Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում խոսել էր Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպական մակարդակի եւ Արցախի քաղաքների թիմերի մասնակցության մասին:
«Կազմակերպական առումով ամեն բան հիանալի է: Բոլոր մրցաձեւերի մրցումներն անցկացվում են այդ մարզաձեւերի միջազգային կանոնակարգերով սահմանված չափորոշիչներին համապատասխան մակարդակով: Ինչ վերաբերում է Արցախի թիմերի մասնակցությանը, գոհ եմ: Արդեն ավարտված մարզաձեւերից՝ սպորտային պարերում, լողում եւ շախմատում ունենք ոսկե մեդալ: Մյուս մարզաձեւերում երկրորդ եւ երրորդ տեղեր էլ կան, բայց դրանց այս պահին չեմ անդրադառնում:
Ինչ ակնկալիքներ կան առջեւում: Սեղանի թենիսից Ստեփանակերտի մեր տղաներն ու աղջիկները թիմային պայքարում մտել են եզրափակիչ: Ֆուտզալում մեր թիմն անցել է 1/8 եզրափակիչ: Հույս ունենք, որ կհասնենք մինչեւ եզրափակիչ: Բասկետբոլում թե տղամարդիկ, թե կանայք, վոլեյբոլում՝ տղամարդիկ, փլեյ-օֆֆում են: Վստահ եմ, որ մեդալների թիվը կավելացնենք»,- ասել էր Աշոտ Դանիելյանը:
Հ. Գ. Այսօր Ստեփանակերտի սեղանի թենիսի տղամարդիկ եւ կանայք նվաճեցին թիմային հաղթողի տիտղոսները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ