Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Սեւանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի, եթե երկրաշարժ լինի. Քննչական կոմիտեի ղեկավար

Օգոստոս 15,2019 12:44

Կառավարության այսօրվա նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ հայտարարեց, որ Քրեական օրենսգրքի 282 հոդվածով ավելի քան մեկ տարի քննվող քրեական գործով հիմք չկա որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու։ Նրա խոսքով, իրենք այժմ աշխատում են որոշման վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Այսինքն՝ կարճվելո՞ւ է էդ գործը»:

Ի պատասխան, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Գործի քննության ուղղվածությունը դա է»:

Վարչապետն ասաց, որ արդեն պատրաստ է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը, եւ կառավարությունն այն կուսումնասիրի:

Հայկ Գրիգորյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները. «Ամենակարեւոր երեք կետերը եզրակացության վերլուծության թույլ են տալիս հանգելու, որ առաջինը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որեւէ կապ չկա։ Երկրորդը, Ամուլսարի ստորգետնյա ջրերի եւ Սեւանա լճի ավազանի հետ որեւէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սեւանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սեւանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի»:

Հայկ Գրիգորյանը նաեւ ասաց, որ ամենակարեւոր հանգամանքը Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի։

Ըստ նրա, «Լիդիան» ընկերության փորձագետները պատրաստ են 16 առաջարկվող մեղմման միջոցներից 15-ը կիրառել, դրանցից 10-ն արդեն կիրառվում է, մեկ մեղմման միջոցը դեռ քննարկման փուլում է, Համաշխարհային բանկից գումար ստանալու համար ընկերությունը պետք է իր գործունեությունը համապատասխանեցնի IFC ստանդարտին՝  հանքի շահագործումից հետո 100 տարի մեղմման միջոցներ կիրառի։ «Էլարդ» փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նեւադայի ստանդարտներով՝ մեղմման միջոցները կիրառել 500 տարի:

«Լիդիանը չի հրաժարվում 100 տարուց ավելի կիրառել մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»,- ասաց Քննչական կոմիտեի նախագահը։

Պարոն Փաշինյանը նշեց, որ կծանոթանան ամբողջական փաստաթղթին եւ դրա արդյունքում կգան եզրակացության:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031