերդյանը:

Մենք Ազատամուտում բնակիչներից հետաքրքրվեցինք՝ հիմա համայնքում փոփոխություններ կա՞ն, ինքնիրավչություններ չե՞ն արվում, նրանցից մեկը՝ Ժենյա Բաղյանը պատասխանեց. «Իհարկե, կան, շենքերը վերանորոգել է, խոստացել է, որ մեր տանիքը կսարքի: Իսկ նախկինը, ոնց որ Մանվել Գրիգորյանը, թալանեց ուտելիքով, հագուստով»:

Aravot.am-ը նոր ընտրված համայնքապետին հարցրեց՝ դուք արդեն ներքին խոհանոցին ծանոթ եք, տեղյակ եք, ի՞նչ կոռուպցիոն երեւույթներ եք նկատել, որ նախկին համայնքապետի ժամանակ եղել են: Նա պատասխանեց. «Ես դրա մասին ե՛ւ ցույցերի, ե՛ւ ավագանի եղած ժամանակ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, խոսացել եմ էն, ինչ նկատել եմ»: Հարցին՝ հաստատվե՞լ են ձեր ասածները՝ պատասխանեց. «Այս պահին այդ ամենը իրավական դաշտում է, ես դրա համար չեմ ուզում դրա մասին խոսել, ես քրգործի մանրամասներին տեղյակ չեմ, բայց կարծում եմ, անաչառ քննություն է տեղի ունենում եւ այդ ամեն ինչի գնահատականն առաջիկայում կտան»:

Մենք հետաքրքրվեցինք՝ այլ հարց է, երբ դուք որպես ակտիվիստ դա կողքից տեսել եք, ուրիշ հարց է, երբ ներսից արդեն հնարավորություն ունեք փաստաթղթերի մեջ խորանալու ու հասկանալու, թե որտեղ ինչ խախտումներ է թույլ տվել նախկին համայնքապետը, համոզվա՞ծ եք, որ իսկապես եղել են անօրինական գործարքներ, «ատկատ» այսպես ասած: Նա պատասխանեց, որ այդ ժամանակահատվածում բոլոր փաստաթղթերը Քննչական կոմիտեից առգրավվել են ու նա հնարավորություն էլ չի ունեցել այդ փաստաթղթերն ուսումնասիրելու:

Հարցին՝ ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ նախկին համայնքապետն իր մեքենան պայմանագրով ձեւակերպել էր ու համայնքի բյուջեից ամեն անգամ փոխանցումներ է արել, թեեւ ծառայողական մեքենա է հատկացված եղել, տեղյա՞կ եք դրա մասին, հիմա ի՞նչ վիճակ է այդ առումով՝ նա պատասխանեց. «Ծառայողական մեքենա չկա: Մենք բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ ունենք, ես այդ ուղղությամբ չեմ մտածում դեռ, չնայած դրա կարիքը նույնպես կա: Մինչեւ դրան հասնելը, համայնքում ավելի լուրջ խնդիրներ ունենք»:

Հարցրեցինք նաեւ՝ նախկին համայնքապետը ինչ-որ ցուցակ էր կազմել իր ազգականներից, բարեկամներից բաղկացած ու սոցիալական օգնություն տրամադրել բյուջեի հաշվին, եղել են կարիքավոր մարդիկ, որոնք այդ ցուցակից դուրս են մնացել, դրա մասին ի՞նչ տեղեկություններ ունեք՝ Ալավերդյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ բնակչությունն իր գնահատականը տվել է նախկին ղեկավարին: Եթե նախկին ղեկավարը արդարացի ու ճիշտ որոշումեր կայացներ, ցույցերի ժամանակ գոնե մեկ հոգի կլիներ, որ իրեն պաշտպանեին, ասեին, որ ինքը լավ ղեկավար է»:

Ըստ Ալավերդյանի, Ժորա Մարտիրոսյանն իրավիճակին ոչ միայն չէր տիրապետում, այլեւ իրականությունից կտրված էր, չէր պատկերացնում, թե իր շուրջն ինչ է կատարվում:

Քննչական կոմիտեից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ Ժորա Մարտիրոսյանի նկատմամբ միայն ինքնիրավչության հոդվածով չի մեղադրանք առաջադրվել, այլ նաեւ յուրացման: Ավելին՝ այս պահին 12 քրեական գործ կա իր նկատմամբ, միացվել են, դարձել է մեկ գործ, ընթանում է նախաքննություն, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031