Նիկոլ Փաշինյանը, ինչպես ԱՄՆ եւ այլ երկրներ կատարած նախորդ նմանատիպ այցերի ժամանակ, այս անգամ էլ թերեւս կբավարարվի սփյուռքյան կառույցների եւ հատկապես ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչների հետ հանդիպումներով, որոնք, ինչպես գիտենք, դաշնակցական են։ Հայաստանում ՀՅԴ ներկայացուցիչներն արդեն սկսել են երեսով տալ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմակիցներին, որ նրանք Հայաստանում հայհոյում են իրենց, քննադատում, թե «ՀՅԴ-ն նախկին «թալանչի» ռեժիմի մաս է կազմել» եւ այլն, իսկ դրսում գնում-օգտվում են Դաշնակցության հյուրընկալությունից, աջակցությունից։
Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այս դիտարկմանն ի պատասխան՝ նախ զարմացավ․ «Իսկ ե՞րբ եք էդպիսի խիստ քննադատություն տեսել։ Իշխանությունն ընդդիմությանը չի քննադատում, իշխանությունը գործ է անում»։ Նկատեցինք, որ Դաշնակցությանը քննադատում են ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես նախկին իշխանություն, որ «նախկին ռեժիմի մաս է կազմել», «թալանչիների հետ է համագործակցել»։ «Էդտեղ սուտը, որ չի համապատասխանում իրականությանը, ո՞րն է»,- նորից զարմացավ վարչապետի խոսնակը, որը, հիշեցնենք, ՀՅԴ-ի հավերժ թշնամի ՀԱԿ ներկայացուցիչ է։
– Իրականությանը համապատասխանում է, թե ոչ, դա այլ հարց է, խնդիրն այն է, որ դուք այստեղ քննադատում եք դաշնակցականներին, բայց գնում եք դուրս եւ հանդիպում հենց Դաշնակցության կառույցների հետ։
– Իսկ իրենք, ո՞նց եք մտածում, համագործակցե՞լ են ռեժիմի հետ։
Կարդացեք նաև
– Ես չեմ կարող հիմա գնահատական տալ, թե ով ում հետ է համագործակցել, ձեր թիմակիցներն են այդ գնահատականը տալիս, որ համագործակցել են, մաս են կազմել այդ ռեժիմին, դրա համար էլ քննադատում են նրանց, բայց միեւնույն ժամանակ դրսում օգտվում են այդ նույն ՀՅԴ կառույցների հյուրընկալությունից։
– Չեմ կարծում, որ խնդիրը կառույցների հյուրընկալությունից օգտվելն է, խնդիրն այն է, որ եթե այց կա որեւէ երկիր, իսկ վարչապետը շատ կարեւորում է համայնքային կառույցների հետ հանդիպումները, այդ շրջանակներում տեղի են ունենում հանդիպումներ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում