Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզբեկները գալիս են Տավուշ՝ բանվոր աշխատելու. Մարզպետը բարկացած է՝ լիքը աշխատանք կա՝ աշխատող չեն ճարում

Օգոստոս 15,2019 17:49

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում 900 շենքից 300-ը դատարկ է: Սեփականատերերը արտագաղթել են, շատ դեպքերում էլ նպատակ չունեն հետ գալու, իսկ տներն այդպես մնացել են «վաճառվում է» ցուցանակներով: Համայնքի հիմնական խնդիրը գործազրկությունն է:

Ազատամուտցի Սուսաննա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մի երկու տարուց հետո Ազատամուտի տները լրիվ դատարկ են մնալու, ո՞ր մեկն իր երեխեքին սոված կբրախի, գոնե կգնա մի երկիր, որտեղ օրվա հացն է իր երեխեն ուտում»:

Հարցին՝ որեւէ հեռանկար չե՞ք տեսնում Ազատամուտ համայնքում՝ բնակիչներից Լուսինե Սարուխանյանը պատասխանեց. «Եթե մի գործ լինի, աշխատատեղ լինի, մենք 40-50 տարի է՝ աստի ապրում ենք, մեր կյանքի շատ մասն այստեղ է անցկացվել, ուղղակի որ մի գործ լինի, մեր ջահելներն աշխատեն, մենք էլ ապրենք: Մի գործարան, մի բան լինի, լրիվ ջահել հարսնիք են: Որպես բնակավայր, տեղանք մենք գոհ ենք, էն տարիներին ամենաընտիր տեղն էր՝ մաքուր, սիրուն: Մենք չենք ուզում ոչ մի տեղ գնանք: Մենք գիտենք, որ էստեղ մեր երեխեն ապահով է ուրիշ երկրում չես կարող երեխուդ անգամ շենքի դռանը բրախես խաղալու: Մեր կյանքը մենակ էստեղ ենք պատկերացնում, բայց խղճում ենք մեր ջահելներին»:

Սուսաննա Պետրոսյանը դժգոհեց՝ «Ես 67 տարեկան կին եմ, գնում եմ անտառ, որ 2 կիլո հոն քաղեմ բերեմ, ծախեմ, ինչ-որ բանով իմ ընտանիքին օգնեմ: Իմ հարսը չի կարա գնա, ջահելները սաղ հիվանդ են: Էսօր հաց կա, վաղը ձեթը չկա, պարտքով առեւտուր անելով՝ ապրում ենք: Հիմա Ազատամուտում սկի ջահելի համար գործ չկա, ուր մնաց մեզ լինի: Որ մի տեղ լինի, մեր ջահելը աշխատի, մենք էլ նրանցով կապրենք»:

Ժենյա Բաղյանն էլ հավելեց. «Մեկը ես 33 հազար դրամ թոշակ եմ ստանում, 11-ը տալիս եմ դեղատանը, դեղորայք եմ առնում, մնացածը տալիս եմ խանութին, ուտելու բան եմ առնում, տակը ոչ թե բան չի մնում, նույնիսկ մի լումա չի մնում: Մի անտառից էինք օգտվում, էդ էլ վրեքներս կտրեցին»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո փոփոխություն չկա՞՝ Լուսինե Սարուխանյանը պատասխանեց. «Մի տարվա մեջ ի՞նչ պիտի լինի: Որ 30 տարի ապրել ենք, ոչ մի բան, ոչ մի արդյունք չենք տեսել, հիմա թոշակները գոնե բարձրացավ: Ես 18 հազար դրամ էի ստանում, հիմա ստանում եմ 25 հազար 500 դրամ: 2000 դրամն էլ որ ավելացնում է ինքը, դա ինձ համար մեծ բան է, մեծ փոփոխություն է: Ես կարում եմ հիմա իմ կոմունալ վարձերը տամ, մնացածով էլ դեղերս առնեմ, ինսուլին եմ ստանում, շաքարով հիվանդ եմ, երկրորդ կարգի հաշմանդամ: Ես աշխատանքի ի վիճակի էլ չեմ: Փաշինյանը դատարկ բյուջեի մեջ ի՞նչ տի աներ: Ինչ էլ արել է՝ էլի մալադեց իրան: Մենք ուղղակի իրեն խնդրում ենք ուղղակի՝ մեր ջահելներին մի գործով ապահովի»:

Թե կոնկրետ ինչպիսի՞ աշխատատեղերի կարիք կա՝ ազատամուտցիներն ասացին՝ համայնքում մենակ մի քանի խանութ կա, որտեղ գործ կա, մի քանի խանութում ո՞ր մեկն աշխատի. «Մի նորմալ խանութ չսարքեցին, գործարան, կարի, դերձակի տեղ»:

Նախկինում, երբ «Բենտոնիտ» գործարանը ողջ ներուժով գործում էր, համայնքում աշխատատեղի կարիք էլ չկար, հիմա զբաղվածություն չունենալով՝ մարդիկ թողնում, գնում են: Հիմա ընդամենը 30-40 հոգի է «Բենտոնիտ» գործարանում աշխատում: Բնակիչներ կան, որոնք անասնապահությամբ զբաղվում են, նրանք քիչ են: Այս պահին 220 խոշոր եղջերավոր կենդանիներ են գրանցված ողջ համայնքում:

Համայնքապետի՝ Վահագն Ալավերդյանի դիտարկմամբ՝ «Քանի որ համայնքը պայմաններ չունի, հարեւան համայնքների հողային տարածքներում են վարձակալել: Մեզ համար լրացուցիչ խնդիրներ են, որ անգամ նրանք, ովքեր ուզում են այգեգործությամբ կամ ֆերմերային տնտեսությամբ զբաղվել, համայնքում իրենց համար պայմաններ չկան»:

Խոշոր ներդրողներին Ազատամուտը չի գրավում, սահմանին շատ մոտ է, ռիսկային է: Սահմանից հեռավորությունը 2 կմ է: Գյուղապետն ասաց, որ Ազատամուտում արտադրություն կարող են կազմակերպել: Շրջափակման արդյունքում այս համայնքի արտադրությունները փակվել են. «Պատկերացրեք, համայնքին կից 1500 աշխատատեղ կար, հիմա չկա»:

Վահագն Ալավերդյանը երկու ամիս է, ինչ Ազատամուտ համայնքի ղեկավարն է, մինչ այդ 6 ամիս ժամանակավոր պաշտոնակատար է եղել: Նա ցույցերի միջոցով է եկել պաշտոնի, մինչ այդ ավագանու անդամ է եղել: Ալավերդյանի խոսքով՝ «Բազմաթիվ անգամ առարկայական, համայնքի խնդիրները լուծող առաջարկներ ենք արել, համայնքի ղեկավարը չէր ուզում լսել: Օրինակ, անվճար ուսանողական տրանսպորտը, մենք անգամ լուծումներ էինք առաջարկում, թե տրանսպորտը որտեղից պիտի լինի, վարորդի աշխատավարձը՝ որտեղից , վառելիքը որտեղից պիտի լինի: Այդ ամեն ինչը ներկայացնում էինք, ասում էինք, թե որտեղից ինչ խնայողություններ կարող էր անել: Հիմա մենք այդ խնայողությունների հաշվին է, որ բազմաթիվ աշխատանքներ ենք կարողանում կատարել: Այս կարճ ժամանակահատվածում, օրինակ, մանկական խաղահրապարակ ենք հիմնել, մանկապարտեզը 4 տարի էր՝ չէր աշխատում, բացվել է, մշակույթի պալատի տանիքը կաթում էր, 1.3 մլն-ի ներդրում ենք արել, էդ խնդիրը լուծել ենք, երաժշտական դպրոցն ենք վերանորոգել: Գումարները վերցրել ենք տարբեր աղբյուրներից՝ հովանավորներ, անհատներ, ՀԿ-ներ, համայնքի բյուջե, համայնքի բնակիչների ռեսուրս: Հիմնականում աշխատուժին գումար չենք տալիս, համայնքի բնակիչների եւ համայնքապետարանի աշխատակազմի միջոցով է արվում: Այս պահին արդեն պայմանագիրը կապել ենք, 7 օրից կսկսենք 2 բազմաբնակարան շենքի տանիք վերանորոգել, որն ընդհանուր 15 մլն դրամ է: Նախկին համայնքապետարանի շենքը սեփականաշնորհվել էր 90-ականներին, հետ ենք գնել 12 մլն դրամով, վերանորոգումը կսկսենք, գրադարան ենք վերանորոգել: Պայմանագիր ենք կնքել, առաջիկայում մինի ֆուտբոլի դաշտ կհիմնենք՝ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներով: Այսինքն, մենք հնարավոր եւ անհնարին բոլոր աղբյուրներին դիմում ենք, որ մեզ աջակցեն: Աշխատանքը տեսնելով՝ վստահության արդյունքում բոլորը պատրաստ են»:

Համայնքապետն ասաց, որ մտադիր են համայնքում փակ շուկա ստեղծել ու համայնքի բնակիչներին վարձակալությամբ տրամադրել, ինչը կավելացնի համայնքի բյուջեն մոտ 4 մլն դրամով:

Ազատամուտի համայնքապետն ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակ համայնքում ներդրումների ծավալը 100 մլն դրամն անցնում է: Եթե այսպես հաջողվի ամեն տարի բյուջեն 20 տոկոս ավելացնել, համայնքը զարգացման կգնա. «Ազատամուտում չկա մսի խանութ, չկա դեղատուն, չկա նորմալ ծաղկի խանութ, չկա գրենական պիտույքների խանութ: Ազատամուտցին իր գումարը ծախսում է այլ համայնքներում: Ես մտածում եմ, որ այստեղ կարող ենք պայմաններ ստեղծել եւ դրա արդյունքում սպասարկման ոլորտում ե՛ւ աշխատատեղ կստեղծվի, ե՛ւ արդյունավետ սպասարկում: Հետո կմտածենք, թե ինչ կարող ենք արտադրել, որը ճիշտ բրենդինգի արդյունքում կարող ենք շուկա հանել»:

Հարցին՝ Ազատամուտում իսկապե՞ս աշխատանք չկա, թե՞ չե՞ն ուզում աշխատել՝ համայնքապետը պատասխանեց. «Ազատամուտի բնակիչները գիտակցում են, որ, օրինակ, փայտածուխի ծուխը վնասում է իր ընտանիքին, բայց ինքը այլ եկամտի միջոց չուներ, աղբյուր չուներ, գնում էր աշխատում էր: Մենք պիտի ուսումնասիրենք, թե այդ մարդիկ էլ ինչո՞վ կարող են զբաղվել՝ որպես հիմնական զբաղմունք, ոչ թե կարճաժամկետ»:

Չնայած բնակիչների դժգոհություններին՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրիվ այլ կարծիքի է՝ մարզում աշխատանքը «թափած» է, աշխատող չկա:

Նա վստահեցրեց, որ մարդիկ աշխատանքից հրաժարվում են, որ չզրկվեն ընտանեկան նպաստից, այսինքն, նախընտրում են նպաստ ստանալ, բայց չաշխատել. «Մարդիկ սովոր չեն աշխատել: Ձեզ համար կարող է տարօրինակ թվալ, որովհետեւ դուք աշխատանքի պրոցեսի մեջ եք, առավոտից իրիկուն, արտաժամյա եք նույնիսկ աշխատում, արդյունք եք տալիս, այդ արդյունքի հիման վրա ձեր գործատուն կարող է ձեզ պարգեւատրում տալ, դուք հարմարվել եք, գիտեք ինչ է նշանակում աշխատել: Հազարավոր մարդիկ կան, որ չգիտեն ինչ է դա: Իրենք ամբողջ կյանքում աշխատել են այն ժամանակ, այդ թվում՝ անօրինական աշխատանքները, երբ դրանք անռեժիմ են եղել: Մարդիկ սովոր չեն ամեն օր ժամը 8-ին գնալու, երեկոյան 6-ին գալու եւ 7-8 հազար դրամ ստանալու: Պետք է մարդկանց հասկացնենք, որ հանրային պատասխանատվության խնդիր կա, խնդիրը միայն քո ընտանիքը հացով ապահովելը չի, խնդիրը նաեւ քո ընտանիքի ապագան ապահովելն է նաեւ, որովհետեւ այսօրվա հացով ոչինչ չի որոշվում, դա սպառողական մոտեցում է: 300 հազար աշխատողը 600 հազար թոշակառու է պահում: Վերջապես նաեւ հարգանք պիտի լինի, ինչի՞ պիտի մենք մեր աշխատանքով մի հատված իրենց տանք ու մեկը իրեն արտոնյալ զգա ու չտա: Դա արտոնություն է, որ մարդուն տրվում է ՝ հարկ չվճարելով՝ օգտվի բոլոր այն իրավունքներից էս պետությունում, ինչպես օգտվում ենք մենք ու մեր երեխաները: Արդարությունը սրա՛ մասին է»:

Մարզպետն ասաց, որ շուտով բրիկետների արտադրություն են ձեռնարկելու ու գյուղերում բրիկետների վառարաններ են ստեղծելու:

Ինչ վերաբերում է կոնկրետ Ազատամուտ համայնքին, մարզպետն ասաց, որ արդեն մի գործարարի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, կարի արտադրություն են այնտեղ հիմնելու. «Գուցե ցածրարժեք աշխատատեղեր են, բայց մեծ քանակի աշխատողներով են ապահովելու: Ենթադրվում է, որ առաջին փուլում մինչեւ 100-150 հոգի աշխատանքով կապահովվի: Արդեն քոլեջներում թեթեւ արդյունաբերության մասնագիտություններ ենք դնում, որ երեխաները ավարտեն ու գնան արտադրական ձեռնարկություններում աշխատելու: Թեթեւ արդյունաբերությունը երբ զարգանա, մենք առավելություն ունենք, դա Եվրասիական շուկային մոտիկ լինելն է, բացի այդ, Գյումրիում մանրաթելերի գործարան է բացվել, հնարավոր է տեղական հումքն օգտագործել այդ գործարանում, ոչ թե ներկրել»:

Հայկ Չոբանյանը դժգոհեց. «Այսօր մարզում հարյուրավոր մարդիկ ներգրաված են ճանապարհաշինական աշխատանքներում եւ նրանց ընդամենը 15 տոկոսն է տեղացի: Անցած օրը Նոյեմբերյանի հատվածում գործատուն ասում էր՝ 7000-10 000 դրամով ինքը աշխատանք է առաջարկում, մարդիկ չեն գալիս: Եթե գալիս են, մեկ-երկու օր մնում, գնում են: Մենք այսօր ունենք մեծաքանակ պայմանագրային զինծառայողների կարիք: 300 կմ սահման ունեք թշնամու հետ եւ սա մեր երկրի ռազմավարական խնդիրն է, իսկ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրանում են, նաեւ կառավարությունը սկսել է նրանց համար հիփոթեքային ծրագիր իրականացնել: Այսինքն, մենք ունենք աշխատատեղեր ու ունենք մեծաքանակ աշխատողների կարիք: Մենք արդեն մի քանի շինարարական կազմակերպությունների հետ ենք խոսել, որտեղ բանվորները տարածքից չեն, արտերկրից են բերել՝ Ուզբեկստանից: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ էնտեղից գալիս են էստեղ: Մարդիկ պիտի մտնեն, սկսեն աշխատել, ոչ մեկը չի կարող իրենց միանգամից օրը 20 հազար դրամով աշխատանք առաջարկել, եթե չի տեսել, թե այդ մարդն ինչ արդյունք կարող է տալ: Ես մեր գործարարներից մեկի հետ էի խոսում, ասում էր՝ անցած տարվանից մինչեւ հիմա իր աշխատողների աշխատավարձը կրկնակիի ավելի բարձրացրել է: Վերամշակման ձեռնարկություն է: Մարդ կա՝ օրական 20-25 հազար դրամ վարձատրվում է, այսինքն, աշխատանք շատ կա: Էդ նույն գործարարն ասում է, որ իր ապրանքի 70 տոկոսը բերում է ուրիշ տարածաշրջանից՝ հենց աշխատող չունենալու պատճառով: Դա թեյերի արտադրություն է, իսկ այդ բույսերը մեր սարերում լիքն են: Մեզ պետք են մարդիկ, որոնք կսովորեն աշխատել, կմասնագիտանան ու դրա արդյունքում նոր ձեռնարկություններ կստեղծվեն: Ասել, որ ուղղակի աշխատանք չկա՝ այդպես չի: Մարդիկ կան, որ վերադարձել են գյուղ, իրենց հայրական տները բացել են, անցած օրը խոսում էին, որ գյուղում չեն կարողանում 5-10 հազար դրամով մարդ գտնել, ով կարող է իրենց հողը մշակել, մաքրել, խոտը հնձել: Իրականում մենք ունենք աշխատաշուկայի կազմակերպման խնդիր: Կարծես ունենք ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք զբաղվում են դրանով, բայց հավաստիացնում եմ՝ իրենք ռացիոնալ չեն աշխատում, այլապես այս խնդիրը պետք է չունենայինք: 21-րդ դարն է: Եթե մարդը աշխատող է փնտրում ու չի գտնում, նշանակում է՝ մենք զբաղվածության ծառայությունների բորսա չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031