Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյան. «Նախկինում շատ քաղաքացիներ նույնիսկ չէին դիմում սարքերի համար, քանի որ դրանք տրամադրվում էին միանման և իրենց կարիքին ոչ համապատասխան»

Օգոստոս 15,2019 15:45

Կհստակեցվեն կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ՝ կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը ապահովելու նպատակով: Որոշումներով նախատեսվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու բովանդակությունը: Մասնավորապես, առաջարկվում է կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել Քրեակատարողական բժշկության կենտրոնում, դյուրացնել և ավելի հասանելի դարձնել կալանավորված անձանց, դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեգրումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն կազմակերպելով բացառապես բժիշկների կողմից տրված ուղեգրերի վրա: Կստեղծվեն նաև անհրաժեշտ նախադրյալներ կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության հետևանքով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրելու գործընթացն առավել թափանցիկ և գործուն դարձնելու համար:

Կապահովվի հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող միջոցների տրամադրումը

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնմանն  աջակցող միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ պետբյուջեի միջոցներով «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաներով ապահովում և դրանց վերանորոգում»  և «Լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ ձեռքբերելու համար հավաստագրերի տրամադրում»  միջոցառումների շրջանակում շահառուներին,  պետական հավաստագրերի հիման վրա, տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ` որակավորված և նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից: Պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրումը հնարավորություն է ընձեռում անձին ընտրություն կատարել և ձեռք բերել իր կարիքին առավելագույնս հարմար աջակցող միջոցներ: Շահառուների դիմելիության ծավալի ավելացման արդյունքում որոշ աջակցող միջոցների`2019 թ. տարեկան բյուջեով նախատեսված քանակն սպառվել է:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ անհրաժեշտություն է առաջացել պետբյուջեի վերաբաշխման միջոցով ավելացնել տրամադրվող որոշ աջակցող միջոցների քանակը՝ հատկացնելով  հավելյալ 71 մլն 328 հազար դրամ՝ 1253 սարքի համար: «Բոլոր սարքերի տրամադրումը հավաստագրերի հիման վրա սկսվել է 2019 թ. հունվարից: Սա նոր մեթոդ է: Նախկինում շատ քաղաքացիներ նույնիսկ չէին դիմում սարքերի համար, քանի որ դրանք տրամադրվում էին միանման և իրենց կարիքին ոչ համապատասխան»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ համապատասխան կարգում անցյալ տարի իրականացված փոփոխությունը մեծացրել է քաղաքացիների հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ, քանի որ այն հնարավորություն է տալիս շահառուներին հավաստագրի միջոցով շուկայից ձեռք բերել  իրենց կարիքներին համապատասխան սարքեր: «Դա նշանակում է, որ այս գործիքն արդեն կոնկրետ մարդկանց կարիքներին համապատասխան սկսում է  գործել», – հավելել է կառավարության ղեկավարը:

«Օրիոն գրուպ»-ը գործունեություն կծավալի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ կատարելով  200 000 ԱՄՆ դոլարի ներդրում

Գործադիրի որոշմամբ «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին տրվել է  «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն: «Օրիոն գրուպ»-ը նախատեսում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հնարավորություն կտա ընկերությանը՝ ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակում (2019-2023 թթ.) իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի շուրջ 200 000 ԱՄՆ դոլար: 5 տարվա  ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը,  օրինագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգը չի կարող կիրառվել ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագծի նկատմամբ: «Պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերի քննարկման ընթացքը սահմանող իրավական ակտերով սահմանված են այնպիսի ընթացակարգեր, որ օրենքի նախագիծը մինչև կառավարության նիստում քվեարկվելը բավական երկարատև գործընթաց է անցնում՝ քննարկվելով տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախարարական կոմիտեների նիստում: Միաժամանակ բավարար երաշխիքներ են սահմանված ներկայացված նախագծի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, կառավարության մեկ անդամի առարկության պայմաններում նախագիծը ենթակա է քննարկման», – նշել է նախարարը և հավելել, որ բոլոր նախագծերի համար պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը կարող է անհարկի ծանրաբեռնել կառավարության նիստը: Այսպիսով՝ կառավարությունը, ներկայացնելով մի շարք դիտարկումներ, գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ներման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել