Ադրբեջանը պաշտոնական բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված Պյատիգորսկ քաղաքում կազմակերպված «Մաշուկ» երիտասարդական ֆորումի ժամանակ Հայաստանի դեսպանի «անթույլատրելի» արտահայտությունների հետ:
Նշվում է, որ միջոցառման ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, բեմից խոսել է Լեռնային Ղարաբաղի՝ որպես մաքուր հայկական հողի մասին, ինչը դուր չի եկել ադրբեջանցիներին:
«Հայաստանի դեսպանն անթույլատրելի արտահայտություններ է արել Ադրբեջանի ինքնիշխանւթյան և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչն առաջ է բերել տվյալ ֆորումին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի արդարացի բողոքը, արդյունքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ»,- ասվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Այդ կապակցությամբ Ռուստամովը նամակով դիմել է դեսպանատուն և մանրամասն նկարագրել կատարվածը:
Կարդացեք նաև
«Հաշվի առնելով հարցի լրջությունը և արձագանքը, որին այն հանգեցրել է ադրբեջանական հասարակության մեջ, դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպը նաև պատճառ է հանդիսացել, որպեսի Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղուն հրաժարվի ծրագրված այցից Պյատիգորսկ, որտեղ նա պետք է մասնակցեր ֆորումին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հ. Գ. Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ԶԼՄ-ներին այս առնչությամբ մասնավորապես ասել է. «Ճամբարում դեսպան Տողանյանի գտնվելու ժամանակ որեւէ իրադարձություն չի եղել, ինչի մասին հայտնում է ադրբեջանական կողմը, եւ որը կարող էր դառնալ ՌԴ ԱԳՆ Ադրբեջանի դեսպանատան դիմելու պատճառ»: