Այսօր կառավարության շենքի մոտ ընթացող Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ցույցի մասնակիցներից, բնապահպան Բաբկեն Հարությունյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին մեղադրեց Ամուլսարի հանքավայրի հարցում գործարքի մեջ գնալու մեջ:
Երեկ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության եզրակացությանն, ասաց. «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական հետապնդման հիմքեր չկան»:
Իվանյանը նաեւ հիմնվելով հանքի շահագործման ծրագրի փորձաքննության եզրակացության վրա, ասել էր. «Ծրագրի տարածքի եւ Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի: Ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաեւ իզոտոպային տվյալների համաձայն, Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել: Նույն կարծիքի համաձայն, Կեչուտի ջրամբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի: Նման պարագայում, երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ, իսկ հետո Սեւանա լճի ջրերի հետ, չի առաջացնի Սեւանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ չափելի փոփոխություններ»:
Այս հայտարարությունից հետո բնապահպանները որոշեցին բողոքի ցույց անել եւ ներկայացնել իրենց հակափաստարկները:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ շուտով
Բնապահպան Բաբկեն Հարությունյանն այսօր հայտարարեց՝ փորձաքննության եզրակացությունը կանխորոշված էր՝ երբ որոշվեց անցկացնել միջազգային մրցույթ, նախ՝ այն թափանցիկ չէր, անհասկանալի էր, թե ինչու ընտրվեց լիբանանյան ընկերությունը. «Այդպիսով արդեն պարզ էր՝ ինչ է կատարվելու: Կառավարությունը քաղաքական որոշում էր կայացրել թույլատրել հանքի շահագործումը: Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հայրը Լիբանանի վարչապետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում»:
Բնապահպանի պնդմամբ. «Քանի որ հանքարդյունաբերության ոլորտը Ավինյանի կուռացիայի տակ է, սա միանշանակ ուղղորդվել է Ավինյանի կողմից»:
Ըստ Հարությունյանի, այն տվյալները, որոնք տրամադրել է «Լիդիանը»՝ փորձաքննություն անցկացրած լիբանանյան Էլարդ (ELARD) ընկերությունը վերցրել է «Լիդիանի» տրամադրած տվյալները, մի քանիսն էլ՝ այլ կազմակերպություններից. «Բայց պետությունից 400 հազար դոլար եք ստացել, պետք է դուք ինքներդ էլ փորձաքննություն անեիք: Բնական է, որ «Լիդիանը» տվել է իրենց հաճելի տվյալներ: Սա հասկանում էր նաեւ կառավարությունը»:
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, երբ, հավանաբար աշխատանքի էր գնում, շենք մտնելիս՝ բնապահպանների խնդրանքով մոտեցավ նրանց, լսեց ցուցարարներին եւ խոստացավ նրանց ներկայացրած մտահոգությունները փոխանցել վարչապետի աշխատակազմին։
Ինչ վերաբերում է թե Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության եւ Սիսեռյանի հոր կապին, ապա վերջինս լրագրողների հետ զրույցում հերքեց. «Մի քանի ամիս առաջ ինձ բավական տարօրինակ մարդիկ զգուշացրել են, որ այսպիսի նյութ է շրջանառվում իմ եւ իմ հոր անվան հետ կապված։ Ես դա փոխանցել եմ անձամբ Տիգրան Ավինյանին, որ նման թեմա կա։ Նաեւ փոխանցվել է համապատասխան մարմիններին, որ նման նյութ կա։ Ես նաեւ պատրաստվում էի այն ժամանակ խոսել, ես պահելու բան չունեմ։ Այդ տեղեկությունը իրականության հետ աղերս չունի։ Ես հիմա մտածում եմ՝ արդյոք կարող եմ դատի տալ։ Իմ հայրը տարիներով Լիբանանի վարչապետի խորհրդականն է եղել, բայց այդ ընկերության հետ կապը անպատկերացնելի է։ Եթե լիբանանյան ընկերություն է, իմ հայրն էլ Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է, ուրեմն ի՞նչ, կապ կա՞»:
Բնապահպան ակտիվիստները դժգոհեցին, որ նման մանր խնդրով փորձ է արվում շեղել խնդիրը իրենց պահանջներից և հայտարարեցին, որ այդ մասին հայտարարած «Բաբկեն Հարությունյան անունով անձը Բնապահպանական ճակատի հետ որևէ կապ չունի»։
Իսկ ցույցի մասնակիցներից Աննա Շահնազարյանն էլ հայտարարեց. «Բնապահպանական ճակատի անունից Վարագ Սիսեռյանին վերաբերող հայտարարություն չի եղել, սա ուզում եմ հստակ լինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ