Aravot.am-ի տեղեկություններով՝ Ադրբեջանում հայտնված շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը զորամասում խնդիրներ է ունեցել սպայի հետ: Նա այս մասին պարբերաբար հայտնել է եղբորը, որը պայմանագրային զինծառայող էր ու գտնվում էր դիրքերում:
Արայիկ Ղազարյանի եղբայրը խոստացել էր, որ հենց իջնի դիրքերից, կայցելի եղբորը՝ խնդիրը հարթելու համար, սակայն չի հասցրել: Մեր այս տեղեկությունները հաստատեց նաեւ Եղեգիսի գյուղապետ Արթուր Ստեփանյանը:
«Խնդիրը սպաների հետ է եղել, իրեն տանջել են, նեղություն են տվել, ինքն էլ չի դիմացել, եղբոր հետ խոսել է, ասել՝ եկեք: Մայրն ինձ հիվանդանոցում ասաց, որ պայմանավորվել էին, որ մեքենայով գնայինք, այդ հարցով զբաղվեինք»:
Մեր նախնական տեղեկություններով՝ Արայիկ Ղազարյանի՝զորամասից հեռանալու գործով կան ձերբակալվածներ զինծառայողին զորամասը լքելու մեջ դրդելու կասկածանքով: Այս տեղեկությունը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, բայց եւ չհաստատեց: Նա չհերքեց եւ չհաստատեց նաեւ Արայիկ Ղազարյանի՝ զորամասում խնդիրներ ունենալու մասին մեր տեղեկությունը:
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեից խոստացան մեր տեղեկությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել շուտով:
Գյուղապետը մեզ նաեւ հայտնեց, որ Արայիկ Ղազարյանի եղբայրը ու հայրը դեռ Ստեփանակերտում են, հարցաքննվում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր. «12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել: Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019թ.-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում: Վերոգրյալի մասին Ա.Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ