Չնայած արձակուրդին՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հինգշաբթի այցելեց «Արմավիր» ՔԿՀ։ Այս մասին մեզ հեռախոսազանգով տեղեկացրեց ՔԿՀ-ի դատապարտյալ Մուշեղ Պողոսյանը։ «Անկեղծ՝ չէի հավատում, որ տիկին Զոհրաբյանը իր հագեցած ժամանակից մի քանի րոպե կհատկացներ ինձ։ Շնորհակալ եմ։ Նրա շնորհիվ ու ջանքերով ինձ պետպատվերի շրջանակում հետազոտեցին գենետիկայի կենտրոնում, նշանակեցին բուժում։ Հիմա ինքնազգացողությունս լավ է»,-ասաց Մուշեղ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաեւ գենետիկայի կենտրոնի տնօրեն Թամարա Ֆադեեւնային։
Նաիրա Զոհրաբյանը նախ զարմացավ, որ շատ կարճ ժամանակում իմացանք նրա այցելության մասին։ «Չնայած քիչ ժամանակ ունեի, բայց հասցրի հանդիպել ինձ դիմած շատ կալանավորների։ Ցմահ դատապարտյալների հետ հանդիպեցի։ Մի խոսքով՝ խնդիրները նույնն են՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի պարզեցում, նախաքննական մարմիններում առկա գործեր եւ այլն։ Մեր հանձնաժողովը կփորձի առաջիկայում հարցապնդումներով դիմել պատկան մարմիններին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ