Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրել եմ թեկնածությունս՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար:
Աշխատանքի բերումով, ինչպես նաև քաղաքացիների հետ ամենօրյա, ամենժամյա շփման արդյունքում ավելի խորն եմ ընկալել ու ճանաչել մեր հարազատ քաղաքի և նրա մարդկանց հոգսերն ու խնդիրները։ Ավելին՝ այլևս հստակ տեսնում եմ դրանք լուծելու ուղիներն ու միջոցները։ Ահա թե ինչու ընդունել եմ այս որոշումը՝ ընտրողների դատին ներկայացնել իմ թեկնածությունը Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար։
Հավատացնում եմ, ես հեշտ չեմ հանգել այս վճռին։ Ես վստահաբար հավատում եմ իմ ուժերին, գիտելիքներին, փորձառությանը, քաղաքային տնտեսությունը քո, իմ, մեր բոլորի ուզածի պես կառավարելու, զարգացնելու, մայրաքաղաքի մեծ ու փոքր խնդիրները լուծելու կարողությանս՝ քեզ հետ, ձեր բոլորի հետ թև-թիկունք դարձած, ձեռք-ձեռքի տված, միասնաբար՝ մեկ ընտանիքի պես։ Մեր քաղաքը մեր տունն է, մեր ընտանիքը, ու անձնական օրինակով, փոխվստահությամբ, համատեղ գաղափարներով և ջանքերով միասին կարող ենք էլ ավելի շենացնել մեր մայրաքաղաքը հիմա և հետո:
Ունենք մշակված ծրագիր` մեր ինքնատիպ, բոլորի կողմից սիրված քաղաքը բարեկարգելու, ծաղկեցնելու և մեր քաղաքացիների կյանքը բարեկեցիկ դարձնելու համար:
Կարդացեք նաև
Սիրելի բարեկամ, ես հավատում եմ ճիշտ կողմնորոշվելու քո ունակությանը։ Ես վստահ եմ, որ ինչպես անցած բոլոր տարիներին և օրերին, սեպտեմբերի 8-ին նույնպես մենք միասին կլինենք և հանուն մեր սիրելի Ստեփանակերտի լուսավոր ապագայի դու կկատարես քաղաքապետի քո գիտակցված ընտրությունը՝ հաստատապես համոզված, որ
ՍԱ ՔՈ՛ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ է։
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ
«ՔՈՆՍԱԼԹ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Արցախի Քիք-Բոքսինգի ֆեդերացիայի նախագահ